Հնդկաստան

Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել |azatutyun.am|

Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել |azatutyun.am|

azatutyun.am: Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը կարող է Դելիից ՀՕՊ համակարգեր գնել։ Այս մասին այսօր հաղորդել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը՝ նշելով, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։ Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Կայքի փոխանցմամբ` թեև МR-SAM համակարգերը արտադրվել են Իսրայելի հետ համատեղ, այնուհանդերձ դրանց Հայաստան արտահանման դեպքում՝ «իսրայելցիների հատուկ թույլտվությունը կարող է և չպահանջվել»։ Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МR-SAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր, դրանց մեկ դիվիզիոնում ընդգրկված են հրամանատարական կետը, տեղորոշիչ ռադարը, ինչպես նաև շարժական հրթիռային համակարգը։
15:44 - 13 հունվարի, 2023
G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել․ Արարատ Միրզոյանը՝ «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին

G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել․ Արարատ Միրզոյանը՝ «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին

Հունվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողով»-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ձերդ գերազանցություն նախարար Ջայշանկար, Հարգելի գործընկերներ, Նախ, ես կցանկանայի շնորհավորել Հնդկաստանին G-20-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հայտնել մեր երախտագիտությունը «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» մասնակցության հրավերի համար: Անցյալ ամիս Նյու Յորքում ես ականատես եղա ՄԱԿ անդամ-պետությունների շրջանում միասնության և առաջընթացի խթանմանն ուղղված Հնդկաստանի դերակատարությանը՝ միտված մեր բոլոր ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով հասցեագրելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրությունը և դրա հիմնական սկզբունքները պահպանելուն: Ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ արագ առաջընթաց է գրանցում շատ ոլորտներում, և գլոբալ ցնցումների այս ժամանակաշրջանում մենք գնահատում ենք Հնդկաստանի կայունացնող գործունեությունը: Աշխարհում, որտեղ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակում են ավելանալ, իսկ բացառման երևույթները շարունակում են աճել, մենք պետք է ներառական գործընկերության համար նոր ուղիներ բացահայտենք՝ մեղմելու բացասական միտումները և օգտվելու Գլոբալ հյարավի հսկայական ներուժից: Այդ առումով, G-20-ում Հնդկաստանի նախագահության առաջնահերթությունները՝ կանաչ զարգացումից մինչև տեխնոլոգիական փոխակերպում, ներառական և կայուն աճից մինչև կանանց կողմից առաջնորդվող զարգացում և այլն, նախապայման են հանդիսանում ազատ և բաց աշխարհի համար, որը փոխկապակցված է, բարեկեցիկ և ապահով: Գլոբալ հարավի երկրների և ժողովուրդների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու առաջնահերթություններից պետք է լինի հաղորդակցությունը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը  մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ներառական և անաչառ տարածաշրջանային ու անդրսահմանային կապի խրախուսման վաղեմի ջատագովն է, ինչը կբացահայտի Հարավային Կովկասի առևտրային և տարանցիկ ներուժը: Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և բոլոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առանցքային են մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտները վերացնելու համար, հատկապես գլոբալ տնտեսական անկման ժամանակաշրջանում և բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական իրավունքների իրացման տեսանկյունից: Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում։ Հարգելի գործընկերներ, Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման. շինծու բնապահպանական մտահոգությունների պարտրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների։ Ադրբեջանական ապօրինի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։ Ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում հայտնված հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված։ Ստեղծված իրավիճակում մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության և, մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության միանշանակ կոչերը՝ շրջափակումը դադարեցնելու և միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։ Ներկայումս մեր միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։ Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովումը։ Շնորհակալություն:
12:46 - 13 հունվարի, 2023
Ադրբեջանի ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ երբեք  չի ճանաչի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը՝ նպատակ է դրել նոր տարածքային նկրտումների․ Փաշինյան

Ադրբեջանի ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ երբեք չի ճանաչի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը՝ նպատակ է դրել նոր տարածքային նկրտումների․ Փաշինյան

Ես չեմ կարծում, թե առնվազն մեծ մասը այդ հրապարակումների բարի նպատակներով են արվում, կամ առնվազն չեմ կարծում, որ էդ հրապարակումները մեր գործին որեւէ օգուտ տալիս են եւ չեմ կարծում, որ մենք հրապարակային պետք է հիմա քննարկենք մեր բանակի սպառազինության եւ տեխնիկայի համալրման հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով հարցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան օրերս նորից զորավարժություններ էին անցկացնում, եւ ակնհայտ է, որ խաղաղության օրակարգը շինծու է, ինչպես նաև ՀՀ ռազմատեխնիկան համալրելու մասին վերջին ամիսներին առավել հաճախ գրում են միջազգային ԶԼՄ-ները, մասնավորապես նշվում են Իրանը, Հնդկաստանը, նաեւ զենքերի անուններ հրապարակվեցին, կա՞ արդյոք նման գործընթաց եւ ի՞նչ փուլում է։ «Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլեմներ, որը փաստ է, որը հնարավոր չէ ժխտել, բայց այն, որ մենք անում ենք ամեն ինչ՝ այդ պրոբլեմները լուծելու համար, դա էլ, կարծում եմ, ակնհայտ է դառնում գոնե այն թվերից, որ դուք կարող եք հրապարակային տեսնել ՀՀ պետբյուջեում, ե՛ւ 2022-ի կատարողականում, ե՛ւ 2023-ի պլանավորվածում։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ մենք պետք է նաեւ էդ տրամաբանությունից դուրս գանք։ Իհարկե, մեր տարածաշրջանի խաղաղության համար մեր Զինված ուժերի մարտունակությունը շատ կարեւոր է, բայց նաեւ պետք է հասկանանք, որ առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, բայց միայն մարտունակ բանակով խաղաղություն հնարավոր չէ։ Որովհետեւ ինչքան էլ որեւէ բանակ մարտունակ լինի, կգտնվեն ուրիշ բանակներ, որոնք ավելի մարտունակ են»,- նշեց Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ խաղաղության օրակարգը չի կարող շինծու դառնալ էն առումով, որ ինքն իրողություն չէ։ «Այսինքն՝ որեւէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է ՀՀ-ի համար եւ ընդհանուր առմամբ։ Ես նկատի ունեմ՝ որեւէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից եւ տեսլականից։ Եւ մենք շարունակելու ենք գնալ․․․ Այդ թվում՝ զորավարժությունները, ռազմական բնույթի սադրանքները, իրենք նաեւ ի՞նչ նպատակ կարող են ունենալ՝ խաղաղության օրակարգը շինծու հռչակելու, հայտարարելու, օրակարգից հանելու նպատակ կարող են ունենալ, էս դիտանկյունից էլ պետք է նայել։ Բայց էն, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ, դա ակնհայտ է։ Բայց նաեւ ակնհայտ է հետեւյալը, ես ձեզ մեկ-երկու նրբություն բացահայտեցի․ օրինակ՝ երբ մենք խոսում ենք ԼՂ-ի մասին, Ադրբեջանը դա ընկալում է որպես ոտնձգություն՝ իր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ եւ ապացույց այն բանի, որ ՀՀ-ն չի ճանաչում եւ մտադիր չէ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ, հետեւաբար, դրանից զարգացնում են էն խոսույթը, որ եթե այդպես է, մենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Դրանից էլ մենք այլ հետեւության ենք գալիս, ասում ենք, որ Սոթք-Խոզնավարից սկսած եւ սեպտեմբերի 13-ի, նախորդ տարվա նոյեմբերի 14-17-ի ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը չի ճանաչի երբեք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, ընդհակառակը՝ նպատակ է դրել նոր, նորանոր տարածքային նկրտումներ ի ցույց բերելու ՀՀ-ի նկատմամբ։ Հիմա նրանք հայտարարում են, որ Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանցիների մարդահամար են անում։ Մենք էլ ենք անում մարդահամար, մենք էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից եւ այլ տեղերից բռնագաղթված հայերի մարդահամար ենք իրականացնում, ընդ որում՝ նաեւ հաշվարկներ ենք անում, թե իրենց դեմ կիրառված բռնությունների հետեւանքով ինչքան նյութական վնաս են կրել»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանը նշեց՝ նաեւ պետք է հասկանանք, որ էստեղ շղթա է գործում։ «Հիշո՞ւմ եք՝ 2020թ․-ին խոսք գնաց նրա մասին, թե հիմա թուրքերը մեր թշնամիներն են, թե մեր թշնամիները չեն։ Իմ մոտեցումն այն հարցին հետեւյալն է, կարեւոր արձանագրումը հետեւյալն է․ կան պատմական իրողություններ, որոնք ուզենանք էլ, չենք կարող փոխել, բայց էդ թշնամանքի զգացումը պե՞տք է կառավարվի, թե՞ չպետք է կառավարվի։ Մենք կարծում ենք, որ պետք է կառավարվի։ Եւ էդ էլ եկեք ասենք, Ադրբեջանը համարում է, որ ինքը ռազմական հաջողության է հասել, եւ էս ռազմական հաջողությունը պետք է զարգացնի՝ առավելագույնը ստանալու համար։ Եւ, ընդ որում, նրանք դա դիտարկում են հետեւյալ տրամաբանությամբ, որ իրենք մեր, այսինքն՝ Հայաստանի, կամ հայկական կողմի, կամ ԼՂ-ի սխալը պետք ա չկրկնեն, երբ 1994թ․-ին մենք, ըստ էության, ունեցանք ռազմական հաղթանակ, բայց հետեւողական չգտնվեցինք այդ հաղթանակի արդյունքներն արձանագրելու գործում, հիմա նրանք կարծում են, որ էն ժամանակվա սխալներից ԼՂ-ի կամ Հայաստանի, պետք ա դասեր քաղեն եւ նույն կերպ չվարվեն։ Մենք պետք է էս ամբողջ պատկերը ճիշտ հասկանանք։ Սրանից, ի միջի այլոց, ձեր գնահատականը, հնչած ոչ մի գնահատական չի փոխվում։ Իմ ասածն այլ բան է․ մենք առաջին մակերեսից հետո պետք է մյուս հարթություններն էլ հասկանանք եւ ճանաչենք, պետք ա հասկանանք, թե ինչպես են փոխվել եւ ինչու են փոխվել ՌԴ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները, ինչ է դա նշանակում եւ ինչ կարող է նշանակվել մեզ համար, ինչպես եւ ինչու են փոխվել ՌԴ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները, եւ թե դա ինչ ազդեցություններ ունի մեզ վրա։ Բայց, մեծ հաշվով, մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետեւյալը․ մենք մի հարցի պատասխանը պիտի տանք․ մենք էս տարածաշրջանում ինչպե՞ս ենք մեզ դիրքավորում, մեզ դիրքավորում ենք որպես հարեւան եւ գործընկեր, թե մեզ դիրքավորում ենք որպես, պայմանական բառապաշարով, որպես ֆորպոստ, օրինակ, թե որպես պատմական արդարության մարտիկ, թե որպես մի պետություն, որը պիտի դասեր տա մյուս պետություններին, թե ինչպես ա պետք ապրել, ստեղծագործել, եւ այլն։ Սրանք բոլորն ընտրություններ են, էսպես ասած՝ մենյու է, որից պետք ա ընտրենք։ Եւ մենք, մեր կառավարությունն էդ ընտրությունն ինքն իր համար արել է, որը, փաստ չէ, որ մյուսների համար ընդունելի կլինի, որովհետեւ մյուսներն էլ կարող են ասել՝ ուշացել եք, շուտ պետք է ընդունեիք էդ դերակատարումը, մենք էդ դերակատարումը չենք ընդունում։ Բայց, ամեն դեպքում, մենք պետք է էս իրավիճակում առավել խորագետ լինենք, որպեսզի կարողանանք մեր առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարել։ Մի բանաձեւ կա, որը, կարծում եմ, դեռ շատ վաղուցվանից մեր քաղաքական գիտակցությունը կանխորոշել է․ մենք աշխարհով պիտի գանք տարածաշրջա՞ն, թե՞ տարածաշրջանից պիտի գնանք աշխարհ։ Սրանք երկու տարբեր հայեցակարգեր են, եւ մեր պատմության մեծամասնությունը մենք աշխարհից եկել ենք տարածաշրջան։ Ես կարծում եմ, որ սա է անկյունաքարային հարցը, որին մենք պետք է պատասխանենք։ Մենք առաջին հերթին տարածաշրջանից պիտի գնանք աշխարհ, եւ ոչ թե հակառակը։ Մենք էս տարածաշրջանում պետք է ապրենք։ Եթե մենք մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները չփոխենք, մենք չենք կարողանա կառավարել սպառնալիքները, բայց փաստ չէ, որ միայն մեր ցանկությունը բավարար է, էստեղ մենք պետք է ավելի ճկուն լինենք, քան մեզ թվում է, որ մենք կարող ենք լինել ճկուն։ Սրանք էն իրողությունները, եւ դրանց հետ մենք պետք է հարաբերվենք։ Սա նշանակում է, որ ճգնաժամ է, եւ մենք էդ ճգնաժամը պետք ա ընկալենք ոչ թե որպես խուճապ, տագնապ, եւ այլն, այլ իրոք ճգնելու ժամ, մտածելու, հասկանալու, ըմբռնելու ժամ»,- եզրափակեց վարչապետը։ 
14:24 - 10 հունվարի, 2023
Երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ |armenpress.am|

Երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի արգելափակումը ծանր հետևանքներ ունեցող իրավիճակ է, որը կարող է մարդասիրական ճգնաժամի վերածվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը, ով նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Լաչինում իրավիճակի քննարկմանը։ «Գլխավոր քարտուղարը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին։ Մենք մշտապես այն դիրքորոշումն ենք ունեցել, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման», - ասել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Հնդկաստանը շարունակում է վերահաստատել, որ համաշխարհային կարգի հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։
11:12 - 21 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի. Սամանթա Փաուեր |news.am|

Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի. Սամանթա Փաուեր |news.am|

news.am: Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար աղետի։ Այս մասին իր Թվիթերում գրել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ «Այդ միջանցքը կարեւոր երթուղի է այնքան անհրաժեշտ սննդամթերքների եւ դեղորայքի հոսքի համար, որոնք պետք է ազատ տեղափոխվեն»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ 
09:37 - 16 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հնդիկ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը հնդիկ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը

 Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է բարձրաստիճան մակարդակում պաշտոնական փոխայցելությունների դերը։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջողված նախագահության կապակցությամբ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման ու Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի շարունակական քաղաքականության անթույլատրելիությունը: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։
10:03 - 15 դեկտեմբերի, 2022
Մոտ ժամանակներս կտեսնենք  շոշափելի արդյունքներ․ Հնդկաստանում ՀՀ դեսպանը՝ զենքի գնման մասին |news.am|

Մոտ ժամանակներս կտեսնենք շոշափելի արդյունքներ․ Հնդկաստանում ՀՀ դեսպանը՝ զենքի գնման մասին |news.am|

news.am: Ես չէի ուզենա շատ մանրամասնել այս թեմայի շուրջ, որովհետեւ դա զգայուն թեմա է, բայց կարող եմ ասել, որ այդ առումով շատ հաջող համագործակցությունն ընթանում է, մոտ ժամանակներս մենք կտեսնենք  նման համագործակցության շոշափելի արդյունքները: Այս մասին նշեց Հնդկաստանում Հայաստանի դեսպան Յուրի Բաբախանյանը՝ անդրադառնալով Հնդկաստանից զենք գնելու մասին լուրերին: «Այդ գործընթացը շարունակական է, միայն մի գործարքով չի ավարտվում, ռազմավարական համագործակցություն է դառնում բարեկամ Հնդկաստանի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ սպառազինության ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցությունը կշարունակվի: «Մենք նոր սկսում ենք, բայց շարունակական պետք է այդ գործն ի կատար ածենք ու վերազինենք մեր բանակը, այդ թվում մեր բարեկամ Հնդկաստանի օգնությամբ»,-ասաց դեսպանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Հնդկաստան շատ հաջող էր. «Համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, եւ ինչպես արդեն ասացի, դա շարունակական է, շուտով դրա արդյունքները կտեսնենք»: Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հնդկաստանը Ադրբեջանի կողմից հայտարարվող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում, դեսպանը պատասխանեց. «Հնդկաստանը բազմիցս օժանդակել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ արդեն դրանից ելնելով պարզ է դառնում, որ Հնդկաստանը դեմ է արտատարածքային միջանցքին, որը խախտում է ՀՀ ինքնիշխանությունը եւ չի կարող դրական ընդունվել բարեկամ Հնդկաստանի կողմից: Մյուս կողմից, անշուշտ, Հնդկաստանը շատ շահագրգռված է մասնակցել Սեւ ծով-Պարսից ծոց լոգիստիկ ճանապարհին, որովհետեւ Հնդկաստանի համար դա շահավետ է, քանի որ ամենակարճ ճանապարհն է Հնդկաստանից Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքներով դեպի Եվրոպա: Բացի նրանից, որ դա ամենակարճն է, որը շրջանցում է Սուեզի ջրանցքը, նաեւ ամենաապահով ճանապարհն է Հնդկաստանի համար եւ անցնցում է բացառապես բարեկամ երկրների տարածքով, ինչը շատ կարեւոր է մեր շատ անկայուն ժամանակներում: Այնպես որ Հնդկաստանի շահագրգռվածությունը կա այդ հարցում եւս»:
15:46 - 29 նոյեմբերի, 2022
«Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարության կազմակերպած «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները նոյեմբերի 27-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   Հյուրերին են ներկայացվել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:   Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
20:15 - 28 նոյեմբերի, 2022
Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով նոյեմբերի 18-ին բաց տիեզերք է ուղարկվել «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը (payload)։ Ինչպես հայտնում են դպրոցից, «Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողնվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն: Այսինքն, հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկնելու։ Սարքը ինժեներական ակումբի 2021-2022 ուսումնական տարվա նախագծի արդյունքն է։ «Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են արդեն շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավարներ Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ  Ռուբեն Քերոբյանը։ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքն ուղարկվել է տիեզերք որպես մրցույթի հաղթող։
13:16 - 18 նոյեմբերի, 2022
Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին:   Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը և Կիշան Դան Դեվալը քննարկել են հանձնումներին, իրավական փոխօգնությանը, դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև «Հանձնման մասին», «Քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին», «Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» և «Դատապարտյալների փոխանցման մասին» երկկողմ պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքներին:   Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ երկկողմ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներն ամփոփել և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխող գործընթացները հնարավորինս սեղմ ժամկետում կատարելուց հետո դիվանագիտական խողովակներով փոխանցել հնդկական կողմին՝ դրանց համաձայնեցման և ստորագրման համար:  
16:45 - 09 նոյեմբերի, 2022