Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի առաջին նիստը․ վարել է Դումանյանը

Տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի առաջին նիստը․ վարել է Դումանյանը

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ե. Միլոշևիչը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանը և այլ պատասխանատուներ: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2021 թվականի հունվարից գործող կենտրոնին` ԿԶՆԱԿ-ին, առանցքային դերակատարում է վերապահված. «Նախարարությունը կարևորում է նորաստեղծ հիմնարկի համակարգային նշանակությունը հանրակրթության ոլորտում և պատրաստակամ է հնարավորինս աջակցել կառույցի կայացմանն ու առաքելության իրականացմանը»:   Անցնելով խորհրդի նիստի օրակարգին` Վահրամ Դումանյանն առաջարկել է  առաջին հարցի քննարկումն ու ընդունումը հետաձգել, քանի որ Կառավարության որոշումը, ըստ որի պետք է փոփոխություն կատարվի ԿԶՆԱԿ-ի 2021 թվականի ծախսերի նախահաշվում, դեռ չի ընդունվել: Առաջարկը հավանության է արժանացել: Այնուհետև խորհուրդը քննարկել և հավանություն է տվել օրակարգի մյուս 5 հարցերին: Մասնավորապես հաստատվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաստիքացուցակի  փոփոխության առաջարկը: Ըստ ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանի ներկայացրած զեկույցի` հաստիքացուցակի փոփոխությունը բյուջեի ծախսերի ավելացում չի ենթադրում, հաստիքների թիվը մնում է նույնը, փոխվում է կառուցվածքը` աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:  Հավանություն է տրվել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի աշխատողների աշխատանքի ընդունման կարգին: Օրակարգի մնացած հարցերը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը: Խորհուրդը հաստատել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի 2021 թվականի առաջին եռամսյակի  հաշվետվությունը, ինչպես նաև նույն հիմնարկի ղեկավար հանձնաժողովի կազմը և համապատասխան  գործառնական ձեռնարկը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հավանություն է տրվել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի բյուջեի չօգտագործված միջոցների վերաբաշխման որոշմանը, որով միջոցներ կհատկացվեն Գեղարքունիքի մարզի 23 դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
19:03 - 02 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը հայ ռազմագերիների վերադարձի հարցում

Վահրամ Դումանյանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը հայ ռազմագերիների վերադարձի հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանյան Կարմիր խաչի ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած աշխատանքները: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը և նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նրանց հայրենիք վերադարձնելու գործում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը: «Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների խնդիրը որևէ կերպ չի տեղավորվում ժամանակակից աշխարհի և, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում:  Ի վերջո, կան կանոններ, որոնք 21-րդ դարում պետք է գործեն ողջ երկրագնդի վրա: Ցավոք, այսօր կյանքը հակառակն է ապացուցում, և այս հարցում մենք ապավինում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործուն միջամտությանը, որն այս պայքարի առաջամարտիկն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն իր հերթին ընդգծել է, որ հանդիպումը պատեհ առիթ է՝ ներկայացնելու կառույցի գործունեությունը Հայաստանում և քննարկելու ԿԳՄՍՆ-ի հետ հնարավոր համագործակցությունը: Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ նա նշել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաև աջակցում են նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Թիերի Ռիբոն վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա: Այդ համատեքստում նա շեշտել է, որ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ձեռնարկել է «Օգնի՛ր օգնողներին» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվում են մարզային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 12 հոգեբաններ: Վերապատրաստում անցած հոգեբաններն իրենց հերթին կվերապատրաստեն սահմանամերձ դպրոցների (Սյունիքի և Տավուշի մարզեր) ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան առաջին հերթին հոգեբանական պատշաճ աջակցություն տրամադրել երեխաներին՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը: Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ցանկություն է հայտնել: Թիերի Ռիբոն հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի երկարաժամկետ և շարունակական, որպեսզի վերապատրաստում անցած ուսուցիչներն իրենց ստացած հմտություններն ու կարողությունները փոխանցեն համայնքի այլ անձանց: Նա նաև նշել է իրենց բնակության վայրից տեղահանված երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրման կարևորության մասին: Թիերի Ռիբոն քննարկման է ներկայացրել միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի՝ համալսարանական ծրագրերում ներառելու հնարավորությունը: Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը շեշտել է, որ պետությունը ճանաչել է կառույցի աջակցող դերը, և այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարության հետ առկա է համագործակցության լավ փորձ: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքների դպրոցականների և ուսուցիչների համար նախարարության հետ իրականացված առաջին օգնության ուսուցման 20 դասընթացը նրանց դարձրել է առավել դիմակայուն՝ հաղթահարելու մի շարք մարտահրավերներ: Աննա Եղիազարյանի խոսքով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, գործընկերների հետ կրթության հասանելիության ապահովման համար շուրջ 400 պլանշետ է տրամադրել դրա կարիքն ունեցող դպրոցականներին. առաջիկայում նախատեսվում է հատկացնել ևս 560 այդպիսի սարքավորում: Վահրամ Դումանյանը, արձագանքելով գործընկերների ներկայացրած առաջարկներին, նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է իր բոլոր հնարավորություններով հանդերձ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության իրականացմանը: Նա թե՛ հոգեբանական աջակցության, թե՛ բուհական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի հնարավոր ներառման հարցերը քննարկելու և կյանքի կոչելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների անվտանգության ապահովման խնդրին:
18:52 - 01 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, իսկ նախարարության համակարգման ոլորտները երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորություն են տալիս: «Ներկայում մեզ համար առաջնահերթ է նախարարության համակարգման ոլորտներում բարեփոխումների և ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացումը, որոնց ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում: Համոզված եմ, որ Ճապոնիայի հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը և ճապոնական կողմին շնորհակալություն հայտնել շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար:  Վահրամ Դումանյանն ընդգծել է գիտության և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ճապոնիայի մեծ փորձը և առաջարկել է դիտարկել այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունը: Խոսելով երկու երկրների երիտասարդության միջև կապերի ամրապնդման կարևորությունից՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրան կարող են նպաստել նաև բարձրագույն կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ չնայած պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարություններին՝ Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին:  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և դեսպան Ֆուկուսիմա Մասանորին քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: 
14:51 - 17 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Դեբետում նոր դրպրոցի կառուցման նախագիծը

Վահրամ Դումանյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է Դեբետում նոր դրպրոցի կառուցման նախագիծը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ 1.2 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Ըստ աղբյուրի՝ նախագծի նախնական հայեցակարգը քննարկելու նպատակով մայիսի 13-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանին և գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:     Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ներկայացրել է դպրոցի կառուցման հայեցակարգը՝ ծրագրի իրականացման հարցում ակնկալելով պետության գործընկերային (ոչ ֆինանսական) համագործակցությունը և աջակցությունը: Նա նշել է, որ հիմնադրամը 2020-2025 թթ.-ի համար Դեբետ համայնքում իրականացնում է ներդրումային մեծ ծրագիր՝ ենթակառուցվածքների, բիզնեսի և կարողությունների զարգացման համատեքստում: Ծրագրում ներառված է նաև դպրոցի կառուցումը՝ նախատեսված 150 աշակերտի համար: «Բացի հիանալի շենքային պայմաններից, դպրոցն ունենալու է նաև ժամանակակից բովանդակություն և վերապատրաստված ուսուցիչներ՝ հանդիսանալով պետական լավագույն դպրոցի մոդել: 12 տարվա մեջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հիմնականում Արմավիրի մարզում վերանորոգել է 12 դպրոց, սակայն այս անգամ ցանկանում ենք կառուցել նորը»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 10 տարվա ընթացքում հիմնադրամը ՀՀ 5 մարզերի 35 գյուղական համայնքների շուրջ 1300 երեխաների համար իրականացրել է անգլերենի անվճար դասեր՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով: Նա առաջարկել է քննարկել այդ դասերը վերոնշյալ համայնքներում ֆորմալ կրթության դաշտ բերելու և հանրակրթության ծրագրերում ներառելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է դպրոցի կառուցման և, առհասարակ, կրթության ոլորտում ներդրումներ անելու գաղափարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար հատկապես մարզային ուղղություններով կրթության որակի բարձրացումն ու ժամանակակից պահանջներին բովանդակության համապատասխանեցումն ունի ռազմավարական նշանակություն: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը դպրոցաշինությունը ռազմավարական խնդիր է համարում և միայն վերջին երկու նիստերում պետական բյուջեի միջոցներով 20 մոդուլային դպրոց կառուցելու նախագծեր է հաստատել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ անդրադառնալով անգլերենի ուսուցման հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ կառավարությունը, կարևորելով կրթության ոլորտում հարևան պետությունների հետ սերտ համագործակցությունը, քննարկում է ամառային ճամբարներ կազմակերպելու հնարավորությունը, օրինակ՝ հայ-վրացական և հայ-իրանական: Այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է անգլերենին զուգահեռ հաշվի առնել նաև վերոնշյալ լեզուների ուսումնասիրության խնդիրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ հարցեր:
18:52 - 13 մայիսի, 2021
Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|

Գիտաշխատողի աշխատավարձը 90 հազար դրամից կդառնա միջինը 276 հազար դրամ. նոր նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտաշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: «Նախատեսվում է 2022 թվականից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական աճ:  Նախագծի նպատակն է գործող գիտնականներին ապահովել պաշտաճ աշխատավարձով, ստեղծել պայմաններ դեպի գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովման համար, ինչպես նաև ուրվագծել գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը: Առանձնահատուկ պետք է նշել, որ աշխատավարձի ավելացումն արվելու է ատեստավորման հիման վրա և հիմք է ստեղծելու կատարողականի միջազգային չափանիշների համապատասխան պահանջների սահմանման համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը: Դումանյանի խոսքով՝ հիմա գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90 հազար 400 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է մինչև 2025-ը գիտաշխատողի միջին աշխատավարձը դարձնել 276 հազար դրամ: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձն այսօր 141 հազար 400 դրամ է, իսկ մինչև 2025-ը կկազմի 477 հազար 200 դրամ: «Այս թվերը շատ լավ ցուցադրում են, թե ինչ սրընթաց, շեշտակի փոփոխություն է տեղի ունենում: Սրա համար նախատեսվում է 2022-ին ավելացնել ֆինանսավորումը 3.6 միլիարդ դրամով, 2023 թվականին՝ 2.2 մլրդ, 2024-ին՝ 2.4 մլրդ-ով, իսկ 2025-ին՝ 2 մլրդ դրամով: Կարծում եմ՝ սա որակական լուրջ փոփոխություն է գիտության ոլորտում: Նման թռիչքաձև փոփոխություն չեմ հիշում, որ երբևէ նախկինում եղած լինի»,- նշեց Դումանյանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ հաջորդ տարվանից կրկնապատկվում է բազային աշխատավարձերի չափաքանակը, որն այսօրվա 4 միլիարդի փոխարեն կազմելու է մոտավորապես 7.7 միլիարդ: Իսկ 2025-ին դառնալու է 14.4 միլիարդ դրամ: «Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը այսօր միջինում կազմում է 138 հազար դրամ: Հաջորդ տարի լինելու է 367 հազար դրամ, իսկ 2025-ին՝ մոտավորապես 553 հազար դրամ»,- նշեց Ավինյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ ըստ էության, առաջիկա 3 տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդը քառապատկվում է: «Զուգահեռ՝ ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: Այսինքն՝ որ մենք համոզված լինենք, որ ոչ թե ըստ հաստիքացուցակի ենք ավելացնում աշխատավարձերը, այլ ըստ որոշակի որակական չափանիշների: Սա ամենակարևոր առանձնահատկություններից է: Հաջորդ խնդիրը. գիտաշխատողներն իրենք որոշակի ֆինանսական հնարավորություններ ստանում են ոչ միայն բազային աշխատավարձով, այլև թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենում են: Եթե սա հաշվի ենք առնում, Հայաստանում գիտաշխատողի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ՝ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների համեմատ»,- նշեց Փաշինյանը: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ սա կարևոր քայլ է դեպի գիտալիքահեն տնտեսության հիմնում: «Մենք շատ լրջորեն ենք վերաբերվում նրան, որ կրթական համակարգը ծառայի տնտեսությանը: Այս տարի հասցրել ենք 18 ասպիրանտական տեղի պատվեր ստանալ մասնավոր հատվածից: Այսինքն՝ բիզնեսը տվել է իր թեմատիկ առաջադրանքներն ու փողը, որ կրթական համակարգը պատրաստի այն կադրերին, որոնք իրեն պետք են»:
12:02 - 13 մայիսի, 2021
4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը |armtimes.com|

4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պաշտոնը ստանձնելուց (23.11.2020) շուրջ 5 ամիս հետո (21.04.2021)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Որպես անշարժ գույք Դումանյանը հայտարարագրել է 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղի Երեւանի Ավան վարչական շրջանում, որոնք բոլորը համատեղ սեփականություն են հանդիսանում: Որպես շարժական գույք ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հայտարարագրել է «MERCEDES-BENZ» մակնիշի 1 ավտոմեքենա: Դումանյանը հայտարարագրել է նաեւ 2010 թվականին ձեռք բերված բաժնետոմս՝ 7 մլն 95 հազար դրամ արժեքով: Նրա բանկային հաշվին կա 192 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են՝ 5 մլն դրամ եւ 50 հազար դոլար: 2020 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Դումանանն ունեցել է 6 մլն 999 հազար 55 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է ԵՊՀ-ում աշխատավարձից: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի կինը՝ Անահիտ Դումանյանը հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած 4 անշարժ գույքերը, որոնք համատեղ սեփականություն են հանդիսանում: Որպես շարժական գույք Անահիտ Դումանյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «HONDA» մակնիշի: Նրա բանկային հաշվին 2020-ի սկզբում եղել է 826 հազար 522 դրամ, որը տարեվերջում աճել է՝ դառնալով 966 հազար 369 դրամ: Դումանյանի կանխիկ միջոցները կազմել են 5 մլն դրամ եւ 10 հազար դոլար: 2020 թվականին Անահիտ Դումանյանն ունեցել է 4 մլն 37 հազար 471 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է «Արդշինբանկ»-ում աշխատավարձից:  
09:36 - 11 մայիսի, 2021
Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Նոյեմբերի 23-ին ես նշանակվել եմ նախարար, այնուհետև որոշ կարճ շրջանից հետո մտել եմ գործի մեջ և ԵՊՀ-ի մասով շատ օպերատիվ Հոգաբարձուների խորհուրդը լրացվել է: Իմ խորին համոզմամբ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ, ես այդպես եմ պատկերացնում: Այս մասին այսօր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմի մասին: «Խորհրդում չպետք է լինեն ուսանողներ, չպետք է լինեն դասախոսներ, այլ պետք է լինեն հոգաբարձուներ, որը իհարկե, մեր երկրում դժվար է գտնել նրանց, ում ես պատկերացնում եմ, որոնք ունեն լայն ֆինանսական և գործնական հնարավորություններ, որոնց մեկ որոշումով կարելի է լրջագույն փոփոխություն անել այդ հիմնադրամում»,- ասաց Վահրամ Դումանյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ԵՊՀ միջազգային հարաբերությունների դասախոս Մենուա Սողոմոնյանի հարցին՝ արդյոք 11 անդամի հրաժարականները եղե՞լ են նախարարի կողմից ուղղորդված, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց՝ որոշումը քննարկվել է: Նշենք՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ դադարեցնելով անդամակցությունը Խորհրդին: «Համարեք, որ այո՛ գաղափարը իմն է եղել, թե ինչպես կարելի է նոր խորհուրդ ձևավորել, բնականաբար անդամությունից հրաժարվելու հարցը քննարկվել է և դա կարծում եմ, որ պարզ է»,- նշեց Դումանյանը: Վահրամ Դումանյանը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հարցին՝ ժամանակին նախարարը այլ պատկերացումներ է ունեցել բուհական ինքնավարության մասին, նախարարը պատասխանեց՝ նա շարունակում է լինել համալսարանական և, երբ 2006 թվականին ռեկտորի ընտրությունները կեղծվել էին, ոչ-ոք չէր խոսում բուհի ինքնավարության մասին: «Դե բոլոր ռեկտորներն էլ միշտ ասում են՝ բոլորս էլ այս կամ այն կերպ նշանակված ենք և խոսքն ընտրական գործընթացի մասին է, և ես հիշում եմ 2006 թվականի ռեկտորի ընտրությունը, երբ մամուլում որոշ տեղեկությունների կեղծվեցին արդյունքները և որևէ մեկը չէր խոսում բուհի ինքնավարության մասին»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը ընդգծեց՝ մոտակա ժամանակահատվածում հնարավոր է նոր խորհուրդ ստեղծել:
15:09 - 10 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ է հղել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում իրականացվող գործողությունների հարցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Նամակում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում, ի թիվս այլ ռազմական հանցագործությունների, Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը: Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը: Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը: Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար: Ընդ որում՝ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է պատմական փաստերի կեղծման քաղաքականություն` Արցախում հայկական մշակութային ժառանգության վայրերն անվանելով «կովկասյան ալբանական»: Բարձր գնահատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:
17:14 - 07 մայիսի, 2021
15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն |armtimes.com|

15 դպրոց եւ 10 մանկապարտեզ կառուցելու համար Կառավարությունը 2 մլրդ 942 մլն դրամով ավելացրեց ԿԳՄՍՆ բյուջեն |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բյուջեն 2021 թվականին ավելացնել 2 մլրդ 942 մլն դրամով: Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել՝ քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար: Ինչպես նաեւ Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման եւ թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների մեկնարկման համար: «Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված են թվով 2 դպրոց՝ Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ եւ ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաեւ դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային կենտրոն, սպորտային կենտրոն: Այսինքն բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ: Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում. «Այս նպատակով 1 մլրդ 396 մլն դրամ է նախատեսվում: Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար նախատեսվում է 496 մլն դրամ: Արագածոտնի, Արարատի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից յուրաքանչյուրի համար նախատեսվում է 100 մլն դրամ, որպեսզի սկսվի նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը»,- ներկայացրեց Դումանյանը: Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը կայացվում է ի կատարումն կարեւորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: «Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ շատ կարեւոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների շուրջ մեր պատկերացումներն ըստ էության ամբողջացրել ենք: Այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչեւ բարձրագույն եւ հետբուհական կրթություն եւ ինչ-որ առումով նաեւ գիտության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները»,- նշեց նա: Փաշինյանի խոսքով՝ այստեղ եւս մի կոմպոնենտ են ավելացնում՝ ժողովրդագրական ծրագրերը նույնպես պիտի դրվեն այս շղթայի մեջ, որպես նախնական եւ կարեւորագույն օղակ: «Շատ կարեւոր եմ համարում բարձրաձայնել, թե մենք որ համայնքներում ենք իրականացնում: Առաջինը դպրոցաշինության ծրագիրն է, դա անցյալ տարի մենք մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով գործողությունները որոշակիորեն դադարեցին եւ մենք հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա մանրամասնեց, թե որ համայնքների, որ դպրոցների մասին է խոսքը՝ Արագածոտնի մարզում՝ Լուսակնի միջնակարգ դպրոց եւ Գարնահովիտի միջնակարգ դպրոց Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոց Արմավիրի մարզում՝ Արգինայի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի «Բարեղամյանի անվան» հիմնական դպրոց եւ Շատջրեք գյուղի հիմնական դպրոց, Լոռու մարզում՝ Մեդովկայի միջնակարգ դպրոց եւ Հագվու հիմնական դպրոց, Սյունիքի մարզում՝ «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան» միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոց եւ Կաթնաղբյուրի հիմնական դպրոց: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարեւոր է ընդգծել, որ տանում են գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականություն, բայց մյուս կողմից էլ պարտավոր են իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի կենտրոնի դպրոցի հետ: «Այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացը: Մենք իրականացնելու ենք նաեւ հեռավար կրթության ենթակառուցվածքների իրականացում, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի պատկերավոր ասած Երեւանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ եւ շահագրգռություն ունենան»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը: Նա նաեւ ներկայացրեց, թե Արմավիրի մարզի Արեւիկ համայնքից բացի, որ համայքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք, Արարատի մարզի Արալեզ համայնք, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Լոռու մարզի Սպիտակ համայնք, Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Շիրակի մարզի Արթիկ համայնք, Սյունիքի մարզի Կապան համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնք, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր: Փաշինյանն ասաց, որ որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը՝ Կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում ստեղծի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ եւ այլն: «Մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում. մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են իքս ժամից իքս ժամը: Դա կրթական պրոցեսի կարեւոր մաս է, երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձեւով իրականացնելու ենք նաեւ մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը: Նա ընդգծեց՝ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է, որ հետագայում ամբողջ ֆինանսական ծախսերը կհոգա: «2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաեւ սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայքնենրի եկամուտների ավելացման: Հիշում եք շատ մեծ աղմուկ եւ քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունը ապահովելու գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 1400 երեխա բոլոր մարզերում կգնան ժամանակակից մոդուլային մանկապարտեզներ, կկառուցվեն 15 դպրոցներ, որոնցից 3-ը Սյունիքի մարզում եւ դա այն փաստն է, որով արձանագրում են կրթական ոլորտը տանել դեպի բարեփոխումներ:
13:41 - 06 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Վահրամ Դումանյանը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով  դիվանագետի այցը ԿԳՄՍՆ՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններում կբացվի զարգացման նոր էջ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է գերատեսչության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել. «Հետպատերազմական շրջանում մեզ համար առաջնահերթություն է բոլոր ուղղություններով բարեփոխումների իրականացումը: Այդ գործում կարևորում ենք նաև Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը: Նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտները համագործակցության լայն շրջանակ ունենալու հնարավորություն են տալիս: Պատրաստակամ ենք գործընկերային հարաբերություններն ակտիվացնել և դարձնել առավել արդյունավետ»:  Ընդգծելով Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency - SIDA) փորձառությունը՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն առաջարկել է դիտարկել վերջինիս հետ համագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով: Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ հայ-շվեդական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ համատեղ միջբուհական, հետազոտական և ուսանողական ավարտական աշխատանքների որակն ու արդյունավետությունը բարձրացնող, ինչպես նաև «Erasmus+» ծրագրեր իրականացնելու համար: Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դրական է արձագանքել հնչած առաջարկներին: Դիվանագետը նշել է, որ ուրախ է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորության համար և շեշտել՝  շվեդական կողմը ևս պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել դիտարկել մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը, որի գործունեության արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա հայկական մշակութային ժառանգությունն աղավաղելուց և ոչնչացնելուց: Այս համատեքստում Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեյի գործունեությունը կնպաստի խնդրի կարգավորմանը: Դեսպան Պատրիկ Սվենսոնն արձագանքել է, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է և անում են ամենայն հնարավորը՝ կարճ ժամանակ անց այդ և հակամարտությանն առնչվող մյուս՝ դեռ չլուծված հարցերում տեսանելի արդյունքներ գրանցելու համար:  Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: 
17:24 - 05 մայիսի, 2021
Արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը. Դումանյան

Արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում անցկացրել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։  Համաժողովին մասնակցել են ոլորտի շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:  Համաժողովը բաղկացած էր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերներ և գործողություններ» և «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրների շուրջ» խորագրերով 2 նիստերից:  Առաջին նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:  Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանում հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի կառավարման որակավորման վկայագրի ծրագրի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:  Երկրորդ նիստը վարում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (խոսնակներ՝ ԻԿՕՄՕՍ-Հայաստան ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյան, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյան, Հայաստանի պատմության թանգարանի գիտական քարտուղար Րաֆֆի Քորթոշյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Նժդեհ Երանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Վիկտորյա Իսահակյան):  Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Խոսելով Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհրդի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատմաքաղաքական նոր իրողությունների համատեքստում ապրիլի 18-ը մեզ համար ոչ այնքան մասնագիտական տոն է, որքան նոր մարտահրավերների և խնդիրների իմաստավորման առիթ ու հարթակ։ Անդրադառնալով համաժողովի նպատակներին և կարևորությանը՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ այն տեղի է ունենում հստակ նպատակադրումներով՝ բարձրացնել հանրային ու մասնագիտական տեղեկացվածության մակարդակը, ձևակերպել ու վերլուծել մարտահրավերները, մեկտեղել ջանքերը մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։  «Ցավոք, մեծ է կորուստների ու արժեքների համար մեր պայքարի պատմական փորձը։ Քոչվոր ցեղախմբերի ասպատակություններից մինչև Ջուղայի բացառիկ խաչքարերի և Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը քաղաքակրթական ու արժեքաբանական անհամատեղելիության դրսևորումներ են եղել։ Մինչդեռ Մատենադարանը՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ իրականանում է համաժողովը, խորհրդանիշն է այլ մշակույթների հանդեպ հայերի հարգանքի, մարմնացումն է հայ մարդու լայնախոհության և իմաստության։ Անհերքելի իրողություն է՝ հայկական ձեռագրերին զուգահեռ՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ նույն պատասխանատվությամբ պահպանել է հազարավոր օտարալեզու մատյաններ։   Այսօր մենք կրկին կանգնել ենք մեր ստեղծարար մտքի արտահայտության անհետացման լրջագույն վտանգի առջև։ Ադրբեջանն արգելակում է միջազգային վերահսկողության, մշտադիտարկման համակարգի ներդրման յուրաքանչյուր փորձ, հանդես է գալիս գրավյալ տարածքներում առկա արժեքների ոչնչացման անթաքույց կոչերով՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի՝ հազարամյակներով մշակած բարոյական և իրավական նորմերը»,- փաստել է Վ. Դումանյանը՝ ավելացնելով, որ դժվար է մշակույթի պահպանման շուրջ երկխոսել մի պետության հետ, երբ նույն ժամանակ այդ պետության ներսում բացվում է, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակը», որն իրականում հզոր քաղաքակրթական պարտության արտահայտություն է:  Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ մեր խնդիրը բարոյական գնահատականներ տալը չէ, այլ դիմակայության մեխանիզմների մշակումն է։  «Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների ծրագիրը, որին մասնակցել են բազմաթիվ գիտական ու հասարակական կառույցներ, գերատեսչություններ։ Այս պահին արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ Համաժողովի շրջանակում հանրությանը ներկայացնելու ենք կատարված աշխատանքի ամբողջական պատկերը և ուրվագծելու ենք առաջնահերթ անելիքները»,- տեղեկացրել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ քննարկումներում ընդգրկված են բոլոր պատասխանատու և շահագրգիռ կողմերը՝ ինստիտուցիոնալ մասնագիտական, պետական և միջազգային կազմակերպությունները, հոգևորականները, հուշարձանագետներն ու փորձագետները։  ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ցուցաբերած աջակցության և համագործակցության համար  իր խորին երախտագիտության խոսքն է ուղղել պետական ու միջազգային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին։  «Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն տասնյակ մարդկանց, որոնք 44-օրյա պատերազմի օրերին մասնակցեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Նախարարության շնորհակալագրերը նրանց կհանձնվեն այսօր երեկոյան կայանալիք բացօթյա համերգին, որը տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:  Արցախի մշակութային արժեքների հետազոտման, պահպանման և հանրայնացման գործում ունեցած ներդրման համար նա շնորհակալագրեր է հանձնել Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանին:  Հիշեցնենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին`  ժամը 19:00-ին, Սբ. Աննա եկեղեցու բակում կկայանա բացօթյա համերգային երեկո, որի ընթացքում կատարումներով հանդես կգան հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Ագապե» կամերային երգչախումբը (իգական կազմ) և «Ֆոլկ-մոդեռն» ժողովրդական գործիքների նվագախումբը:   Համերգի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը հուշարձանների և դրանց պահպանության խնդիրների վերաբերյալ: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայփոստի» հետ համագործակցությամբ թողարկել է պատմամշակութային հուշարձանների պատկերներով նամականիշներ: Գնելով նամականիշները՝ յուրաքանչյուր քաղաքացի իր կարևոր ներդրումն է ունենալու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության գործում:
21:00 - 27 ապրիլի, 2021
Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար, Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վարդինե Օհանյանը ստորագրեցին համագործակցության մտադրությունների մասին հուշագիր: Դումանյանն ասաց, որ տվյալ փաստաթղթով երկու երկրի միջև երիտասարդության և սպորտի բնագավառներում գործուն կապերի հիմք է դրվում: «Մեր գործունեությունը կծառայի նաև Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես կանցնենք գործնական քայլերի»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը և հավելեց, թե հավատում է, որ շուտով կլինեն նաև արդյունքներ: Վարդինե Օհանյանը կարևորեց Լիբանանի և Հայատանի միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն երկու ժողովրդի միջև հրաբերությունների ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է: «Այս համագործակցությունը «ոսկե առիթ» եմ համարում հայերի և լիբանանցիների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Հույս ունեմ, որ գործնական քայլերը մոտ ապագայում կսկսվեն»,- ասաց Օհանյանը: Խոսելով լիբանանցի երիտասարդների առջև ծառացած խնդիրներից՝ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարարը նշեց, որ  դրանք տնտեսական են: «Մեր երկրի քաղաքական անկայուն վիճակը իր անդրադարձն է ունենում երիտասարդների վրա, նրանք հաճախ գտնվում են լուրջ մարտահրավերների առաջ: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ երիտասարդների համար աշխատանք չկա և նրանք իրենց ներուժը չեն գտնում Լիբանանում, այդ պատճառով մեկնում են արտասահման»,- ընդգծեց Օհանյանը և հավելեց, որ իրենց լուրջ խնդիրներից է լիբանանցի երիտասարդների արտագաղթը: Վերջինս կարևորեց նաև այն, որ ստորագրված փաստաղթի շնորհիվ երկու երկրների միջև տեղի կունենա փորձի փոխանակում:
13:43 - 26 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձագանքել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը չստորագրելու և ՍԴ ուղարկելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը: Դումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ-ն հակասահմանադրական ոչինչ չի առաջարկել: «Ստացվում է բուռն աշխատանք մեր կողմից, ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել, ինչպես ասել եմ, կրկնում եմ, որ մենք կաշխատենք միայն օրենքի շրջանակում, գործող կարգերի շրջանակում և շարունակում ենք աշխատել: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակներում էլ կաշխատենք»,- նշել է Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը չի պատասխանել հարցին, թե ինչու է Արմեն Սարգսյանը դիմել Սահմանադրական դատարան, միայն ընդգծել է, որ իրենք մայր օրենքի հետ անհամապատասխանություն չեն տեսնում: Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած այդ օրենքը և ապրիլի 22-ին դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։
16:57 - 23 ապրիլի, 2021
Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են սպորտի ոլորտում հայ- լիբանանյան համագործակցությունը զարգացնելու հարցը

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են սպորտի ոլորտում հայ- լիբանանյան համագործակցությունը զարգացնելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով գործընկերոջ այցը ԿԳՄՍՆ, նախ երախտագիտություն է հայտնել Լիբանանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին պաշտոնական պատվիրակությամբ մասնակցելու համար։ Անդրադառնալով երկու երկրների՝ 2020 թվականի ընթացքում ունեցած դժվարություններին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ դրանք կհաղթահարվեն։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-լիբանանյան համագործակցությունը՝ առաջարկելով շարունակական զարգացման նպատակով ընդլայնել երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները. «Մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորվել են բարեկամական ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է միջպետական ծրագրերի իրականացման, առկա փոխգործակցության ամրապնդման և հետագա զարգացման համար։ Երկկողմ հարաբերություններն ունեն մեծ ներուժ, որը մենք հաջողությամբ կարող ենք օգտագործել երիտասարդության և սպորտի ոլորտներում»։ Վարդինե Օհանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույնը և բարեմաղթանքները։ «Հայ-լիբանանյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ։ Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա։ Մենք մեծապես արժևորում ենք Հայաստանի փորձառությունը երիտասարդության ու սպորտի ոլորտներում և պատրաստ ենք այդ ուղղություններով համագործակցությանը»,- ասել է Վարդինե Օհանյանը և ընդգծել լիբանանահայ համայնքի առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերություններում։  Կողմերը խոսել են երկու երկրների երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների, խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությունների մասին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այժմ մշակման փուլում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը, և աշխատանքային խումբն առանձնակի ուշադրություն է դարձնում Սփյուռքի հետ հարաբերություններին, միջպետական երիտասարդական ֆորումների իրականացման հնարավորություններին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ-լիբանանյան հարաբերությունները հնարավոր է խորացնել նաև այդ ձևաչափով։ Անդրադառնալով սպորտային ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակներին՝ կողմերը քննարկել են երկու երկրների մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ, սեմինարներ անցկացնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի մարզական ենթակառուցվածքները ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել, ինչին Վարդինե Օհանյանը սիրով համաձայնել է։ Գործընկերները փոխադարձաբար հետաքրքրվել են երկու երկրների մարզիկների՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներից և միմյանց մաղթել հաջողություն սպորտային գլխավոր ստուգատեսում։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթական բարեփոխումների, մշակութային կապերի ամրապնդման, լիբանանահայ համայնքի ու Լիբանանում հայկական դպրոցների վերաբերյալ և առաջիկա օրերին համագործակցության մտադրությունների նամակ ստորագրելու պայմանավորվածություն ձեռք բերել՝ այդպիսով անցնելով կապերի խորացման գործնական քայլերի։
12:43 - 23 ապրիլի, 2021
Մարզերում կստեղծվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման կենտրոններ |1lurer.am|

Մարզերում կստեղծվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման կենտրոններ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները հաստատելու մասին հարցը: Նախարարը նշեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը միտված ծրագրի իրականացում: «Նախորդ տարի 6 կենտրոն մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն քովիդի և պատերազմի պատճառով չեն իրականացվել: Առաջարկվում է Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրել «Լոֆթ» կենտրոնին, իսկ մնացած մարզային կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրեր, որը նրանք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը 110 միլիոն դրամ է»,- տեղեկացրեց Վահրամ Դումանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ արձանագրել էին, որ մարզերում չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդությունը կարողանա հավաքվել և քննարկումներ իրականացնելու հնարավորություն ունենալ: «Մարզերում պետք է ստեղծել կենտրոններ, որտեղ առանցքում լինի բովանդակություն: Տեսնում ենք, որ առանց Կառավարության միջամտության՝ Երևանում և Գյումրիում այդպիսի կենտրոններ ձևավորվել են ժամանակի ընթացքում: Որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձևավորումը նաև մարզերում: Պետք է արձանագրել, որ երիտասարդական կենտրոնների ավանդական մոդելը, որի մասին մենք պատկերացում ունենք, այս նպատակին չի ծառայում: Որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել, այսինքն՝ առաջարկ անել, որ ովքեր ունեն նման նախաձեռնություն՝ ներկայացնեն մրցութային հանձնաժողով: Եվ մարդիկ ներկայացրին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ, որոնց ուղղակի աջակցում ենք, որ այդ կենտրոնները ստեղծեն»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ սրանով երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի:
12:02 - 15 ապրիլի, 2021