Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ-ն Մերձավոր Արևելքում  հաստատել է հումանիտար գործակցության լավ ավանդույթ. ԱԳ նախարար

ՀՀ-ն Մերձավոր Արևելքում հաստատել է հումանիտար գործակցության լավ ավանդույթ. ԱԳ նախարար

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ-Ախբար» թերթին, որում անդրադարձել է Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններին, ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում Հայաստանի կողմից Եգիպտոսի աջակցությանը, ղարաբաղյան հակամարտությանը և դրա վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը և Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններին։ Ներկայացնում ենք հարցազրույցի՝ ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տրամադրած թարգմանությունն ամբողջությամբ։ Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկան:   Պատասխան. Իրավամբ, վերընթաց զարգացող hայ-եգիպտական հարաբերությունները հիմնված է փոխադարձ հարգանքի և առանձնահատուկ բարեկամության վրա: Գիտեք, որ Եգիպտոսն արաբական պետություններից առաջինն էր, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և հյուրընկալել Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական ներկայացուցչությունը: Անկախությունից ի վեր՝ մեր եգիպտացի գործընկերների հետ կարողացել ենք կառուցել բազմաոլորտ համագործակցություն: Բավարար է միայն նշել, որ մեր երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող ավելի քան 50 համաձայնագիր: Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ հարթակ է՝ երկկողմ օրակարգին առնչվող խնդիրների քննարկման, ինչպես նաև  հարաբերությունների առաջիկա ամրապնդման ու ընդլայնման հեռանկարներն ուրվագծելու համար:                Վերջին շրջանում քաղաքական երկխոսության դինամիկան ոգևորիչ է: Միաժամանակ մեզ հաջողվել է ուրվագծել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարները ՏՏ, դեղագործության, ստեղծարար կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորնտերում: Մեր օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային գործընթացների և մարտահրավերների շուրջ քննարկումներն ու դիրքորոշումների համադրումը:               Մեր միջպետական համագորությունը հաջողված է, և միասնաբար կարողացել ենք արձանագրել կարևոր ձեռքբերումներ: Միևնույն ժամանակ մենք զգում ենք, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել մեր համագործակցությանը՝ միջազգային և տարածաշրջանային նոր իրողություններին համապատասխանեցնելու համար, հատկապես երբ մենք առերեսվում ենք տարածաշրջանային անվտանգության նմանատիպ, եթե ոչ նույնական մարտահրավերների: Այսօր մենք առավել քան երբևէ նկատում ենք, որ միմյանցից տարբերվող մեր տարածաշրջանների՝ Արևելյան Միջերկրականի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և նույնիսկ Հարավային Կովկասի անվտանգությունը փոխկապակցված է:               Հարց. Ինչպե՞ս կարող է Հայաստանն աջակցել Եգիպտոսին՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցում:    Պատասխան. Հայաստանը հայտնել է իր լիակատար աջակցությունը Եգիպտոսի ցանկությանը միանալու ԵԱՏՄ ազատ գոտուն: Եվ երեկ իմ լավ բարեկամ, ԵԱՀ արտգոծնախարար Սամեհ Շուքրի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ես վերահաստատեց այդ աջակցությունը:         2019թ.-ի հունիսին՝ բանակցությունների առաջին փուլի մեկնարկին, ՀՀ փոխվարջապետ Մհեր Գրիգորյանն արտահայտեց մեր վճռականությունն աջակցել և օժանդակել բարեկամ Եգիպտոսին ազատ առևտրի համաձայնագրին  միանալու հարցում: Հավատացած ենք, որ բոլոր կողմերը կշահեն վերոնշյալ առևտրային համաձայնագրի շրջանակներում ավելի խորը համագործակցությունից: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք համաձայնագիրը ստորագրելու բոլոր ընթացակարգերի արագ ավարտին հասցնելով:           Հարց: Ի՞նչ դեր ունեն եգիպտահայերը Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում: Պատասխան: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում բնակություն հաստատելով Եգիպտոսում՝ հայերն իրենց զգալի ներդրումն են ունեցել Եգիպտոսի զարգացման ու բարգավաճման գործում: Մեր պատմության ծանրագույն ժամանակահատվածում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական մի շարք այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափներից փրկված հազարավոր հայերի: Մենք երբեք չենք մոռանա այն հյուրընկալությունը, որին Եգիպտոսում արժանացան ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցները:  Այսօր այդ հայերի սերունդները շարունակում են ապրել և կերտել Եգիպտոսում, նրանք մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների կայացման և զարգացման գործում, և մենք հպարտ ենք այդ ներդրումով: Լինելով Եգիպտոսի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միաժամանակ օժտված են բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Մենք, անշուշտ, խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանը և ժողովրդին այդ ջանքերի և մեր ժողովրդի պաշտպանության համար:  Շուրջ տասը հազարանոց եգիպտահայ համայնքը կարևոր կամուրջ է երկու բարեկամ երկրների միջև: Հայ համայնքի ներկայությունը պարարտ հող հանդիսացավ երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար: Հարց: Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների պատճառները:  Պատասխան. Կան բազմաթիվ պատճառներ, սակայն առանցքայինն այն է, որ սա Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու նոր փորձ էր: Այս առումով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները, որոնք ներկայումս չեն համապատասխանում իր հայտնի նպատակներին: Սա ադրբեջանական կողմի փորձն էր` ռազմական առավելություն դրսևորելու Հայաստանի և Արցախի նկատմամբ, որը, ակնհայտորեն, ձախողվեց: Հուլիսյան մարտերը ի ցուց դրեցին Հայաստանի կարողությունները՝ պաշտպանելու իրեն, իր բնակչությունն ու սահմանները: Ավելին, հուլիսյան մարտերը վառ կերպով ցույց տվեցին, որ հակամարտութունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Հարց: Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության բորբոքման հարցում: Պատասխան. Մենք ականատես ենք եղել Թուրքիայի ապակայունացնող դերին ոչ միայն մեր, այլև իր բոլոր հարևան տարածաշրջաններում: Ուժի, ներթափանցման և միջամտության դրսևորմները Հարավային Կովկասի տարածաշրջանում չեն նպաստում ինչպես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այնպես էլ՝ տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը: Հուլիյան մարտերի ընթացքում Թուրքիան միակ երկիրն էր, որը միակողմանի աջակցում և քաջալերում էր Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այդ աջակցությունը ուղեկցվում էր Հայաստանի և հայ ժողովուրդի հանդեպ ագրեսիվ կեցվածքով. Նախ, Թուրքիան հրապարակավ խրախուսում է Ադրբեջանին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ բացահայտորեն հայտնելով իր աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական առումով:  Երկրորդ, Թուրքիան Հայաստանի դեմ ռազմատենչ կեցվածք դրսևորեց` նախաձեռնելով լայնամասշտաբ զորավարժություններ Հայաստանի և Արցախի անմիջական հարևանությամբ, որոնք ուղեկցվեցին չափազանց սադրիչ գործողություններով: Երրորդ, մենք ականատես ենք լինում Ադրբեջանում թուրքական ռազմական շարունակական կուտակման, ինչն ամրապնդում և ընդլայնում է Թուրքիայի հետագա ներկայությունը:  Չորրորդ, տեղեկություններ են շրջանառվում Սիրիայում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման մասին՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով: Մենք քաջատեղյակ ենք այլ տարածաշրջաններում Թուրքիայի նմանօրինակ գործելաոճի հետևանքներից, որոնք մեծ տառապանք պատճառեցին տվյալ տարածաշրջաններում ապրող ժողովուրդներին: Ուստի, մենք պետք է շատ զգոն լինենք՝ պահպանելու և ամրապնդելու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտագությունը: Հարց. Ի՞նչպես եք դիտարկում Թուրքիայի հայտարարությունները ԱՄՆ Կոնգրեսի, Ֆրանսիայի Սենատի և այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:  Պատասխան. Միակ փաստը, որը մենք դիտարկում ենք և որը պետք է դիտարկվի, այն է, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ձախողվել է: Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը նշանավորվել է թե՛ իր շարունակականությամբ, և թե՛ հարցի ընկալման փոփոխությամբ: Ճշմարտության, պատմական արդարության և մարդու իրավունքների համար մղվող այս պայքարը շարունակվում է մի քանի տասնամյակ և ծավալվել է բոլոր մայրցամաքներում։ Ավելին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կա նոր կարևոր հարթություն, այն է՝ Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջանների և ժողովուրդների անվտանգությանը սպառնացող քաղաքականությունը: Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի պատմությունը կրկնվի, և մենք պետք է ոչ միայն ընդունենք անցյալը, այլև կանխենք նոր ոճրագործությունների փորձերն այսօր և ապագայում: Ցեղասպանությունն արդարացնող և ինքնությամբ պայմանավորված բռնություններ իրագործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերող պետությունը և դրա ղեկավարությունը սպառնալիք են, և պետք է հստակ մատնանշվեն որպես այդպիսին: Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն մեղադրանքները, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին: Պատասխան. Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մեր հարաբերությունները զարգանում են դաշնակցային հարաբերություններին հատուկ տրամաբանությամբ: Ռուսաստանը նաև Ադրբեջանի ռազմական տեխնիկայի և սպառազինության հիմնական մատակարարն է, ուստի այդ մեղադրանքներն արդարացված և անկեղծ չեն:  Հարց. Սա Ձեր առաջին այցն է Մերձավոր Արևելք։ Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները տարածաշրջանում։ Պատասխան. Տարիների շարունակ Հայաստանը տարածաշրջանի շատ երկրների հետ զարգացրել է փայլուն հարաբերություններ, որոնց հետ շղթայված է պատմամշակութային ամուր կապերով, ներառյալ՝ տարածաշրջանում հայ համայնքների ներկայությամբ։ Տնտեսական, կրթական և մշակութային համագործակցությունը շարունակում է մնալ մեր ժողովրդներին միավորող այն հարթակը, որը կարևոր է արժեքների փոխանակման և գիտելիքի գեներացման ու հարստացման տեսանկյունից։ Այս տարիների ընթացքում Հայաստանը տարածաշրջանում հաստատել է հումանիտար համագործակցության լավ ավանդույթ: Անվտանգ միջավայր կառուցելու մեր պատրաստակամության վառ արտահայտությունն է մեր կողմից տարածաշրջանում խաղաղապահ և մարդասիրական առաքելությունների իրականացումը: Ի վերջո, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև անվտանգությունը փոխկապակցված է: Հետևաբար, այս ոլորտում մեզ անհրաժեշտ է կառուցել ավելի ամուր համագործակցություն, այդ թվում՝ անդրազգային սպառնալիքներին հակազդելու նպատակով:
21:50 - 18 սեպտեմբերի, 2020
Ականատես ենք Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի․ մենք չենք կարող անտարբեր լինել  ապակայունացման այս քաղաքականության նկատմամբ․ Զ․ Մնացականյան |tert.am|

Ականատես ենք Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի․ մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման այս քաղաքականության նկատմամբ․ Զ․ Մնացականյան |tert.am|

tert.am: Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Այս մասին եգիպտական Nile TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացում, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ»,- ասել է  նա: Ավելին՝ tert.am-ում
09:17 - 17 սեպտեմբերի, 2020
Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ․ Միքայել Զոլյան |lragir.am|

Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ․ Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։ Պարոն Զոլյան, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսում հայտարարել է, որ տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են։ Որքանով է ստուգված այս տեղեկատվությունը, և ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։ Պարոն Մնացականյանն, ըստ էության, նոր բան չի ասել, այդ տեղեկությունները վերջին ամիսներին հայտնվել են մի շարք ԶԼՄ-երում: Մենք գիտենք, որ Թուրքիան լայնորեն օգտագործում է նման զինյալների խմբերն իր նպատակներին հասնելու համար, օրինակ, Սիրիայում և այլուր: Գիտենք նաև, որ Թուրքիան ակտիվ համագործակցել է և շարունակում է համագործակցել զանազան ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների հետ: Անգամ ամբողջ աշխարհի կողմից դատապարտված իսլամական պետության հետ Թուրքիայի իշխանության համագործակցության մասին տեղեկություններ են եղել: Վերջապես, հիշում ենք, որ դեռ 1990-ականներին ադրբեջանցիների կողմից հակամարտությանը մասնակցում էին աֆղանստանցի և չեչեն զինյալներ: Այս ամենը ստիպում է նման տեղեկություններին լուրջ վերաբերել: Մնացածն արդեն մեր երկրի անվտանգության կառույցների իրավասության ոլորտին է վերաբերում, և ես չէի ցանկանա մտնել այդ դաշտ: Հաշվի առնելով, որ Եգիպտոսը լարված հարաբերություն ունի Թուրքիայի հետ, Հայաստանն ի՞նչ կարող է ակնկալել։ Ես չեմ կարծում, որ մեր համագործակցությունը Եգիպտոսի հետ պայմանավորված է զուտ Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններով: Ավելին, չեմ կարծում, որ որևէ երկիր, այդ թվում նաև Հայաստանը, կարելի է բնութագրել որպես հակաթուրքական: Յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով և նպատակներով, և դա վերաբերում է նաև Եգիպտոսին և Հայաստանին: Մեզ Եգիպտոսի հետ միավորում են դարավոր պատմական կապերը, հայկական համայնքը, տնտեսական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական համընկնող շահերը: Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ: Մեզ համար այդ տարածաշրջանը կարևոր է թե այն պատճառով, որ մենք այնտեղ ունենք բազմաթիվ հայկական համայքներ, թե այն պատճառով, որ այդ տարածաշրջանում առկա գործընթացներն ազդում են նաև մեզ վրա: Վերջապես, այո, թե Եգիպտոսը, թե մենք անհանգստացած ենք Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հնարավոր հետևանքներով, և դա ևս մեզ միավորում է: Այս այցն ինչպիսի՞ նշանակություն և կարևորություն կունենա Հայաստանի համար։  Կարծում եմ, այս այցը կարևոր է թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացման և Հայաստանի ձայնն ավելի լսելի դարձնելու առումով: Սա նաև լրացուցիչ հնարավորություն էր ևս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի դիրքորոշումները կարևոր միջազգային հարցերի շուրջ, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների շուրջ: Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք արձանագրել, որ այցը հաջողված էր, և կորոնավիրուսային դադարից հետո հայաստանյան դիվանագիտության համար կարևոր ձեռքբերում էր: Շարունակությունը՝ lragir.am-ում
22:17 - 15 սեպտեմբերի, 2020
Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո. Զոհրաբ Մնացականյան |tert.am|

Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո. Զոհրաբ Մնացականյան |tert.am|

tert.am: Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.-ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին: Այս մասին EFE-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Սակայն, Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է»,-նշել է նա և քննադատել Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարծես թե Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով:  «Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո», - ասել է նա: Զոհրաբյանը կարծիք է հայտնել,  որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»:«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ», - ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի  ժողովուրդների համար: «Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին», - նշել է Զոհրաբ Մնացականյանը:«Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց», - շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա պաշտպանել է խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել՝ բանակցելու համար: Ավելին՝ tert.am-ում
20:01 - 15 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է՝ վերարժևորելու Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված համագործակցությունը և ուրվագծելու այն ընդլայնելու հեռանկարները: Երկուստեք գուհունակությամբ ընդգծվել է հայկական համայնքների դերը Հայաստանի և արաբական աշխարհի  հարաբերությունների ամրապնդման գործում: ԱԳ նախարարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձել են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Երկուստեք մտահոգություն է հայտնվել այդ տարածաշրջաններում սադրիչ գործողությունների և կայունության ու անվտանգության խաթարմանն ուղղված գործելակերպի դրսևորումների առնչությամբ, շեշտվել է տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանն ու ամրապնդմանը միտված միջազգային հանրության միասնական քայլերի կարևորությունը։ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաղեստինյան խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Լիբանանի և Սիրիայի հումանիտար խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:
15:32 - 15 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամի հետ

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ, հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպմանը կարևորվել է հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջև համերաշխության և փոխադարձ հարգանքի զգացումներով: «Հիրավի գնահատելի է Եգիպտոսի կառավարության ջերմ և հոգատար վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, ինչի շնորհիվ հայերը կարողացան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, կրոնը և ազգային ինքնությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ «կրոնական հանդուրժողականության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եգիպտոսի փորձառությունը կարող է լավ օրինակ ծառայել»: Երկուստեք մտահոգիչ է համարվել  աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական դրդապատճառներով հանցագործությունները և կրոնական հիմքի վրա խտրականության դրսևորումները և քաղաքական նպատակներով կրոնի շահարկումը: Այս համատքեստում զրուցակիցները շեշտել են միջկրոնական հանդուրժողականության և համերաշխ համակեցության կարևորությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերով հետևողականորեն աշխատում է կրոնական խմբերի իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ:
18:15 - 14 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ

Եգիպտոս կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում խոսել է հայ–եգիպտական հարաբերություններից, Ղարաբաղյան հիմնախնդրից և տարածաշրջանում Թուրքիայի ստեղծած խնդիրներից։ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև նոր տիպի կորոնավիրուսի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ: ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս: Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ ունենք դարերի խորքից եկող հարաբերություններ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում Եգիպտոս իր առաջին այցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը` ընդգծելով, որ Եգիպտոսն արաբական երկրներից առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը: «Մեր հայրենակիցները կարևոր ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման գործում, և մենք շատ հպարտ ենք դրանով: Մոտ տասը հազար ներկայացուցիչ ունեցող հայ համայնքը, անշուշտ, մեր ժողովուրդների միջև խորը արմատներ ունեցող բարեկամության կամուրջ է»,–ասել է Մնացականյանը: Նա նշել է, որ լավ քննարկում են ունեցել երկկողմ օրակարգի շուրջ և այստեղ կա լավ և հետաքրքիր ներուժ: Նախարարի խոսքով` ունենք ամուր քաղաքական երկխոսություն Եգիպտոսի հետ, առևտրատնտեսական և մշակութային կապեր կան մեր երկրների միջև: ՏՏ, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, դեղագործության, զբոսաշրջության և կրթության բնագավառներում ունենք հետաքրքիր ներուժ` համագործակցության հետագա ընդլայնման համար: «Երկկողմ համագործակցության համատեքստում մենք նաև արժևորում ենք Եգիպտոսի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ սերտորեն համագործակցելու հարցում: Շարունակվում են բանակցություններն ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Մենք սերտ համագործակցելու ենք Եգիպտոսի և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ` այդ նպատակին հասնելու համար»,–ասել է Մնացականյանը:Նա տեղեկացրել է, որ բավականին ծավալուն քննարկում են ունեցել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ: «Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին, և մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձև ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին»,–ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ: «Գործընկերոջս նաև հակիրճ ներկայացրի մեր տարածաշրջանի զարգացումները և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի պետական սահմանին վերջին լարվածությունը: Մենք հաստատակամ ենք մեր մոտեցման մեջ, որ բոլոր հակամարտությունները տարբեր են, և եթե կա մեկ հստակ ընդհանրություն, ապա դա այն է, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում: Հակամարտությունների հանգուցալուծման կարևոր ուղիներն են բացառապես խաղաղ երկխոսությունը, խաղաղ գործընթացը, բոլոր կողմերի ներգրավումը և փոխզիջումների հասնելու կարողությունը։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը: Այս առումով Հայաստանն արժևորում է Եգիպտոսի ամուր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանն ամենուրեք, ներառյալ Լիբիայում: Մենք ողջունում ենք ձեր ջանքերն այս ուղղությամբ»,–ասել է Մնացականյանը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հարցին` նախարարը նշել է, որ մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: «ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը: Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկությունները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում»,–ասել է Մնացականյանը:  Նա ընդգծել է, որ հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: «Իհարկե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»,–պատասխանել է Զոհրաբ Մնացականյանը: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը քառօրյա աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսում։
12:42 - 14 սեպտեմբերի, 2020
ԼՂ անվտանգություն, ինքնորոշման իրավունքի ճանաչում. Մնացականյանը ներկայացրել է ՀՀ գերակայությունները

ԼՂ անվտանգություն, ինքնորոշման իրավունքի ճանաչում. Մնացականյանը ներկայացրել է ՀՀ գերակայությունները

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը և պատասխանը լրագրողի հարցին Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի Սամեհ, շնորհակալ եմ այցի ընթացքում մեզ ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը:  Մեր երկրների միջև հարաբերությունները չեն կարող գնահատվել բացառապես այս 28 տարիների տեսանկյունից: Մենք Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ ունենք դարերի խորքից եկող հարաբերություններ: Դրանք մեր ժողովուրդների միջև վստահության և բարեկամության հարաբերություններ են: Պատմության տարբեր ժամանակահատվածներում և այսօր նույնպես հայերը եղել և շարունակում են լինել Եգիպտոսի և նրա քաղաքակրթության, Մերձավոր Արևելքի անբաժան մասնիկը: Մեր պատմության դժվարին փուլում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափից մազապուրծ եղած հազարավոր հայերի:  Մեր հայրենակիցները կարևոր ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման գործում, և մենք շատ հպարտ ենք դրանով: Իմ հայրենակիցներին ընձեռված են բոլոր հնարավորությունները` պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Նրանք Եգիպտոսի հպարտ քաղաքացիներ են, որոնց ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ պահպանելու և դրսևորելու իրենց ազգային ինքնությունը՝ որպես հայեր: Անշուշտ, մենք խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին այս ջանքերի և մեր ժողովրդին պաշտպանելու համար: Մոտ տասը հազար ներկայացուցիչ ունեցող հայ համայնքը, անշուշտ, մեր ժողովուրդների միջև, հիրավի, խորը արմատներ ունեցող բարեկամության կամուրջ է: Եգիպտոսի հետ մենք ունենք ամուր բարեկամական և շատ գործնական հարաբերություններ, և այս այցը նաև լավ հնարավորություն է`  ի ցույց դնելու և գնահատելու մեր հարաբերությունների ներկայիս վիճակը: Միաժամանակ մենք ունենք խաղաղության, անվտանգության և զարգացման նույնական շահեր: Եվ մենք գիտենք, որ լավագույն արդյունքների ենք հասել՝ միասին աշխատելով և միմյանց հետ սերտորեն համագործակցելով:Մենք շատ լավ քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի շուրջ և այստեղ ունենք լավ և հետաքրքիր ներուժ. մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Ունենք ամուր քաղաքական երկխոսություն Եգիպտոսի հետ, առևտրատնտեսական և մշակութային կապեր մեր երկրների միջև: Եվ համակարծիք ենք, որ ՏՏ, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, դեղագործության, զբոսաշրջության և կրթության բնագավառներում ունենք հետաքրքիր ներուժ` համագործակցության հետագա ընդլայնման համար: Այդ ուղղությամբ աշխատանքներն, անշուշտ, շարունակվելու են:Դրա համար մենք ունենք համապատասխան հարթակներ. մենք ունենք քաղաքական խորհրդակցությունների հարթակը, Միջկառավարական հանձնաժողովը, և, իհարկե, երկխոսությունը երկու ղեկավարների միջև: Սպասում ենք Եգիպտոսի նախագահին Հայաստանում հյուրընկալելու հնարավորությանը, և ես անձամբ սպասում եմ իմ լավ ընկերոջը` Սամեհին, Հայաստանում: Նախագահի այցը, որը մենք նախատեսում ենք և ակնկալում ենք սերտորեն աշխատել այդ ուղղությամբ, մտապահված կարևոր ելակետ է՝ համապարփակեցնելու երկկողմ համագործակցության բոլոր այդ կարևոր հարցերը: Երկկողմ համագործակցության համատեքստում մենք նաև արժևորում ենք Եգիպտոսի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ սերտորեն համագործակցելու հարցում: Շարունակվում են բանակցություններն ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Մենք սերտ համագործակցելու ենք Եգիպտոսի և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ` այդ նպատակին հասնելու համար: Մենք բավականին ծավալուն քննարկում ունեցանք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ: Մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր առավել քան երբևէ այդ զարգացումներն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության  մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով:Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին, և մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձև ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին:Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայանություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ:  Գործընկերոջս նաև հակիրճ ներկայացրի մեր տարածաշրջանի զարգացումները և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի պետական սահմանին վերջին լարվածությունը: Մենք հաստատակամ ենք մեր մոտեցման մեջ, որ բոլոր հակամարտությունները տարբեր են, և եթե կա մեկ հստակ ընդհանրություն, ապա դա այն է, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում: Հակամարտությունների հանգուցալուծման կարևոր ուղիներն են բացառապես խաղաղ երկխոսությունը, խաղաղ գործընթացը, բոլոր կողմերի ներգրավումը և փոխզիջումների հասնելու կարողությունը։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը: Այս առումով Հայաստանն արժևորում է Եգիպտոսի ամուր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանն ամենուրեք, ներառյալ Լիբիայում: Մենք ողջունում ենք ձեր ջանքերն այս ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհակալություն շատ ջերմ ընդունելության համար: Սա չափազանց կարևոր այց է, ես բարձր եմ գնահատում ինձ, իմ գործընկերներին, ընկերներին Ձեր կողմից ցուցաբերված ջերմ ընդունելությունը: Ես այստեղ եմ գտնվում ուժեղ պատվիրակությամբ․ Եգիպտոսում Հայաստանի երեք՝ ներկայիս և երկու նախկին դեսպանների ուղեկցությամբ, ովքեր շատ կարևոր, բարձր մասնագիտական ներդրում են ունեցել մեր երկկողմ օրակարգի, ինչպես նաև ավելի  լայն տարածաշրջանային և բազմակողմ օրակարգի խթանման գործում: «Սքայ Նյուզ Արաբիյա». Դուք խոսեցիք հայ-եգիպտական հարաբերությունների խորության մասին և Հայաստանի համար Եգիպտոսի պատմական և ապագա դերի մասին՝ պայմանավորված նաև հայերի ներդրումով և հայ համայնքի առկայությամբ: Սակայն դեռևս առկա է լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում: Արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ: Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարևոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը: Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկություները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում:   Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ: Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ: Այդ առումով Եգիպտոսը մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Այժմ ինչ վերաբերում է Թուրքիային: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհրակե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»: 
10:32 - 14 սեպտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալեքսանդրիայի պապ Թավադրոս Բ-ի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալեքսանդրիայի պապ Թավադրոս Բ-ի հետ

Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ղպտի Առաքելական եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի պապ Թավադրոս Բ-ի հետ: «Անդրադառնալով կրոնահամայնքային համագործակցությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայերի և ղպտիների դարավոր կապերի շարունակական ամրապնդումը՝ խարսխված հոգևոր արժեքների և ավանդական բարեկամության վրա:  ԱԳ նախարարն ու ղպտիական եկեղեցու առաջնորդը քննարկեցին կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ կարևորելով  կրոնական հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը։  Այս համատեքստում զրուցակիցները ցավով արձանագրեցին կրոնական խմբերի թիրախավորումն ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից՝ ընդգծելով կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց իրավունքների երաշխավորման, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման միջոցով: Այս համատեքստում նախարարը նշեց. «Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման»: Նախարարը բարձր գնահատեց Եգիպտոսի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը բացառիկ ներդրում է ունեցել եգիպտական պետության կայացման և զարգացման գործում:  Թավադրոս Երկրորդը կարևորեց երկու քույր՝ Ղպտի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների կայուն փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:43 - 13 սեպտեմբերի, 2020
‪Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ

‪Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը և կցել հանդիպումից լուսանկարներ։ «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս մեկնարկեց Եգիպտոսի հայ համայնքի առաջնորդների և անդամների հետ հանդիպմամբ, որը տեղի է ունեմում Կահիրեում ՀՀ դեսպանությունում»,- գրել է նա։ Կահիրեում ՀՀ դեսպանությունում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի ականավոր ներկայացուցիչների` Հայ առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի, Հայ Կաթողիկե եղեկեցու առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանի, համայնքային կառույցների և միությունների անդամների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը բարձր է գնահատել եգիպտահայ համայնքի ավանդն ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության պահպանման գործում։ «Հայ ժողովուրդը, ունենալով հզոր պատմություն և ինքնության խորը գիտակցություն, երեսուն տարի առաջ վերականգնել է իր հավաքական ինքնության պաշտպանության և զարգացման, թերևս, ամենակարևոր գործիքներից մեկը՝ պետականությունը: Եվ մեր համայնքներում պետականության, ազատության և անկախության նկատմամբ պատասխանատվության զգացումը պետությանը սատարելու լավագույն օրինակներից է»,- նշել է նախարարը:
10:12 - 13 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 12-ից 15-ը Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոս

Սեպտեմբերի 12-ից 15-ը Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոս

Սեպտեմբերի 12-ից 15-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Հայաստանի և Եգիպտոսի հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության, պատմամշակութային ընդհանրությունների և փոխվստահության վրա: Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը՝ Եգիպտոսը 1992թ. դարձավ Մերձավոր Արևելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը: Երկու երկրների միջև առկա է ավանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Հաճախակի բնույթ են կրում երկու երկրների ԱԳ նախարարների շփումները տարբեր միջազգային հարթակներում: 2020թ. փետրվարին Կահիրեում անցկացվեցին հայ-եգիպտական քաղաքական հերթական խորհրդակցությունները։ Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում։ Սերտ համագործակցություն է ծավալվում կրթամշակութային, առևտրատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են հայ-եգիպտական բարեկամական խմբեր։ Առևտրատնտեսական համագործակցություն Գործում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որը մինչ այժմ գումարել է 5 նիստ: Երկկողմ առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է 5,8 մլն դոլար։ 2017թ․-ին մեկնարկել են եգիպտական «Էյր Կաիրո» ավիաընկերության Հուրգադա-Երևան և Շարմ էլ-Շեյխ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ։ Եգիպտոսը հանդիսանում է հայ զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից մեկը։ Գիտակրթական և մշակութային համագործակցություն  Անկախությունից ի վեր տարբեր ոլորտների շուրջ 2000 հայ մասնագետներ Կահիրեում մասնակցել են Զարգացման գործընկերության եգիպտական գործակալության կողմից կազմակերպած ծրագրերին։ Կահիրեի համալսարանում Հայաստանի բուհերի ուսանողները մասնակցում են արաբերեն լեզվի վերապատրաստման ամենամյա դասընթացներին։ 2007թ. Կահիրեի Համալսարանում հիմնվել է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը: Պարբերական բնույթ են կրում մշակութային միջոցառումները. երկու երկրներում համապատասխանաբար անցկացվում են Հայաստանի և Եգիպտոսի մշակութային օրեր։ Իրավապայմանագրային դաշտ Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են համագործակցության 5 տասնյակից ավելի փաստաթղթեր ներդրումների խրախուսման, գիտության և կրթության, մշակույթի, առողջապահության, կրկնակի հարկումը բացառելու, առևտրի, մաքսային, օդային հաղորդակցության, իրավական, գյուղատնտեսության, տնտեսական համագործակցության և այլ ոլորտներում: Հայ համայնք Հայ-եգիպտական պաշտոնական հարաբերությունների ձևավորման և ամրապնդման գործում նշանակալի ավանդ է ունեցել հայ համայնքը: Վերջինս հանդիսանում է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության՝ դարերի պատմություն ունեցող ավանդական օրրաններից մեկը: Եգիպտահայ համայնքի թիվը կտրուկ աճել է, երբ ավելի քան մեկ դար առաջ այդտեղ ապաստան են գտել Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ: Եգիպտահայ համայնքը լուրջ ներդրում է ունեցել ժամանակակից Եգիպտոսի պետականության կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով ազդեցիկ պետական և հասարակական դիրքեր։ Եգիպտոսի հայ համայնքն ունի ազգային ինքնության, լեզվի և կրոնի պահպանման ներուժ։ Գործում են եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային, մարզական ակումբներ, լույս են տեսնում թերթեր և ամսագրեր: Ներկայումս Եգիպտոսում բնակվում է շուրջ հինգ հազար հայ, ովքեր հիմնականում տեղակայված են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։
20:40 - 11 սեպտեմբերի, 2020
Շարունակում ենք անմիջական հարևանությամբ առերեսվել ատելության խոսքի դրսևորումների. ՀՀ ԱԳ նախարար

Շարունակում ենք անմիջական հարևանությամբ առերեսվել ատելության խոսքի դրսևորումների. ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել և ելույթով հանդես էեկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «ԱԳ նախարարը կարևորեց ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով  օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ իրենց անչափ կարևոր ելույթների համար: Հայաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց նաև քննարկումը նախաձեռնած Նիգերի դերը, որի մայրաքաղաք Նիամեյում 1970թ. ծնունդ առավ Ֆրանկոֆոնիան՝ որպես Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն՝ այնուհետև հիմք հանդիսանալով այս տարի իր հինգերորդ տասնամյակը նշող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ձևավորման համար. «Իր հիմնումից 50 տարի անց Ֆրանկոֆոնիան հանդես է գալիս որպես բազմակողմ համագործակցության կարևոր հարթակ, որը միավորված է ֆրանսերեն լեզվի և խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հիմնարար արժեքների շուրջ։ Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքներ կրող բազմաթիվ դերակատարների վրա, որոնց միավորում է խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատելու ընդհանուր ցանկությունը, ահաբեկչության աղետի դեմ պայքարի, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վճռականությունը: Այն հենվում է նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու ամուր և անսասան հանձնառության վրա»: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորեց նմանօրինակ քննարկման անցկացումն արդի գլոբալ առողջապահական, հումանիտար և տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում, որը սպառնում է խաթարել հասարակության համախմբվածությունը՝ առավել ընդգծելով միջազգային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության հաստատման անհրաժեշտությունը։ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԱԽ շրջանակներում անցկացվող վերոնշյալ քննարկումը բնորոշեց որպես գործելու յուրօրինակ կոչ, համընդհանուր տոկունության և հավաքական կարողությունների փորձություն: «Այս ժամանակահատվածում, երբ ճգնաժամի բացասական հետևանքներն ավելի ծանր են զարգացող երկրների և բնակչության առավել խոցելի շերտերի համար, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիան պետք է վերահաստատեն իրենց պատրաստակամությունը՝ խթանելու խաղաղություն ու համագործակցություն, համերաշխություն և միասին ապրելու արժեքները․ սա մարտահրավեր է երկու կազմակերպությունների համար, և մենք պարտավոր ենք գործել առավել արդյունավետ գլոբալ կառավարման ուղղությամբ: Այս կապակցությամբ մենք վճռականորեն սատարեցինք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ զինադադարի վերաբերյալ կոչը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը՝ վերահաստատելով, որ հակամարտությունների կարգավորման գործընթացում ուժի և ուժի սպառնալիքը տեղ չունեն: Մենք նաև մտահոգված ենք ատելության խոսքի աճով, ինչը հատկապես դրսևորվեց առողջապահական այս ճգնաժամի շրջանում: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել մեր հանձնառությունը հանդուրժողականությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքիը և մշակութային բազմազանության արժեքներին: Չնայած բազմակողմ համակարգի հսկայական ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել զինված բախումների, ապակայունացնող ռազմական սրացումների և քաղաքական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի դրսևորումների, այդ թվում՝ մեր անմիջական հարևանությամբ»,- նշեց նախարար Մնացականյանը: Այդ առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց Երևանի գագաթաժողովի խորհրդի կարևորությունը` նվիրված «Միասին ապրելու» արժեքների խթանմանը և Երևանի ֆրանկոֆոն կոչը՝ «Ապրել միասին»-ը, որով ամրագրվում է, որ ֆրանսախոս տարածքում «միասին ապրելու» գաղափարախոսությունը սահմանող խաղաղության, համերաշխության և ամբողջական հումանիզմի արժեքները հանդիսանում են համընդհանուր բարիք, հարստություն, և դրանք ամեն գնով անհրաժեշտ է պահպանել: Նախարարը հավելեց, որ «սա ակնհայտորեն Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության կարևոր հարթություն է, որի շուրջ մեր տեսլականներն ու նպատակները միաձուլվում են»: Եզրափակելով խոսքը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը երկու կազմակերպությունների միջև համագործակցության խթանմանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի համատեղ ջանքերի շնորհիվ այդ համագործակցությունն առավել կամրապնդվի՝ բացելով համագործակցության նոր խոստումնալից հեռանկարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:27 - 08 սեպտեմբերի, 2020
Մազալովան թողեց մեծ ժառանգություն ԼՂ հակամարտության անկողմնակալ ​​լուսաբանման հարցում․ ԱԳ նախարար |armenpress.am|

Մազալովան թողեց մեծ ժառանգություն ԼՂ հակամարտության անկողմնակալ ​​լուսաբանման հարցում․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է․ «Ես խորապես ցավում եմ հայտնի չեխ լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա թողեց ճշմարտության և արդարության քարոզի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»։ 2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։ Դանան ծնվել էր 1954 թվականի նոյեմբերի 18-ին չեխական Օպատով քաղաքում, ուր եւ ավարտել էր միջնակարգ դպրոցն ու գիմնազիան։ Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել էր Պրահայի Կարոլինյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այնուհետեւ անցել էր ակտիվ լրագրողական գործունեության, աշխատել էր Մլադա Ֆրոնտա, Ռեֆլեքս պարբերականներում, ապա՝ 1990 ականների սկզբին՝ իբրեւ Չեխական հեռուստատեսության սեփական թղթակից Մոսկվայում, որտեղից էլ մեկնել էր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ լուսաբանելով նորանկախ Հայաստանի առօրյան ու Արցախի հիմնախնդիրը։ Դեռեւս 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի օրերին նա ոչ միայն մի խումբ չեխ եւ հայ ակտիվիստների հետ կազմակերպեց Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը, գրեց «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի սցենարը, որը մեծ հաջողություն ունեցավ չեխական հեռուստաեթերում, այլեւ «Արմենիա» ակումբի հետ համատեղ նա կազմակերպեց երկրաշարժից հետո որբ մնացած 80 հայ երեխաների հանգիստը Չեխիայում։ Դանան ակտիվ դեր խաղաց չեխական մամուլում ու հեռուստատեսությամբ Արցախի խնդրի լուսաբանման հարցում։ Նրա հայտնի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հետ մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից արված հիմնական փաստացի հաստատումն այն իրողության, որ Խոջալուի ողբերգությունը կազմակերպել էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։ Անցած տարիներին Դանան շարունակեց պաշտպանել հայ ժողովրդի արդար պայքարը՝ լինի դա չեխական խոհրդարանում, թե Բրյուսելում ՝ Եվրոխորհրդարանում։ Հանդես եկավ բազմաթիվ հարցազրույցներով թե՛ չեխական մամուլում, թե ՛ ՕՐԵՐ եվրոպական ամսագրում, թե Հայաստանի ու սփյուռքի լրատվամիջոցներում։ Դանա Մազալովան ակտիվորեն պաշտպանում էր նաեւ Հայ Դատը, բազմիցս ելույթներ է ունեցել Չեխիայում կազմակերպված տարբեր ձեռնարկների ընթացքում՝ կոչ անելով Չեխիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին բարձր է գնահատել Դանա Մազալովայի` Սպիտակի երկրաշարժի օրերին ցույց տված աջակցությունը եւ պարգեւատրել է նրան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոբելյանական մեդալով։ Չեխական լրատվամիջոցների կողմից Դանան արժանացել է «Լավագույն լրագրող» մրցանակին։
10:32 - 08 սեպտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին

Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։  ԱԳ նախարարը շնորհավորեց Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ: 
18:35 - 04 սեպտեմբերի, 2020