Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
11:25 - 18 հունվարի, 2020

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով առաջնորդվող պաշտոնյա, պետական ծառայող և սպա։

Անձամբ իմ և դատախազության ողջ անձնակազմի անունից այս ցավալի կորստի առթիվ վշտակցությունս եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին՝ թեև իրականում դժվար է գտնել սփոփանքի խոսքեր»։

ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննությամբ բոլոր վարկածների մանրակրկիտ ստուգումը և վերջնական իրավական գնահատական տալը։

Միաժամանակ դատախազությունը հետամուտ է լինելու նախաքաննության ողջ գործընթացի հնարավորինս թափանցիկության և հանրային իրազեկման ապահովմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել