Պատգամավորը գործադիրին առաջարկում է արագացնել ռեստորանների հարկերը թեթևացնող նախագծի ընդունումը |panarmenian.net|
06:52 - 25 ապրիլի, 2019

Պատգամավորը գործադիրին առաջարկում է արագացնել ռեստորանների հարկերը թեթևացնող նախագծի ընդունումը |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հարկային բեռի թեթևացման վերաբերյալ նախագիծ։

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի չափով՝ ներկայումս գործող 58.35 մլն դրամի փոխարեն:

ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 մլն դրամից նվազել է և դարձել 58.35 մլն դրամ, ինչը փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում է:

Պատգամավորի ներկայացված նախագծում նշվում է, որ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է նշված շեմի փոփոխություն և 115 մլն դրամի չափով սահմանում, սակայն, հաշվի առնելով դրա ընդունման ժամկետների և ընթացակարգերի ժամանակատարությունը, անհրաժեշտություն կա այդ փոփոխությունն իրականացնել ավելի շուտ՝ առանձին օրենսդրական նախաձեռնության տեսքով։

Հանրային սննդի ոլորտի գործունեությունը 2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ և նախատեսվել է, որ հետագա տարիներին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռը աստիճանաբար կբարձրանա:

Պատգամավորի ներկայացրած նախագծում նշվում, որ տնտեսավարող սուբյեկտների հարկման պայմանների բարելավման նպատակ` կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է նվազեցնել հանրային սննդի ոլորտում գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով՝ իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից:

«Սակայն խնդիրն այն է, որ տվյալ ոլորտի ընկերությունները 2019 թվականի առաջին եռամսյակի հարկային հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչեւ ապրիլի 20-ը: Քանի որ Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Հարկային օրենսգրքի փաթեթը մինչև նշված ժամկետը հնարավոր չէ ընդունել, ուստի տնտեսվարողները ստիպված են լինելու հաշվետվությունները ներկայացնել ըստ նախկին կարգավորման (8% - 5%), որից հետո ճշգրտել այդ հաշվետվությունները՝ ըստ բարելավված դրույթների։

Նշված խնդիրներից խուսափելու համար առաջարկում ենք թե շրջանառության հարկի շեմի և թե հանրային սննդի ոլորտի հարկման դրույքաչափերի մասով կարգավորումները՝ որպես առանձին օրենսդրական նախաձեռնություն, արագացված կարգով քննարկել ԱԺ-ում և ընդունել:», - ասվում է նախագծում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել