ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։ Իր հերթին Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:11 - 15 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

Անահիտ Մանասյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել  է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Պաշտպանը դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են արտահերթ նախնական զեկույցում։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից է։ Ներկայումս շարունակվում են փաստահավաք աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ներպետական իրավասու մարմիններին և միջազգային դերակատարներին։ Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես դպրոցներում բուլինգի կանխարգելման, բացահայտման և լուծման ուղղությամբ գործուն մեխանիզմների ներդրման կարևորությանը, ինչպես նաև անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարին։ Դեսպան Լուկաս Ռոզենկրանցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
18:16 - 13 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակությանը

Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին: Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ: Իրենց հերթին Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
21:04 - 10 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը Կոպենհագենում մասնակցել է GANHRI միջազգային համաժողովին

Անահիտ Մանասյանը Կոպենհագենում մասնակցել է GANHRI միջազգային համաժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 6-8-ը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) 14-րդ միջազգային համաժողովին:   Այս տարի այն անցկացվել է «Խոշտանգումներ և այլ վատ վերաբերմունք. մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» խորագրով: Համաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը։   Միջազգային համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և բացահայտել պետությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների գործառույթներն ու մարտահրավերները խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ռիսկերի և արմատական պատճառների դեմ պայքարում ու կանխարգելման գործում:   Քննարկվել են նշված հարցերում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի հետ կապված հարցեր։ Համաժողովի շրջանակներում իրականացվել է փորձի փոխանակում՝ ընդգծելով մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում ուժերը համախմբելու կարևորությունը:   Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել որպես կանխարգելման ազգային մեխանիզմ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի փորձը։ Անդրադարձ է կատարվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված հարցերի առնչությամբ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի աշխատանքին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության մշակույթին։ Ընդգծվել է նաև խոցելի տարբեր խմբերի` վերոնշյալ երևույթներից պաշտպանված լինելու կարևորությունը։   Առանձին քննարկումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց պարագայում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման, հասցեավորման և իրավունքների երաշխավորման առանձնահատուկ մեխանիզմների հետ կապված հարցեր` ընդգծելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց բռնի տեղահանման վերջին զարգացումների համատեքստում նշված հարցի կարևորությունը։ Այդ համատեքստում շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:   Պաշտպանն ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:    
18:41 - 08 նոյեմբերի, 2023
ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց ուսումնական հաստատություններում բուլինգի (ծաղր և վիրավորանք) հիմնախնդրի վերաբերյալ

ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց ուսումնական հաստատություններում բուլինգի (ծաղր և վիրավորանք) հիմնախնդրի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ։ Բուլինգի հիմնախնդրի ուսումնասիրությունը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների և բուլինգի դեպքերի մասին ՄԻՊ աշխատակազմ՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ստացված բողոքների թվի աճով, ինչպես նաև պետության կողմից բուլինգի հիմնախնդրի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հստակ, գործնական ու համալիր մեխանիզմների ներդրման և կատարելագործման անհրաժեշտությամբ: Արտահերթ զեկույցի շրջանակներում վեր են հանվել և ներկայացվել բուլինգի հիմնախնդիրը, դրա հիմքում ընկած պատճառները, բուլինգի աննախադեպ ծավալները Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ներկայացվել են իրավասու պետական մարմիններին ուղղված` խնդրի լուծմանն առնչվող առաջարկներ: Ուսումնասիրության շրջանակում ՄԻՊ աշխատակազմի կողմից hարցումներ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին, իրականացվել են քննարկումներ ուսուցիչների, աշակերտների, ինչպես նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամների հետ:  Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ բուլինգի դրսևորումները ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լայն տարածում։ Բուլինգը բացասաբար է անդրադառնում ոչ միայն բուլինգի ենթարկված երեխաների, այլ նաև այն իրականացնողների և այլ դերակատարների, ինչպես նաև ամբողջ հասարակական միջավայրի վրա։ Նշված երևույթի առկայությունն ու դրա դեմ պայքարի կառուցակարգերի անկատար լինելը ևս մեր հասարակությունում առկա անհանդուրժողականության մթնոլորտի խորքային պատճառներից են։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է՝ երեխայի իրավունքների լիարժեք երաշխավորման տեսանկյունից հատկապես կարևոր է պետության դերակատարությունը բուլինգի կանխարգելման, բացահայտման և արձագանքման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց ապահովման հարցում։ Այս առումով պետությունն ունի դեռևս լուրջ անելիքներ և հստակ պոզիտիվ պարտավորություն։ Արտահերթ զեկույցը պատրաստվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։
13:09 - 02 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին

Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին

ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, պատգամավորներ, ԵԱՀԿ, ԱԳՆ, պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի, Գլխավոր դատախազության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անվտանգային ոլորտը և դրա նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ունեն բացառիկ կարևորություն նաև  մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ  հասարակության շրջանում տասնամյակներ շարունակ եղել է պատկերացում, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ժողովրդավարական վերահսկողությունը հակադրվում են անվտանգությանը և անվտանգային ոլորտին, սակայն դա թյուր ընկալում է։  «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ անհնար է ունենալ պատշաճ անվտանգային ոլորտ` առանց մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների արմատավորման և հակառակը՝ հնարավոր չէ ունենալ մարդու իրավունքների պաշտպանության անխափան գործող համակարգ` առանց պատշաճ անվտանգային ոլորտի առկայության։ Հետևաբար, մեր հիմնական նպատակը պետք է լինի նշված երկու ոլորտների համադրված և զուգահեռաբար զարգացումը»,- նշել է Պաշտպանն իր բացման խոսքում։  Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև այս առնչությամբ ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին, քննարկվող ոլորտում դեռ բազմաթիվ են խնդիրները, որոնք պետք է ստանան պատշաճ հասցեավորում և լուծում։ Պաշտպանն անդրադարձել է նաև ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել դրանց կարևորությունը, այդ թվում` իր ղեկավարած կառույցի գործունեության տեսանկյունից։ «Ոստիկանության ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումների ժամանակ ինքներս ենք քննարկում տարատեսակ խնդիրներ, փորձում հասկանալ դրանց լուծման ուղիները։ Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է բարձրաձայնում ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Իհարկե ցանկանում եմ արձանագրել նաև կատարված առաջընթաց քայլերը։ Բայց ակնհայտ է, որ դեռ կան չլուծված բազմաթիվ հարցեր, օրինակ՝ հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը, որն այս պահին ունի համակարգային լուծումների անհրաժեշտություն։ Կարևոր է հաղթահարել նաև ոստիկանության կողմից անձանց իրավունքները սահմանափակելիս այդ գործընթացում սահմանափակման իրավաչափությանը վերաբերելի տարբեր խնդրահարույց հարցերը։ Շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ թե հատվածական և իրավիճակային, այլ համակարգային և մեթոդաբանական մոտեցումներ ունենա այս խնդիրների լուծման վերաբերյալ»,- նշել է Պաշտպանը։ Պաշտպանի կարծիքով, առանցքային է իրավապահ համակարգում բարեվարքության և մարդու իրավունքների նկատմամբ զգայունության մակարդակի բարձրացումը, ինչն առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։  Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի լուրջ խնդիրների պատշաճ հասցեավորումն ու դրանց հաղթահարման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։  Ավարտելով ելույթը՝ Պաշտպանը կարևորել է հարթակի առկայությունը, քանի որ այն հնարավորություն է ստեղծում քննարկել ոլորտին առնչվող խնդիրների լուծման համատեղ տարբերակներ։
21:06 - 01 նոյեմբերի, 2023
ՄԻՊ-ն արձանագրել է ազատազրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ

ՄԻՊ-ն արձանագրել է ազատազրկված անձանց իրավունքների խախտումների համակարգային խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկման այցերի, Պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների հետևյալ համակարգային խնդիրները՝ ∙ բժշկական հետազոտությունների և ստացիոնար բուժման նպատակով ազատությունից զրկված անձանց ՔԿՀ-ներից քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է։ Մարդու իրավունքների պաշտպանն այս առումով ստանում է բազմաթիվ բողոքներ, երբ անձանց հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է անգամ այն պարագայում, երբ առկա է շտապ հոսպիտալացման ցուցում։ Այս հանգամանքը հաճախ պայմանավորված է նաև ազատությունից զրկված անձանց տեղափոխման և պահպանման ռեսուրսների սակավությամբ։ Մինչդեռ հարկ է նկատի ունենալ, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանումը պետության պոզիտիվ պարտականությունն է, և որևէ հանգամանք չի կարող արդարացնել իրավունքների ոչ պատշաճ իրացումը, ∙ բազմաթիվ են բողոքները ոչ միայն հիվանդանոցներ տեղափոխելու, այլ նաև տարբեր պատճառաբանություններով քաղաքացիական հիվանդանոցներ չընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ չկազմակերպելու վերաբերյալ։ Շատ դեպքերում, եթե նույնիսկ ազատությունից զրկված անձինք ընդունվում են ստացիոնար բուժման, ապա հրատապ կարգով դուրս են գրվում` առանց պատշաճ բուժօգնություն ստանալու։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չունի բազմամասնագիտական բժշկակական ծառայություններ մատուցելու հնարավորություն, ինչի արդյունքում էլ ազատությունից զրկված անձինք հաճախ զրկվում են անհրաժեշտ ծավալի բուժօգնությունից, ∙ խնդիրներ են արձանագրվել նաև քաղաքացիական հիվանդանոցներում ազատությունից զրկված անձանց անվճար սկզբունքով հիվանդասենյակներ տրամադրելու հետ կապված։ Հաճախ ազատությունից զրկված անձինք ստիպված են լինում հրաժարվել ստացիոնար բուժօգնությունից՝ չկարողանալով վճարել առանձին հիվանդասենյակի համար։ Ազատությունից զրկված անձանց բուժօգնությունն ու սպասարկումը պետք է կազմակերպվի այնպիսի հիվանդասենյակներում, որտեղ հնարավոր կլինի ապահովել վերջիններիս անվտանգությունը և պահպանությունը՝ հաշվի առնելով նաև ուղեկցող քրեակատարողական աշխատակիցների պարտադիր ներկայությունը, և ընդհանուր հիվանդասենյակներում այլ բուժառումների հետ կեցության անհնարինությունը։ Այս առումով հրատապ է պետության կողմից համապատասխան կառուցակարգերի մշակումն ու պատշաճ իրացումը, ∙ մեկ այլ խնդիր է ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննություններ անցնելու համար անհրաժեշտ հետազոտությունների ժամանակին կազմակերպումը, ինչի արդյունքում նրանք որոշ դեպքերում զրկվում են հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից, այդ թվում` կենսաթոշակից կամ նպաստից, ∙ շարունակում է խնդրահարույց մնալ ազատությունից զրկված անձանց` բժշկի կողմից ցուցված անհրաժեշտ դեղորայքով ապահովելու հարցը։ Արձանագրվել են դեպքեր, երբ անձը մշտական դեղորայքի ցուցմամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղ համապատասխան դեղը նրան չի տրամադրվել դրա բացակայության կամ ոչ աշխատանքային օրվա հետ կապված կազմակերպչական խնդիրների պատճառաբանությամբ։ Պաշտպանն ընդգծում է, որ համակարգային խնդիրներ են առկա նաև դեղերի գնման գործընթացում, ինչը կարիք ունի հրատապ լուծման։ Իրավունքների երաշխավորման տեսանկյունից կարևոր է, որպեսզի դեղերի գնումները կազմակերպվեն այն տրամաբանությամբ, որ բժշկական ցուցման պարագայում ազատությունից զրկված անձին առանց ձգձգումների տրամադրվի անհրաժեշտ դեղորայքային բուժում:Վերը նշված հարցերը մշտապես բարձրացվել են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի արտահերթ և տարեկան զեկույցներով, առանձին գրություններով, այնպես էլ ոլորտային քննարկումների ընթացքում, սակայն որևէ արմատական լուծում չեն ստացել։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է Առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին վերհանված համակարգային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկել հրատապ քայլեր՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով։
14:43 - 01 նոյեմբերի, 2023
Չհայտարարված այցեր` ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր

Չհայտարարված այցեր` ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին և 24-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, դատարաններ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր: Այցերի շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել վերը նշված հաստատություններում պահվող անձանց հետ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, մանրակրկիտ ուսումնասիրել են պահվող անձանց և անձնակազմի աշխատանքային պայմանները, փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Ի տարբերություն նախորդ այցի` այս անգամ դիսպանսերում գրանցվել է աշխատանքների կազմակերպման դրական տեղաշարժ: Միևնույն ժամանակ արձանագրվել է գերբնակեցում, կողապահարանների նվազ քանակ և այլ համակարգային խնդիրներ, որոնք այս պահին ամփոփման փուլում են: Երկու մարզերում իրականացված մշտադիտարկման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները պատրաստակամ համագործակցել են և տրամադրել պահանջված ամբողջական տեղեկատվությունը: Ձերբակալված անձանց պահելու վայրերում ևս խնդիրներ են արձանագրվել։ Մասնավորապես տեսակցությունների սենյակներն առանձնացված են ապակե միջնորմով, որը սահմանափակում է տեսակցության ընթացքում անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը: Ազատությունից զրկված անձի և տեսակցողի շփումը կազմակերպվում է սենյակում առկա հեռախոսի միջոցով, ինչը չի համապատասխախում սահմանված պահանջներին։ Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
11:16 - 31 հոկտեմբերի, 2023
Զրուցել ենք 400 մարդու հետ, ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, անդամախեղման մասին տեղեկություններ․ ՄԻՊ

Զրուցել ենք 400 մարդու հետ, ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, անդամախեղման մասին տեղեկություններ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր Հայ իրավաբանների համագումարի շրջանակներում մասնակցել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի թեմայով պանելային քննարկման։ Այս մասին նշվում է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ «Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ծավալը շեշտակի ավելացել է: «Շարունակում ենք իրականացնել մեր ամենօրյա ընթացիկ աշխատանքը, միևնույն ժամանակ, ունենք բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակից և նրանց իրավունքների պաշտպանության, խթանման ու երաշխավորման հետ կապված հարցերն ինձ համար ևս առաջնահերթություն են: Ցանկանում եմ արձանագրել, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել ենք այդ աշխատանքներում. աշխատակազմի հետ այցելել եմ Գորիս, Կոռնիձոր և Վայք, աշխատել ենք նաև գիշերային ժամերին։ Այժմ էլ շարունակաբար այցելում ենք բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։ Այս ընթացքում զրուցել ենք շուրջ 400 մարդու հետ, որի արդյունքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,- նշել է Պաշտպանը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ փաստահավաք աշխատանքները հետապնդել են երկու նպատակ՝ երաշխավորել Հայաստանի Հանրապետություն  մուտք գործած բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և բացահայտել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված դեպքերը, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական գործողությունների արդյունքում:  «Մեր կողմից հավաքագրված տեղեկատվության իսկությունը ստուգվել է, որից հետո է միայն ներառվել  Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում: Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ»,- մանրամասնել է Պաշտպանը: Այս համատեքստում Ա. Մանասյանը  նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ։ «Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները»,- ասվում է հաղոդրագրության մեջ։
18:04 - 28 հոկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Լոնդոնում անդրադարձ է կատարել Հայաստան-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը

Վահան Քերոբյանը Լոնդոնում անդրադարձ է կատարել Հայաստան-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝« 2023-2025 թթ. Stipendium Hungaricum կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հունգարիայի Պետքարտուղար Տրիստան Ազբեջը, Հունգարիայի նախարարական հանձնակատար Գյուլա Բուդային, ՀՀ ԱԳՆ և ԿԳՄՍՆ այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-հունգարական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ լեզուների ուսուցումը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» կարևոր թիրախներից է, իսկ հունգարերենի ուսուցումը նոր հեռանկարներ և հնարավորություններ կարող է բացել հայ երիտասարդների համար: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև հայոց լեզու, գրականություն և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի իրականացումը Հունգարիայի պետական համալսարանում: Անդրադարձ է կատարվել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական հետազոտությունների թեմային, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում կամ Երևանի պետական մանկավարժական համալսարանում հնարավորության դեպքում հունգարագիտության և հունգարերենի ուսումնասիրությունների զարգացմանը: Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, համագործակցության առկա ուղիներն ու ներուժը: Անդրադառնալով կրթաթոշակային ծրագրին՝ նախարարը նշել է, որ պահանջարկի դեպքում հունգարական կողմը կդիտարկի նաև կրթաթոշակային տեղերի ավելացման հնարավորությունը: Պետեր Սիյարտոն կարևորել է հունգարերենի և հայերենի տիրապետող մասնագետների պատրաստումը՝ հույս հայտնելով, որ կրթաթոշակային ծրագիրը կնպաստի հայ երիտասարդների շրջանում հունգարերենի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը և համապատասխան մասնագետների պատրաստմանը: Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պաշպանության հարցը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման հստակ սպառնալիքի ներքո։ ԿԳՄՍ նախարարը Պետեր Սիյարտոյի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայոց պատմության և մշակույթի 5000 անշարժ հուշարձաններ, ինչպես նաև պետական 16 թանգարաններ, որոնց պահպանությանն ուղղված միջազգային հանրության հասցեական արձագանքը կարող է էական դեր ունենալ: «Ամարասի վանական համալիրը, որտեղ 5-րդ դարում բացվել է առաջին հայկական դպրոցը, Գանձասարի վանական համալիրը և պատմամշակութային մի շարք այլ հուշարձաններ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կարևոր մասն են և, ցավոք, այսօր գտնվում են այլախեղման հստակ սպառնալիքի ներքո: Հույս ունենք՝ միջազգային հանրության և կառույցների ջանքերի մեկտեղման արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծումներ՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության համար: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա՝ 2020-2023 թվականներին հավաքագրել ենք փաստագրական տեսանյութեր և լուսանկարներ՝ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ոչնչացման շուրջ 50 դեպքերի վերաբերյալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Պետեր Սիյարտոն նշել է, որ որպես քրիստոնյա երկիր՝ Հունգարիան ևս կարևորում է քրիստոնեական կոթողների, մասնավորապես եկեղեցիների պահպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրությունը ներկայացնող այլ հարցեր:
19:57 - 27 հոկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը Հաննա Յոհանսոնին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը Հաննա Յոհանսոնին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոհանսոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից:   «Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին՝ նվիրված քրեակատարողական հիմնարկներ մոնիթորինգային այցերն ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմներին, մասնավորապես՝ առկա խնդիրները վեր հանելու նպատակով կիրառվող ուղեցույցներին, ստուգաթերթերին, գործիքակազմին, մշտադիտարկման մեթոդաբանությանը։ Կրկին վերահաստատվել է, որ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:   Պաշտպանը Հաննա Յոհանսոնին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։   Հանդիպման շրջանակում Պաշտպանը ներկայացրել է նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր, անդրադարձ է կատարվել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։   Իր հերթին Հաննա Յոհանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հետամուտ լինել համատեղ և փոխշահավետ նախաձեռնությունների հնարավորությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:32 - 27 հոկտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանն ընդունել է Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանին

Անահիտ Մանասյանն ընդունել է Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Ամերիկայի հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որի ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։  Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է  նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Կողմերը քննարկել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Ամերիկայի հայ իրավաբանական միության համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր։ Իր հերթին Արմենուհի Էմի Աշվանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել է Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։
21:35 - 20 հոկտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Անահիտ Մանասյանն ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրավաբան և իրավունքի գերակայության փորձագետ Մելիսա Հուփերի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում և ժամանակավոր կացարաններում իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակական իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում: Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին: Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին։ Այս համատեքստում կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։ Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։ Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր։ Ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
23:15 - 19 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները, այդ թվում՝ երեխաների. ՀՀ ՄԻՊ  |aysor.am|

Ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները, այդ թվում՝ երեխաների. ՀՀ ՄԻՊ |aysor.am|

aysor.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձել է կապ հաստատել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, սակայն՝ ապարդյուն։ «Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել, բայց արձագանք չենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանասյանը։Նա նշեց, թե Ադրբեջանում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում խախտվում են։ «Ի  սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ թե՛ պետական մակարդակում, թե՛ քաղաքացիների կողմից»,- ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը։ Նա ասաց, թե անհնար է երաշխավորել, որ Ադրբեջանում կկայանա գործերի արդար քննություն։ Մանասյանը հայտարարեց, թե առաջինն է ահազանգել, որ ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները։ «Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- ասաց ՄԻՊ-ը՝ նշելով, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին, նաև անգլերենով զեկույց է հրապարակել, որը ներկայացվել է նաև Հաագայի դատարան։
13:13 - 19 հոկտեմբերի, 2023