Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Վիճակախաղերի մասին» օրենքում կատարվելիք փոփոխություններին: Նա նշում է․ «Բուքմերական ընկերությունների հետ կապված Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկար քննարկումներից հետո արժանացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ Սակայն պրն Սիմոնյանի առաջարկած նախնական տարբերակի մեջ մի քանի փոփոխություններ են լինելու։ Բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։ Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը։ Ինչ վերաբերում է գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումներին, ապա դրանք կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։ Միևնույն ժամանակ, մինչև գրասենյակների փակվելը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կմշակվի օրենսդրական փաթեթ՝ օնլայն խաղադրույքներ կատարելու հասանելիությունը սահմանափակելու համար։ Առաջիկայում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նաև վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը կտրուկ սահմանափակող օրենքի նախագիծը»:
05:30 - 27 մայիսի, 2019
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով. Բաբկեն Թունյան

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով. Բաբկեն Թունյան

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի իր գրառմամբ հայտնել է, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.«Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։ Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն): Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։ Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ավելի քիչ։ Պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։ Մնացած մանրամասները կներկայացնենք ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ տնտեսական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովների անդամ բոլոր պատգամավորներին շահագրգիռ և արդյունավետ քննարկում ծավալելու համար։ Ինչպես նաև՝ կառավարության և ԿԲ ներկայացուցիչներին՝ կառուցողական դիրքորոշման համար»։
08:37 - 25 մայիսի, 2019
Պատգամավորը գործադիրին առաջարկում է արագացնել ռեստորանների հարկերը թեթևացնող նախագծի ընդունումը |panarmenian.net|

Պատգամավորը գործադիրին առաջարկում է արագացնել ռեստորանների հարկերը թեթևացնող նախագծի ընդունումը |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հարկային բեռի թեթևացման վերաբերյալ նախագիծ։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի չափով՝ ներկայումս գործող 58.35 մլն դրամի փոխարեն: ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 մլն դրամից նվազել է և դարձել 58.35 մլն դրամ, ինչը փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում է: Պատգամավորի ներկայացված նախագծում նշվում է, որ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է նշված շեմի փոփոխություն և 115 մլն դրամի չափով սահմանում, սակայն, հաշվի առնելով դրա ընդունման ժամկետների և ընթացակարգերի ժամանակատարությունը, անհրաժեշտություն կա այդ փոփոխությունն իրականացնել ավելի շուտ՝ առանձին օրենսդրական նախաձեռնության տեսքով։ Հանրային սննդի ոլորտի գործունեությունը 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ և նախատեսվել է, որ հետագա տարիներին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռը աստիճանաբար կբարձրանա: Պատգամավորի ներկայացրած նախագծում նշվում, որ տնտեսավարող սուբյեկտների հարկման պայմանների բարելավման նպատակ` կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով՝ իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից: «Սակայն խնդիրն այն է, որ տվյալ ոլորտի ընկերությունները 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 20-ը: Քանի որ Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Հարկային օրենսգրքի փաթեթը մինչև նշված ժամկետը հնարավոր չէ ընդունել, ուստի տնտեսվարողները ստիպված են լինելու հաշվետվությունները ներկայացնել ըստ նախկին կարգավորման (8% - 5%), որից հետո ճշգրտել այդ հաշվետվությունները՝ ըստ բարելավված դրույթների։ Նշված խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք թե շրջանառության հարկի շեմի և թե հանրային սննդի ոլորտի հարկման դրույքաչափերի մասով կարգավորումները՝ որպես առանձին օրենսդրական նախաձեռնություն, արագացված կարգով քննարկել ԱԺ-ում և ընդունել:», - ասվում է նախագծում։
06:52 - 25 ապրիլի, 2019
ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չէ․ Բաբկեն Թունյան

ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չէ․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի բարեկամներ, ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել։ Դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային Օրենսգրքում։ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Նախագիծը վաղը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, իսկ երկրորդ ընթերցումը լինելու է 24 ժամյա ռեժիմով։ Այսինքն, օրենքը, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում վերջնական կընդունվի երեքշաբթի օրը, հետո կստորագրվի երկրի նախագահի կողմից։ԺԱՄԿԵՏԻ պահով։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից, սակայն քանի որ տեխնիկապես դա արդեն անհնար էր, մեր կողմից առաջարկվել է ժամկետը փոխել՝ օրենքի պաշտոնական հրապարակման պահին հաջորդող ամսվա 1-ից։ Առաջարկն ընդունվել է։ Այսինքն, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, գազը կգ-ով կվաճառվի մայիսի 1-ից։ Ինչ վերաբերում է վերջին օրերին որոշ գազալցակայաններում գազի թանկացմանը, ապա դա այս փոփոխության հետ կապ չունի, և այդ խնդրով պետք է զբաղվեն Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»։  
05:51 - 08 ապրիլի, 2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են վիճակախաղերի ու շահումով խաղերի մասին օրենքներում փոփոխությունների օրինագծերը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են վիճակախաղերի ու շահումով խաղերի մասին օրենքներում փոփոխությունների օրինագծերը

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 4-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:  Քննարկմանը մասնակցել և օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել վիճակախաղեր կազամակերպող ընկերությունների եւ ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացուցիչներ: Նախագծերով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սեւան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում: Ներկայումս վիճակախաղեր կազմակերպվում են երկրի ողջ տարածքում: ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության ընդունումը, նշել է, որ այն կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև խաղամոլության դեմ պայքարին: Նշվել է, որ նախագծերը նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու անմիջական հնարավորությունը: Օրենսդրորեն սահմանվում է նաեւ այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու օրինական կարգով սահմանափակել մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունը: «Գուդվին Բետ» ՍՊԸ, «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ, «Աջարաբեթ», «Դիջիգեյմ» ընկերությունների պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ կստեղծվեն ընդհատակում գործող խաղասրահներ: Կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման եւ շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման: Նրանք առաջարկել են թույլատրել յուրաքանչյուր մարզում և Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկական կետի գորուծունեություն ծավալել: ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացուցիչ Արման Մանասերյանը տեղեկացրել է, որ վիճակախաղ կազմակերպող ընկերությունների համար պետական տուրքը կազմում է 500 մլն դրամ եւ, եթե փոփոխությունները կյանքի կոչվեն, ապա պետական բյուջե մուտքերը կնվազեն: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել է մինչև հանձնաժողովում օրինագծերի փաթեթի քննարկումը ներկայացնել առավել համապարփակ տեղեկատվություն ֆինանսական խնդիրների վերաբերյալ:  
15:12 - 04 ապրիլի, 2019
ԱԺ-ում այսօր կքննարկվի Հարկային օրենսգիրքը

ԱԺ-ում այսօր կքննարկվի Հարկային օրենսգիրքը

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Սկսում ենք քննարկել Հարկային օրենսգիրքը Հարգելի գործընկերներ։ Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։Փաթեթի քննարկման համար գլխադասային է նշանակվել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Այդ կապակցությամբ այսօր ժամը 15:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ հենց ՀՕ փաթեթի քննարկման նպատակով։ Օրակարգում են՝ 1. ՓՄՁ-ներին առնչվող հարկային օրենսդրությունում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներ:2. ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՕ-ի նախագծում առկա ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթներ:3. Այլ հարցեր: ՓՄՁ աշխատանքային խմբի ՓՄՁ շահերը ներկայացնող անդամ կառույցներն են՝ 1. ՓՄՁ Ասոցիացիա:2. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն:3. Երևանի Առևտրաարդյունաբերական պալատ:4. Հայկական բիզնես կոալիցիա:5. Հայաստանի գյուղատնտեսական դաշինք:6. Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն:7. Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա:8. Հայաստանի հյուրատների զարգացման ասոցիացիա: Քննարկմանը մասնակցելու են ներկայացուցիչներ՝ ֆինանսների նախարարությունից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից։ Քննարկումը բաց է լուսաբանման համար և ուղիղ հեռարձակվելու է»։  
06:25 - 01 ապրիլի, 2019
Հայտարարագրում՝ եկամտային հարկի նվազեցման դիմաց․ Բաբկեն Թունյանի այլընտրանքային առաջարկը

Հայտարարագրում՝ եկամտային հարկի նվազեցման դիմաց․ Բաբկեն Թունյանի այլընտրանքային առաջարկը

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Հարգելի բարեկամներ,  Ինչպես և խոստացել էի, ներկայացնում եմ եկամտային հարկի փոփոխության մի տարբերակ՝ որպես այլընտրանք առաջարկվող համահարթ դրույքաչափի տարբերակին։  Հատուկ ընդգծեմ՝ սա գաղափար է, որը օրենսդրական նախաձեռնություն դարձնելու ուղղությամբ դեռ որևէ քայլ չի կատարվել։ Գաղափարը քննարկվել է ՀՀ մեծ թվով տնտեսագետների հետ և բոլորի կողմից ընդունվել է։ Ակնկալում եմ ակտիվ մասնագիտական քննարկում՝ առայժմ մեկնաբանությունների տեսքով։ Հայտարարագրում՝ եկամտային հարկի նվազեցման դիմաց(քեշբեք) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում բազմիցս նշել է, որ պետությունը պետք է խրախուսի բարձր աշխատավարձերը։ Այդ թվում, հարկային համակարգի առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ներկայումս գործող 23%, 28%, 36% պրոգրեսիվ հարկման ռեժիմից անցնել 23% համահարթ հարկման ռեժիմի։ Արդյունքում բարձր աշխատավարձ ստացողների տնօրինվող եկամուտը էապես կբարձրանա։  Առաջարկում ենք եկամտային հարկի այլընտրանքային տարբերակ, որը բոլոր վարձու աշխատողներին 23%-ով հարկվելու հնարավորություն տալով հանդերձ՝ միաժամանակ կապահովի այլ էական լրացուցիչ առավելություններ։ Այսպես, այն մարդիկ, որոնց եկամուտներն ընկնում են 28% և 36% հարկման ռեժիմի տակ, ապագայում կամավոր հայտարարագիր ներկայացնելու դեպքում կարող են նվազեցումներ կատարել եկամտային հարկից ընդհուպ այն չափով, որ հարկման փաստացի դրույքաչափը կազմի 23%։ Մասնավորապես, եթե հարկվող սուբյեկտը ծախսեր է հայտարարագրել պետության կողմից գերակա ճանաչվող ուղղություններով (առողջապահություն, կրթություն, մշակույթ) և հիպոթեկային վարկի մարման գծով, ապա ետ կստանա վճարված եկամտային հարկի մի մասը (հայտարարագրված ծախսերի չափով)։ Ընդ որում, նվազեցումների առավելագույն ընդհանուր չափը պետք է լինի այնպիսին, որի դեպքում փաստացի եկամտային հարկի դրույքաչափը պակաս չի լինի 23%-ից։ Ամսական 3 մլն դրամ կեղտոտ աշխատավարձ ստացողի օրինակով ցույց տանք՝ ինչպես է դա աշխատում. Գործող հարկային օրենսդրությամբ 3 000 000 դրամ աշխատավարձ ստացողի համար եկամտային հարկը կազմում է․ամսական 912.5 հազար դրամ (30.5% էֆեկտիվ տոկոսադրույք),տարեկան՝ 10 մլն 950 հազար դրամ։ Կառավարության կողմից առաջարկվող համահարթ 23%-ով հարկվելու դեպքում հարկը կկազմեր․ ամսական՝ 690 հազար դրամ,տարեկան՝ 8 մլն 250 հազար դրամ։ Համահարթ 23%-ով հարկվելու դեպքում եկամտային հարկի տարբերությունը (վարձու աշխատողի շահածը) կկազմի․ ամսական՝ 222.5 հազար դրամ,տարեկան՝ 2 670 հազար դրամ։ Ըստ մեր առաջարկած տարբերակի․3 մլն դրամ ստացողը տարվա ընթացքում եկամտային հարկը վճարում է ըստ գործող պրոգրեսիվ սանդղակի՝ ամսական 912.5 հազար դրամ (տարեկան՝ 10 մլն 950 հազար դրամ)։ Եթե նա հաջորդ հարկային տարվա ապրիլին ԿԱՄԱՎՈՐ լրացնում է ծախսերի և եկամուտների հայտարարագիր, և եթե նրա կատարած ծախսերի մեջ կան կրթությանը, առողջապահությանը, մշակույթին և հիպոթեքային վարկի մարմանն ուղղված ծախսեր, ապա կառավարությունը նրան 2 ամսվա ընթացքում հետ է վերադարձնում մինչև 2 մլն 670 հազար դրամ։ 3 մլն դրամ ստացողի եկամտային հարկի փաստացի դրույքաչափն այսպիսով կազմում է 23% (ամսական՝ 690 հազար դրամ ամսական, կամտարեկան՝ 8 մլն 250 հազար դրամ)։ Այս տարբերակի առավելությունները1. Խրախուսվում է բարձր աշխատավարձը, ինչի մասին շեշտադրում է վարչապետը։ Պետությունը բարձր ստացողներին հնարավորություն է տալիս հարկվել 23%-ով՝ փոխարենը պահանջելով թափանցիկություն, 2. Սահուն ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների և ծախսերի հայտարարագրման մեխանիզմը,  3. Նպաստում է բարձր ստացողների և նրանց գործատուների թափանցիկության ավելացմանը, 4. Կրճատում է ստվերը այլ ոլորտներում (աշխատավարձ ստացողը շահագրգռված է լինում փաստաթղթեր ստանալ իր կատարած ծախսերի դիմաց), 5. Նվազեցնում է պետբյուջեի կորուստը։ Ներկայումս առաջարկվող փոփոխությունների 27.5 մլրդ դրամի փոխարեն բյուջեի կորուստն ավելի քիչ է լինում, քանի որ ոչ բոլոր բարձր ստացողները կհայտարարագրեն իրենց բոլոր ծախսերը, ոչ բոլոր հայտարարագրողները կհայտարարագրեն բոլոր ծախսերը։ 6. Բյուջեի բեռը 2020 թվականից տեղափոխում է 2021 թվականի կեսեր (2020 թվականի հայտարարագրերը լրացվում են 2021 թվականի ապրիլին, գումարը ետ է տրվում մայիս-հունիսին),7. Բարելավում է է սոցիալապես ունևոր խավին վերաբերող վիճակագրությունը։Հ. Գ. – Այս տարբերակը կարող է լինել միջանկյալ լուծում։ 2021 կամ 2022 թվականից կարող է անցում կատարվել համահարթ եկամտային հարկի՝ միաժամանակ պահպանելով հայտարարագրման պահանջը և այն աստիճանաբար տարածելով նաև եկամտային ավելի ցածր շեմերի տակ գտնվողների համար։ Նախապայմանները․1. Կա բավարար ժամանակ՝ ավելի քան 1.5 տարի (մինչև 2021թ. ապրիլ) հայտարարագրերի ձևն ու մեխանիզմները մշակելու համար։ 2. Բարձր աշխատավարձ ստացող սեգմենտի ֆինանսական գրագիտության մակարդակն ավելի բարձր է, այսինքն հայտարարագիրը մշակելու դժվարություն չեն ունենա»։  
12:20 - 28 մարտի, 2019
Գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում. դա տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծելու. Բաբկեն Թունյան |Tert.am|

Գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում. դա տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծելու. Բաբկեն Թունյան |Tert.am|

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում այդ մարդկանց համար: Դա տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծելու: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Այդ գումարն ի սկզբանե եղել է, 20 տարի փոփոխության չի ենթարկվել, և ժամանակն էր, որ վերանայվեր, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ՀՀ-ում մենք գործ ունենք մի քանի հարյուր տնտեսվարող սուբյեկտների հետ»,- ասաց Բաբկեն Թունյանը:Նրա խոսքով՝ ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ և 130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի. «Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ և իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում, ինչը իրենց համար խնդիրներ է ստեղծելու»,- նշեց տնտեսական հանձնաժողովի նախագահը: Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է 60 անգամ ավելացնել գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը: Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 միլիոն դրամ պետական տուրք: Հարցին, թե տեղի՞ն է միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Կքննարկենք, կհասկանանք: Երկու կողմերին էլ կլսենք, ըստ դրա՝ որոշում կկայացնենք: Ամեն մի որոշում պետք է փաստարկված լինի, կարևորը փաստարկներն են, ոչ թե ներկայացնողները կամ շահառուները»: tert.am
12:32 - 12 մարտի, 2019
«Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում».Բաբկեն Թունյան

«Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում».Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում խոսելով Արսեն Թորոսյանի՝ հակածխախոտային նախաձեռնությունների մասին, նշում է․«Ինձ շատերը հարցնում են՝ ինչպե՞ս եմ վերաբերվում առողջապահության նախարար Arsen Torosyanի հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետևանքները։ Ես հիմա կգրեմ էն, ինչ պատասխանում եմ. Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար առաջնային է մարդկանց առողջությունը։  Մենք էլ պիտի մեր գործը իդեալական անենք՝ որպես տնտեսական բլոկի պատասխանատուներ, տնտեսական շահերը առաջ տանողներ։ Իհարկե, դա չի նշանակում, որ Արսեն Թորոսյանը տնտեսության մասին չի մտածում, կամ ես ու մեկ ուրիշը՝ առողջության մասին։  Բայց մեր ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ բախման արդյունքում պիտի գանք օպտիմալ լուծմանը, որը լավագույնս կհավասարակշռի տնտեսական ու առողջապահական շահերը։Ընդհանրապես, նման դեբատները իշխանության ներսում միջև (ասենք, ֆիննախ և էկոնոմիկայի նախարարություն) անհրաժեշտ են, որովհետև առանց դրա համակարգը չի կարող առողջ աշխատել։Ու ոչ մի դեպքում էդ դեբատը, որքան էլ թեժ լինի, չպիտի վերածվի անձնական թշնամանքի կամ հակամարտության»։  
09:40 - 09 մարտի, 2019