Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ․ Միքայել Զոլյան |lragir.am|
22:17 - 15 սեպտեմբերի, 2020

Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ․ Միքայել Զոլյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։

Պարոն Զոլյան, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսում հայտարարել է, որ տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են։ Որքանով է ստուգված այս տեղեկատվությունը, և ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։

Պարոն Մնացականյանն, ըստ էության, նոր բան չի ասել, այդ տեղեկությունները վերջին ամիսներին հայտնվել են մի շարք ԶԼՄ-երում: Մենք գիտենք, որ Թուրքիան լայնորեն օգտագործում է նման զինյալների խմբերն իր նպատակներին հասնելու համար, օրինակ, Սիրիայում և այլուր: Գիտենք նաև, որ Թուրքիան ակտիվ համագործակցել է և շարունակում է համագործակցել զանազան ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների հետ:

Անգամ ամբողջ աշխարհի կողմից դատապարտված իսլամական պետության հետ Թուրքիայի իշխանության համագործակցության մասին տեղեկություններ են եղել: Վերջապես, հիշում ենք, որ դեռ 1990-ականներին ադրբեջանցիների կողմից հակամարտությանը մասնակցում էին աֆղանստանցի և չեչեն զինյալներ: Այս ամենը ստիպում է նման տեղեկություններին լուրջ վերաբերել: Մնացածն արդեն մեր երկրի անվտանգության կառույցների իրավասության ոլորտին է վերաբերում, և ես չէի ցանկանա մտնել այդ դաշտ:

Հաշվի առնելով, որ Եգիպտոսը լարված հարաբերություն ունի Թուրքիայի հետ, Հայաստանն ի՞նչ կարող է ակնկալել։

Ես չեմ կարծում, որ մեր համագործակցությունը Եգիպտոսի հետ պայմանավորված է զուտ Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերություններով: Ավելին, չեմ կարծում, որ որևէ երկիր, այդ թվում նաև Հայաստանը, կարելի է բնութագրել որպես հակաթուրքական: Յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է իր շահերով և նպատակներով, և դա վերաբերում է նաև Եգիպտոսին և Հայաստանին:

Մեզ Եգիպտոսի հետ միավորում են դարավոր պատմական կապերը, հայկական համայնքը, տնտեսական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական համընկնող շահերը: Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ:

Մեզ համար այդ տարածաշրջանը կարևոր է թե այն պատճառով, որ մենք այնտեղ ունենք բազմաթիվ հայկական համայքներ, թե այն պատճառով, որ այդ տարածաշրջանում առկա գործընթացներն ազդում են նաև մեզ վրա: Վերջապես, այո, թե Եգիպտոսը, թե մենք անհանգստացած ենք Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հնարավոր հետևանքներով, և դա ևս մեզ միավորում է:

Այս այցն ինչպիսի՞ նշանակություն և կարևորություն կունենա Հայաստանի համար։ 

Կարծում եմ, այս այցը կարևոր է թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացման և Հայաստանի ձայնն ավելի լսելի դարձնելու առումով: Սա նաև լրացուցիչ հնարավորություն էր ևս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի դիրքորոշումները կարևոր միջազգային հարցերի շուրջ, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումների շուրջ: Ընդհանուր առմամբ, մենք կարող ենք արձանագրել, որ այցը հաջողված էր, և կորոնավիրուսային դադարից հետո հայաստանյան դիվանագիտության համար կարևոր ձեռքբերում էր:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել