Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը |aysor.am|

aysor.am: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասով նախապատրաստվում են նյութեր, ԱԺ-ում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասաց դատախազը։Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա՞ անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքեց․«Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»։
16:54 - 30 ապրիլի, 2020
Լուրերը, թե Գլխավոր դատախազը, ԲԴԽ խորհրդի նախագահն ու ՔԿ պետը հանդիպել են վարչապետին և համոզել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության հարցում, կեղծ են

Լուրերը, թե Գլխավոր դատախազը, ԲԴԽ խորհրդի նախագահն ու ՔԿ պետը հանդիպել են վարչապետին և համոզել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության հարցում, կեղծ են

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից տարբեր «լրատվական աղբյուրներից» շրջանառության մեջ են դրվում անանուն, մտացածին, ըստ էության, տիպիկ բամբասանքային բնույթի տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, իսկ մեկ այլ իմպրովիզացիայով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, իբր, փորձել համոզել նրան ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու անհրաժեշտության հարցում։ Այս անհեթեթություններին անդրադառնալու կարիք չէի տեսնի, եթե, փորձելով ակնհայտ սուտը հնարավորինս համոզիչ և ճշմարտանման դարձնել, առանձին շրջանակներ չփորձեին դրանց վրա դեմքի լուրջ արտահայտությամբ «վերլուծություններ» ու մեկնաբանություններ անել։ Ստիպված եմ ուղղակի հայտարարել, որ այդ լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն․ նման ձևաչափով, նման բովանդակությամբ որևէ հանդիպում կամ հանդիպումներ չեն եղել և չեն կարող լինել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցի շուրջ նման որևէ քննարկում ևս չի եղել ու չի կարող լինել։ Դա քրեական դատավարության շրջանակներում գտնվող հարց է, որը կարող է քննարկվել բացառապես այդ համատեքստում։ Հորդորում եմ ձեռնպահ մնալ երևակայության նման արգասիքներով հանրությանը մոլորության մեջ գցելու անտաղանդ փորձերից»։
09:45 - 24 ապրիլի, 2020
Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում․ Գլխավոր դատախազի շնորհավորական ուղերքը Ոստիկանության օրվա առթիվ

Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում․ Գլխավոր դատախազի շնորհավորական ուղերքը Ոստիկանության օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որը մասնագիտական տոն լինելուց առաջ նախ համակարգի կայացվածության և մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ակունքներում վերջինիս կանգնած լինելու խոսուն վկայությունն է: Ձեր ներդրումը մեր երկրում ժողովրդավարության, իրավակարգի և օրինականության,  քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանման առաքելության մեջ դժվար է գերագնահատել: Առաքելություն, որ Ոստիկանությունն այսօր իրականացնում է պատվի և պատասխանատվության մեծ զգացումով՝ արդարորեն վաստակելով մեր հանրության վստահությունը, հարգանքն ու պատկառանքը: Հատկապես ներկայիս ժամանակաշրջանում հասարակության ուշադրության կենտրոնում էր արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների հետ  ոստիկանների ամենօրյա անխոնջ աշխատանքը: Դրա շնորհիվ, մեր աչքի առջև, նաև ի դեմս շարքային ոստիկանի ու ոստիկանության սպայի, հիրավի, վերարժևորվում է նոր, իր ժողովրդի հոգսով ապրող, նրան սրտակից ու կարեկից, անհրաժեշտության դեպքում հանուն համընդհանուր բարօրության՝ սեփական առողջությունը վտանգի տակ դնելով օր ու գիշեր իրեն վերապահված դիրքում, հենակետում իր պարտականություններն արժանապատվորեն կատարող հանրային ծառայողի կերպարը: Այսպիսի գնահատանքն, անշուշտ, ոչ միայն գոհանալու, այլ նաև ավելի պատասխանատվությամբ գործելու ազդակ է, որովհետև սահմանվում է աշխատաոճի, մարդկանց հետ հաղորդակցության, համակարգի առջև դրվող խնդիրների լուծման մի նոր, ավելի բարձր նշաձող, որն ամեն օր հաղթահարելու կարևորությունը, վստահ եմ, գիտակցում է յուրաքանչյուր ոստիկան:     Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում: Իրավախախտումների,  հանցագործությունների կանխարգելումը դրանց դեմ անողոք և անզիջում պայքարը շարունակում է մնալ մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին իրավապահ բոլոր օղակների միջև ներկայումս ձևավորված համագործակցության բարձր մակարդակը երաշխավորում է այդ պայքարում մեր՝ այլընտրանք չունեցող շարունակական հաղթանակը:   Ոստիկանության սիրելի՛ աշխատակիցներ, Կրկին շնորհավորելով մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ առաջին հերթին բնականոն ծառայություն և անդադար ձեռքբերումներ ինչպես անձնական ու ընտանեկան կյանքում, այնպես էլ ձեր բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքում՝ հանուն մեր պետության և ժողովրդի բարօրության, անվտանգության և հանուն մեր վերելքի անխափան երթի»:
13:25 - 16 ապրիլի, 2020
2019-ին աճել են հանցագործության դեպքերը. գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել տարեկան հաղորդումը |1lurer.am|

2019-ին աճել են հանցագործության դեպքերը. գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել տարեկան հաղորդումը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2019 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը: Այն ԱԺ նիստում քննարկվելու է երկամսյա ժամկետում: Իսկ մինչ այդ մեկամսյա ժամկետում փաստաթուղթը կքննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Ըստ փաստաթղթի՝ 2019 թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք (2018 թ.՝ 24.678), որոնցից 14.961-ը (2018 թ.՝ 13.067)՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով (2018 թ.՝ 2266-ով կամ 11.2%-ով): «Հանցավորության շարժընթացի վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների դեպքերի աճն ապահովվել է առավելապես միջին ծանրության (7463 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 27.8%-ը) և ծանր (4490 դեպք կամ ընդհանուր հանցագործությունների 16.7%-ը)  հանցագործությունների հաշվին, սակայն աճել են նաև ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը»,- նշված է դատախազության հաղորդման մեջ:
23:54 - 08 ապրիլի, 2020
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վ․ Գասպարիի վերաբերյալ մեղադրական դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու միջնորդությամբ

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վ․ Գասպարիի վերաբերյալ մեղադրական դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու միջնորդությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը Այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ «Ազատության» հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Վ. Գասպարին չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ: Վ. Գասպարին դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, որի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը  մասնակիորեն բավարարելով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ մարտի 30-ի որոշմամբ դատավճիռը պատժի մասով փոփոխել է և որպես պատիժ է նշանակել ազատազրկում տասնմեկ ամիս ժամկետով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն բողոքը վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ Նշված գործին առնչվող նյութերը և դատական ակտերը ևս ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. կայացած նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռների շարքում: Արդյունքում պարզվել է, որ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են, խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալի պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները: Մասնավորապես՝ մեղադրանքը եղել է անորոշ, վերացական կերպով ուղղակի մեջբերվել է վերագրվող հանցագործությունը սահմանող նորմի դիսպոզիցիան՝ առանց նկարագրելու հանցավոր արարքների կատարման ձևն ու եղանակը: Ընդ որում՝ քրեական գործով տուժող ճանաչված անձ չկա: Այդ պայմաններում անհնար է դարձել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջների կատարումը, և Վ.Գասպարիի արարքում բացակայում է հանցակազմը: Բացի այդ, դատարանը բացառապես հիմնվել է վիճարկվող իրադարձությանն ակտիվ ներգրավված ոստիկանների ցուցմունքների վրա՝ պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որևէ հնարավորություն, ինչով սահամանափակվել է նրա պաշտպանության իրավունքը: Ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշման՝ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝  Վարդգես Գասպարիի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու  պահանջով: ՀՀ գլխավոր դատախազությունում վերոհիշատակյալ ուսումնասիրությունները շարունակվում են: 
19:01 - 20 մարտի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետին եւ գլխավոր դատախազին առնչվող որոշում է կայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետին եւ գլխավոր դատախազին առնչվող որոշում է կայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից  մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։  Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։  2020 թվականի մարտի 06-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում Հանձանաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։  «Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է  անհամատեղելիության պահանջի խախտում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»:  Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել։  Հանձնաժողովը «Ագլա լոյերս» փաստաբանական ընկերության դիմումի հիման վրա, իսկ այնուհետև իր կողմից հայտնաբերված փաստերի շուրջ երկու ամիսների ընթացքում իրականացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից 2013 թվականից մինչև 2019 թվականը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերերի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը մի շարք գրություններ է ուղարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պարկանող գույքի և եկամուտների հայտարարագրերում» տվյալ տարում ձեռք բերված հողամասի վերաբերյալ տվյալները  լրացված չեն։ Հողամասի վերաբերյալ տվյալները հետագայում ներառնվել են 2017 թվականի հայտարարագրում, երբ կառուցվել է տուն և տան նկատմամաբ գրանցվել են սեփականության իրավունքները։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ 2014թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ լրացնելը չի հանդիսացել վարչական իրավախախտում, բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսրքի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել և տույժ նշանակվել, եթե խախտումն իրականցնելուց հետո մեկ տարին չի լրացել։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովն արձանագրել է խախտումը, որպեսզի հայտարարու այլ պաշտոնատար անձանց համար հայտարարգրում նման տվյալների լրացման անհրաժեշտությունը հասանելի լինի և նման խախտումներ չլինեն։   ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից Էթիկայի կանոնների խախտման առիթով վարույթի արդյունքում Հանձնաժողովը  կայացրել է հետևյալ եզրակացությունը։  Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Վահագն Մնացականյանին հասցեագրված պատասխան գրությունը, դրանում օգտագործած արտահայտությունները չեն արտահայտում հանրային ծառայողի կողմից մարդու իրավունքներն հարգելու սահմանադրական պարտականության, բարեկրթության և հարգալիրության սկզբունքի էությունը, այնումենայնիվ, հանրային ծառայողի վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովն իրավաչափ հիմք չունի այն որակել որպես վարքագծի կանոնի խախտում և այդ հիմքով առաջարկել Կարեն Կարապետյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառել։    Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքից` www.cpcarmenia.am, ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։  Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին։
17:29 - 19 մարտի, 2020
Արթուր Դավթյանը 2008թ իրադարձություններին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել |armenpress.am|

Արթուր Դավթյանը 2008թ իրադարձություններին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 2009թ. մարտի 31-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան մայրուղու Արգավանդ գյուղի խաչմերուկում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում գտնվող զինված անձանց զինաթափելու և բերման ենթարկելու ժամանակ նա չի ենթարկվել չշարժվելու մասին իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ավտոմեքենան վարել է նրանց ուղղությամբ և բախվել ոստիկանության ավտոմեքենային, չի ենթարկվել մոտը պահվող հրազենը ներկայացնելու պահանջներին, վնասել է ոստիկանի համազգեստը, բռունցքով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Դատավճռով Վ.Ջհանգիրյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։ Պաշտպանական կողմը դատավճիռը 2009թ. բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը բողոքը մերժել է, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել անփոփոխ, Վ.Ջհանգիրյանը համաներման որոշմամբ նշանակված պատժից ազատվել է։ Իսկ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ պաշտպանության կողմից բերված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. սեպտեմբերին վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ ՀՀ գլխավոր դատախազությունը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով և այլ երկրներին վերաբերող գործերով ՄԻԵԴ որոշումների, ներպետական նախադեպային իրավունքի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2019թ. սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրել է Վ. Ջհանգիրյանին առնչվող դատավճիռը, քրեական գործի նյութերը: Պարզվել է, որ նշված գործերով դատական քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, դատական սխալ, ինչի պատճառով ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝  ստորադաս դատարանները Վ․Ջհանգիրյանի մեղադրանքը հիմնավորելիս ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին և պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել այդ իրադարձություններում, ինչը ողջամիտ կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։  Պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն չի ընձեռնվել մրցակցային դատավարության պայմաններում արդյունավետ վիճարկելու իր դեմ տրված ցուցմունքների արժանահավատությունը, ինչը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման: Պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար այնպիսի համակցություն, որը թույլ կտար ապացուցված համարել Վ.Ջհանգիրյանի կողմից իրեն մեղասգրված արարքները կատարած լինելու հանգամանքը: Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված դատական ակտերը բեկանելու և փոփոխելու, մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու  պահանջով: Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին...»: 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ 2008-2009թ. կայացված դատավճիռների, դրանց առնչվող գործերի ուսումնասիրությունը ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում է:  
11:35 - 16 մարտի, 2020
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է 2019թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է 2019թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Քննարկվել և ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները:   Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ հանցագործությունների տեսակների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների կանխման, հակազդման, բացահայտման, հանցագործություններին նպաստող պատճառների վերացման ուղղություններով կատարված աշխատանքների վրա ներազադող գործոնները, դատախազության գործունեության հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:  2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 8.8 %-ով: Հանցագործությունների դեպքերի աճը տեղի է ունեցել առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների աճի հաշվին, որոնք կազմել են ընդհանուր հանցագործությունների համապատասխանաբար 27.8%-ը և 16.7%-ը: էական նվազում է արձանագրվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով, որի պայմաններում, սակայն, 2018թ. համեմատ 34.3 տոկոսով աճել են սպանությունների դեպքերը: Որոշակիորեն ավելացել են նաև սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության դեպքերը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հանցավորության շարժընթացում արձանագրված միտումներին՝ դրանք խիստ մտահոգիչ է համարել՝ նշելով, որ նպաստող ավանդական գործոնների համակողմանի վերլուծությունը վկայում է, որ հատկապես առաջնային ուշադրության է պետք արժանացնել քրեական հետապնդման բոլոր մարմինների աշխատանքում առկա որոշակի թերացումներին: Գլխավոր դատախազը հատկապես դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց անհապաղ ձեռնամուխ լինել հատկապես մեծ վտանգավորություն ներկայացնող նշված հանցատեսակներով խորը և համակողմանի վերլուծություններին՝ հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները և դրանց հիման վրա ոչ միայն օպերատիվ-հետախպուզական միջոառումներ իրականացնելու կոնկրետ և թիրախային հանձնարարություններ տալ, այլև խստորեն հետևել դրանց կատարման ընթացքին: Այս հարցում հետագա թերացումները, դրսևորված անփույթ և անտարբեր վերաբերմունքը՝ անկախ նրանից՝ որ օղակում է արտահայտվում, պետք է արժանանա խիստ իրավական, իսկ հիմքերի դեպքում նաև քրեաիրավական գնահատականի:         Շարունակվում են լուրջ արդյունքներ արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Ընդհանուր առմամբ 4.7 տոկոսով ավելացել են կոռուպցիոն դեպքերով քրեական վարույթների հարուցումները, 26,6%-ով՝ իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը: Սակայն այս ոլորտում հիմնական դրական որակական տեղաշարժն արձանագրվել է քրեական հետապնդման ոլորտում: Մասնավորապես 2018թ. համեմատ մոտ 59%-ով ավելացել են դատարան ուղարկված կոռուպցիոն գործերը, 68%-ով՝ դատի տրված անձանց թիվը: Միայն վարույթն ավարտված նյութերով, քրեական գործերով և դատարանում  քննված և ավարտված գործերով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը շուրջ 12 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը, իսկ այդ գործերով վերականգնված վնասը նախորդող տարվա համեմատ ավելի է 2.5 անգամ(առավել մանրամասն կհրապարակվի առաջիկայում):  Կոլեգիայի նիստում նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության իրականացրած գործունեության արդյունավետությունը: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 939 իրավախախտում, հարուցվել 228 քրեական գործ, 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար:  Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 33 մլրդ. դրամ, վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամի վնաս: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած նշված ոլորտներում կատարված հսկայածավալ աշխատանքներին, անհրաժեշտ է մի կողմից ակտիվացնել պետական շահերի պաշտպանության գործառույթի լիարժեք իրացմանն ուղղված դատախազության տարածքային ստորաբաժանումների ջանքերը՝ նախապես հստակեցնելով և թիրախավորելով համապատասխան տարածաշրջանններին բնորոշ ռիսկային ոլորտները: Բացի այդ, Արթուր Դավթյանը հանձնարարել է առաջնահերթություն սահմանել հստակ պլանավորված գործողությունների միջոցով հանցագործություններով պետությանը պատճառված վնասի հայտնաբերումն ու վերականգնումը, ինչը դառնալու է արդյունավետության գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը: Բացի այդ խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների գերակտիվ գործադրմամբ նպաստել կոռուպցիոն քրեական գործերով քննությունների հնարավորինս արագ հանգուցալուծմանը և բավարար ապացուցողական բազայի ձևավորմամբ մեղադրական եզրակացություններով գործերը դատարան ուղարկելուն: Ընդ որում՝ շեշտը դրվել է կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ անցնող անձանց կողմից թաքցվող գույքի բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների ձեռնարկման վրա:      Կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը և հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը:  Նկատի ունենալով, որ առանձին տարածքնմերում, որտեղ առավել հետևողականություն է դրսևորվել դատախազության նախաձեռնությամբ անվտանգության տեխնիկական միջոցների տեղադրման հարցում, նկատվել է ինչպես բնակարանային գողությունների նվազման, այնպես էլ բացահայտման ցուցանիշների բարելավման միտում, հանձնարարվել է ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները նաև մյուս տարածքներում՝ գործակցության դաշտ ներգրավելով ՏԻՄ-երին և իրավասու այլ մարմիններին: Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարևորել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության և պատժի նպատակների իրականացման ներդաշնակության ապահովումը՝ դատախազական գործառույթների բացարձակ իրավաչափ իրականացմամբ:   Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ, անդրադարձել, մասնավորապես, քրեական ենթամշակույթի նկատմամբ լիրաժեք անհանդուրժողականության անհրաժեշտությանը:
17:43 - 09 մարտի, 2020
ՀՀ գլխավոր դատախազը դատարաններում քննվող գործերի անհարկի ձգձգումների խնդրով դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին

ՀՀ գլխավոր դատախազը դատարաններում քննվող գործերի անհարկի ձգձգումների խնդրով դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում քննվող քրեական գործերի տևականության խնդիրը: Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում դատավորների վարույթում գտնվող գործերի քննությունը չի համապատասխանում ողջամիտ ժամկետներում դատաքննության այն չափանիշներին, որոնք սահմանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում: Մասնավորապես՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ մի գործով պարզվել է, որ 2017թ. մայիսի սկզբին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելուց հետո գործը հաջորդաբար վարույթ ընդունած 3 դատավորների՝ այլ դատարաններում նշանակվելու հանգամանքով պայմանավորված՝ դատական քննությունը ներկայումս դեռևս գտնվում է նախապատրաստական փուլում։ Նույն իրավիճակն է 2017թ. դեկտեմբերի սկզբին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործի պարագայում: Շուրջ երկու տարի գտնվելով դատարանի վարույթում՝ սույն գործով ոչ միայն չի կայացվել վերջնական դատական ակտ, այլ գործընթացը դեռևս դատաքննության նախապատրաստական փուլում է։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առանձին դեպքերում տևական ժամանակ դատարանում գործերի քննության պայմաններում լրանում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, ինչն առաջացնում է դատավարության մասնակիցների արդարացի դժգոհությունը։ Մասնավորապես՝ 2017թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, դատավորի կողմից ընդունվել վարույթ, սակայն այս գործով նշանակված 36 դատական նիստերից կեսը՝ 18-ը, չի կայացել, ընդ որում՝ հիմնականում դատարանի ծանրաբեռնվածության կամ արձակորդում գտնվելու պատճառով։ Դատական քննության ձգձգումը ի վերջո հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրացման, ինչով պայմանավորված՝ քրեական գործի վարույթը կարճվել է և ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։ Նկատի ունենալով, որ նման պրակտիկայի հետևանքով խախտվում է յուրաքանչյուր անձի՝ անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, ինչպես նաև հնարավորություն չի ստեղծվում անձանց մեղավորության հաստատման դեպքում իրականացնել պատժի նպատակները, վտանգվում է սոցիալական արդարության վերականգնման սկզբունքի իրագործումը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին: ՀՀ գլխավոր դատախազը խնդրել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել նման ձգձգվող գործերը,  միջոցներ ձեռնարկել դատարանների վարույթում քննվող քրեական գործերով դրանց քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ և ձեռնարկված միջոցների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն։ Արթուր Դավթյանը նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ապահովել, որպեսզի բացառվի առանց ծայրահեղ և հարգելի անհրաժեշտության՝ դատարաններում մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալը:      
13:22 - 04 մարտի, 2020
Արթուր Դավթյանն ԱՀ գործընկերոջ հետ վարել է Արցախի ընտրություններին նվիրված խորհրդակցությունը

Արթուր Դավթյանն ԱՀ գործընկերոջ հետ վարել է Արցախի ընտրություններին նվիրված խորհրդակցությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 19-ին հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել են ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացմանն առնչվող հարցերը: ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ դրսևորման և քվեի հստակ հետևանքների ապահովման երաշխիքներ պետք է ունենա: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես ԱՀ դատախազության դերակատարությունն ու պատասխանատվությունը: «Այս իմաստով, վստահ եմ, հանդուրժողականություն չի դրսևորվելու անգամ ամենափոքր հանցավոր իրավախախտման նկատմամբ»,-ասել է Արթուր Դավթյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս տարածքներում աշխատող դատախազներին օպերատիվ և գործնական աջակցության ցուցաբերման, հնարավոր հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով շահագրգիռ այլ օղակների՝ ԱՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող և այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության մեխանզիմները, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ փորձի փոխանակման համատեքստում ԱՀ դատախազների և քննչական կոմիտեի քննիչների համար համապատասխան դասընթացների կազմակերպման հնարավորությունները:  
09:00 - 20 փետրվարի, 2020
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման հիմնահարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչներ: ՀՀ-ում առկա՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու դրսևորումների, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների, դրանց տեղակայումների, գործունեության հայտնի մեխանիզմների, ինչպես նաև համանման օրենսդրական կարգավորումներ ունեցող երկրների իրավակիրառ լավագույն փորձի վերաբերյալ կատարված ուսումնասիրության և վերլուծությունների հիման վրա քննարկվել են կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր դրսևորում հանդիսացող քրեական ենթամշակույթի քրեականացված արարքների քրեաիրավական բնութագրին, այդ արարքների նախականխման, բացահայտման, քննության և մեղավոր անձանց  պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառման իրավական մեխանիզմներին առնչվող հարցեր: Հաշվի առնելով այս արարքների նոր քրեականացման պայմաններում համապատասխան քրեադատավարական պրակտիկայի բացակայությունը՝ հնարավորինս դետալային անդրադարձ է կատարվել նման դեպքերով անհրաժեշտ միջոցառումների շրջանակին, քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննության մարմինների արդյունավետ համագործակցության եղանակներին, դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին առնչվող խնդիրներին: Ուշադրություն է դարձվել քրեական ենթամշակույթի դեմ համակողմանի և հետևողական պայքարին այդ ենթամշակույթի կրող խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերի կանխարգելման, չեզոքացման կառուցակարգերին: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից: Այդ իմաստով, ըստ Արթուր Դավթյանի, բոլոր հնարավոր մեխանիզմներն ու իրավաչափ ռեսուրսներն օգտագործվելու են հասարակական հարաբերություններում, մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում քրեական ենթամշակույթն իր բոլոր դրսևորումներով արմատախիլ անելու համար՝ այդ ճանապարհին ապահովելով հնարավորինս արագ, շոշափելի և առարկայական արդյունքներ:          Շահագրգիռ քննարկման ընթացքում խնդիր է դրվել հանրային միջավայրերում, հատկապես երիտասարդության ու դեռահասների շրջանում, քրեական ենթամշակույթի ազդեցությունն ու նշանակությունը նվազեցնելու, դրա դեմ պայքարին միտված օրենսդրական և քրեաիրավական նոր կարգավորումների, վերջիններիս նպատակների, խնդիրների ու կիրարկման հետևանքների պարզաբանման նպատակով իրականացնել հանրային իրազեկման համալիր միջոցառումներ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև քրեական հետապնդման արդյունավետության, իրավական որոշակիության սկզբունքի ապահովման համատեքստում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների, քրեական հեղինակություն հասկացության, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման ապացուցողական բազայի, միասնական չափանիշների ապահովման խնդրի վրա: Խորհրդակցության ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ որոշվել է ապահովել խիստ մասնագիտացում, առանձնացնել այս գործերով զբաղվող կոնկրետ դատախազների և քննիչների՝ աշխատանքների պատշաճ արդյունավետությունն ապահովելու նպատակով: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցավոր նման խմբավորումների հետ հնարավոր կապերի, համագործակցության դրսևորումներն արմատախիլ անելու, նման դեպքերի հայտնաբերման դեպքում խիստ պատժողական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկային առնչվող այլ հարցեր, որոշվել է աշխատանքային կարգով շարունակել քննարկումները: 
11:03 - 19 փետրվարի, 2020
Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
17:04 - 17 փետրվարի, 2020
Ամփոփվել են մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի և Երևան քաղաքի դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Ամփոփվել են մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի և Երևան քաղաքի դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Երևան քաղաքի դատախազություն՝ ամփոփելու 2019թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, ինչպես նաև Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները: Հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը ներկայացրել է առանձին հանցատեսակներով արձանագրված միտումները, քրեական հետապնդման մարմինների կողմից դրանց դեմ տարվող աշխատանքներում արձանագրվող թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները: Ըստ այդմ՝ 2019թ. Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 14961 դեպք՝ նախորդ տարվա 13067 դեպքի փոխարեն, այսինքն հանցագործության դեպքերն ավելացել են 1894-ով կամ 14.5 տոկոսով: 2019թ. Երևան քաղաքում արձանագրվել է սպանության 17 դեպք, նախորդ տարվա 12-ի դիմաց, բացահայտվել է դրանց 86.4%-ը՝, նախորդ տարվա 85․7%-ի դիմաց: 25 տոկոսով կամ 3 դեպքով (12-9) նվազել են սպանության փորձի դեպքերը: Հաշվետու տարում 10 դեպքով կամ 2․3%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը, ինչին զուգահեռ, սակայն, մոտ 5 տոկոսային կետով աճել է նաև այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 74,1 %: 8 դեպքով կամ 32%-ով ավելացել են ավազակության դեպքերը (25-33), սակայն 13 տոկոսով բարելավվել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը՝ նախորդող տարվա 74.4%-ի դիմաց 2019թ. կազմելով 87.5%: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել բնակարանային գողության դեպքերի շարունակվող աճը և բացահայտման ցուցանիշների ցածր մակարդակը: 2019թ. արձանագրվել է նման 859 դեպք, որը 58 դեպքով կամ 7․2%-ով ավելի է 2018թ. համեմատ: Նախորդ տարի բոլոր վարչական շրջաններում ձեռնարկվել են այս հանցագործության հակազդման որոշակի միջոցներ՝ հատկապես բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու, լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ: Դրանց արդյունքում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են՝ կազմելով 13%՝ նախորդող տարվա 9,6%-ի դիմաց:  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, ինչպես առկա արդյունքները, այնպես էլ կատարված կանխարգելիչ աշխատանքները գնահատեց ոչ բավարար: Գլխավոր դատախազը հանձնարարել է առավել մեծ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ինչպես  քաղաքային իշխանությունների, այնպես էլ համատիրությունների, բնակիչների հետ անմիջական համագործակցություն ծավալելու միջոցով: 2019թ. ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 703 դեպք՝ նախորդ տարվա 575 դեպքի դիմաց: Այսինքն՝ դեպքերն աճել են 128-ով, կամ 22.3%-ով, ինչին զուգահեռ 3 դեպքով (67-70) ավելացել են մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը: Բացահայտման տոկոսը ևս աճել է՝ կազմելով 86.4 նախորդ տարվա 82.7-ի դիմաց: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությմաբ հանձնարարել է քարտեզագրել մայրաքաղաքի ճանապարհային հանգույցի առավել ռիսկային գոտիները և ըստ պատահարների կամ հանցավոր դրսևորումների պատճառների՝ նախաձեռնել դրանց վերացմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ:    Նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 272 կոռուպցիոն հանցագործության դեպքով հարուցված քրեական գործ: Երևան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում մեծ է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (150), կաշառք ստանալու, տալու և միջնորդության (74) տեսակարար կշիռը: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ շեշտել է հատկապես կոռուպցիոն գործերով քննությունների արագ հանգուցալուծմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների՝ նախաքննական մարմիններին նպատակային ցուցումներ, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականցնող մարմիններին կոնկրետ հանձնարարություններ տալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք չպետք է կրեն ֆորմալ բնույթ և դրանցով առարկայական արդյունքների չապահովման դեպքում պետք է դիտարկվի իրավական հետևանքների առաջացման հարցը:    Երևան քաղաքի դատախազությունը 2019թ զգալի աշխատանքներ է կատարել պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում: Մասնավորապես, ուսումնասիրվել են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական լիազորությունների արդյունքները, 2017-2018թթ. ընթացքում սոցիալական ապահովության և բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ միջոցներ ձեռնարկելու պրակտիկան: Ուսումնասիրություններ են կատարվել նաև առանձին ոլորտներում Երևան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների, Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների զբոսայգներում հողամասերի օտարման կամ վարձակալության հանձնելու, դրանցում կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու և մի քանի այլ հարցադրումների շրջանակներում:    Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում հայտնաբերվել է հանցագործությամբ պետությանը պատճառված 4.712.912.421 դրամի վնաս, որից վերականգնվել է 453.053.527  դրամը: Հանցագործությամբ պատճառված վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով և Երևան քաղաքի դատախազության դատավարական ղեկավարման ներքո քննվող՝ Ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ հսկողության համակարգերի հավատարմագրային կառավարման ոլորտում չարաշահումների վերաբերյալ գործով: Արթուր Դավթյանը գոհունակություն է արտահայտել պետությանը պատճառված վնասի վերականգնման, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության գործառույթի իրացման ուղղությամբ ծավալված գործունեությունը և խնդիր դրել արձանագրված աննախադեպ արդյունքներն այս տարվա ընթացքում ավելի զարգացնել:   Ամփոփելով Երևանի քաղաքում հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը՝ ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է վերջիններիս կողմից կատարված մեծ ծավալի աշխատանքները և հատկապես այդ հարցում ձևավորվող համագործակցության նոր որակներն ու դրսևորումները: Այդուհանդերձ՝ նա հանձնարարել է հանցագործությունների առավել մեծ և մտահոգիչ աճ արձանագրած բոլոր ուղղություններով ակտիվացնել հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը միտված աշխատանքը: Այս տեսանկյունից նա առանձնահատուկ շեշտել է յուրաքանչյուր քրեական գործով տվյալ հանցագործությանը նպաստող պայմանների ու պատճառների մանրամասն վերլուծությունը և համապատասխան միջնորդագրերով դրանց վերացմանը հետամուտ լինելը՝ ինչպես միջնորդագրերի քննարկմանը մասնակցությունն  ցուցաբերելով, այնպես էլ դրանց հիման վրա նախանշված գործողությունների կատարմանը հետամուտ լինելով: ՀՀ գլխավոր դատախազը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև քրեական ենթամշակույթի դեմ սկսվող պայքարին նախապատրաստվելու խնդրի վրա՝ նշելով, որ այդ չարիքը պետության ունեցած իրավաչափ ողջ գործիքակազմի կիրառմամբ արմատախիլ անելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեության կոնկրետ արդյունքները հասարակությունը պետք է տեսնի հնարավորինս կարճ ժամանակահատվածում, և համապատասխան քրեական տարրերը պետք է բավարար հիմքերի առկայությամբ հնարավորինս շուտ մեկուսացվեն հասարակությունից: Արթուր Դավթյանը հատուկ ընդգծել է այդ տարրերի հետ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հնարավոր առնչությունները չեզոքացնելու խնդիրը՝ որպես  առաջնահերթություն:    
10:32 - 15 փետրվարի, 2020
Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Զինված ուժերում հանցագործությունները նվազել են 18.5%-ով. ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեության արդյունքները

Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության  դեմ անցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:   Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. ԶՈՒ-երում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով: Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական   տեխնիկայի   օգտագործման   կարգի   դեմ    ուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցոցւանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում: Վերլուծությունը ցույց է տվել, որ հատկապես բռնություններով պայմանավորված դեպքերը, այն է՝ զինծառայողների կողմից կանոնագրքով նախատեսված փոխհարաբերությունների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելը՝ իրենց թվացյալ առավելությունը ցույց տալու, կամ այդպիսի առավելությունն ընդգծելու, ծառայության ընթացքում իրենց համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև զինվորական կարգապահությանը չհարմարվելու և փողոցային բարքերով առաջնորդվելու հետևանք են: Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադառնալով այս խնդրին, ինչպես նաև բանակում արձանագրվող մահվան դեպքերին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, ինչը իրավապահ մարմինների և ՀՀ ԶՈւ ղեկավարության աշխատանքի արդյունավետության վկայությունն է, 2020թ. հիմնական առաջնահերթություններից է դառնում նման հանցագործությունների կանխարգելման, դրանց նպաստող պայմանների ու պատճառների  վերացման ուղղությամբ առավել քան ակտիվ աշխատանքները: Այդ շրջանակներում անողոք պայքար է մղվելու բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ դրսևորումների վերացման, զինծառայողների հետ ինտենսիվ բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ցանկացած առանձնապես ծանր հանցագործության դեպքով քննության առարկա է դառնալու նաև դրանց կանխման, բացահայտման պարտավորություններ ունեցող պաշտոնատար անձանց գործողությունները և խիստ վերահսկողություն է իրականացվելու տրված վերոնշյալ հանձնարարականների կատարման նկատմամբ: Թեև Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել զինվորական դատախազության դատախազների կողմից հանցագործություններին նպաստող գործոնների վերացմանն ուղղված միջնորդագրերով պատկան պետական օղակներին դիմելու նախաձեռնողականության առթիվ, սակայն նշել է, որ դրանք պետք է առավել ինտենսիվ դարձնել՝ զուգահեռաբար հետևողականություն ցուցաբերելով դրանցում նշված խնդիրների վերացման ուղղությամբ գործուն միջոցների ձեռնարկմանուղղությամբ: Ըստ վերլուծությունների՝ արձանագրվում են դեպքեր, երբ  հանցագործությունները հետևանք են սպայական անձնակազմի կողմից կատարված հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպիսիք են զինծառայողների նկատմամբ համածառայակիցների, կրտսեր և ավագ սպայական կազմի ներկայացուցիչների կողմից դրսևորվող ոչ կանոնագրքային վարքագծի տարաբնույթ դրսևորումները: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ սպայակազմի վարքագծի փոփոխության ուղղությամբ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը: Այս իմաստով հատկանշական է, որ զգալիորեն՝ 33,1 %-ով կամ 87 դեպքով նվազել է հանցավորության մակարդակը սպաների շրջանում: Եթե 2018թ. ընթացքում արձանագրվել է սպաների կողմից կատարված հանցագործությունների 263 դեպք, ապա 2019թ․դրանց թիվը կազմել է՝ 176: Արթուր Դավթյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ի հետ գործակցության հիմնական ուղղություններից է զորամասերում տարաբնույթ հանացագործությունների կանխման և բացահայտման հարցում ԶՈՒ այս ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի շահագրգռության բարձրացման գործուն մեխանիզմների ներդրումը: Այդ շրջանակներում, ըստ գլխավոր դատախազի, էական է, որպեսզի հանցագործությունների կանխման և բացահայտման ցուցանիշները որպես դրական գործոն դիտարկվեն զորամասերի ղեկավարների աշխատանքի գնահատման հարցում: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է, որ շարունակվում է նաև դրական դինամիկան ինչպես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այնպես էլ ԶՈւ-երում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառունթների իրականացման ոլորտներում: Մասնավորապես, եթե  2018 ընթացքում վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 291 քրեական գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 296: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 404 ուսումնասիրություն, որոնց արդյունքում ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12մլրդ ՀՀ դրամ  վնաս, ինչը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. ցուցանիշը: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է մոտ 1.3 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը կրկնակի ավելի է 2018թ. արդյունքներից: 2019թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 503 քրեական գործ՝ 752 անձի վերաբերյալ: 306 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է դատավճռի կայացմամբ, որոնցով դատապարտվել  է 416 անձ: Մեղադրանքի պաշտպանության դատախազական գործառույթի կիրառման արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է, որպեսզի հատկապես մահվան ելքով քրեական գործերի դատական քննության փուլում ղեկավար դատախազներն անմիջականորեն ներգրավվեն մեղադրանքի պաշտպանության գործընթացում: Բացի այդ,  Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել բավարար ապացույցների համակցության առկայության դեպքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ հնարավորինս շուտ ուղարկել դատարան՝ ոչ միայն համաչափ պատժի անխուսափելիության ապահովման սկզբունքից ելնելով, այլ նաև հաշվի առնելով ինքնին դատական քննությունների նշանակությունը հանցագործությունների կանխարգելման առումով: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել զորամասերում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման մեխանիզմների, զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հմտրությունների բարձրացման հարցերում ՀՀ դատախազության և ՀՀ ՊՆ-ի համագործակցության հեռանկարների շուրջ: ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ պաշտպանության նախարարը բարձր են գնահատել դրված խնդիրների համատեքստում երկու գերատեսչությունների գործակցության մակարդակը:
19:24 - 11 փետրվարի, 2020
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող պաշտոնյա, պետական ծառայող և սպա։Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից այս ցավալի կորստի առթիվ վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ թեև իրականում դժվար է գտնել սփոփանքի խոսքեր»։ ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննությամբ բոլոր վարկածների մանրակրկիտ ստուգումը և վերջնական իրավական գնահատական տալը։ Միաժամանակ դատախազությունը հետամուտ է լինելու նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկության և հանրային իրազեկման ապահովմանը։
11:25 - 18 հունվարի, 2020