ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք են տալիս․ ՀՀ պաշտպանության փոխնախարար |news.am|

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք են տալիս․ ՀՀ պաշտպանության փոխնախարար |news.am|

news.am: Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք տալիս է, ավելին չեմ կարող ասել: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Դիտարկմանը, որ Արցախի կողմից հնչել է առաջարկ՝ ավելացնել խաղաղապահների թիվը, նա ասաց. «Ինչի մասին հայտարարություններ արվել են, դրանք շրջանառվել են, բոլորին քաջածանոթ են: Բնականաբար, եթե դրան ի պատասխան Ռուսաստանի կողմից լիներ որեւէ առաջարկ, թվաքանակ ավելացնելու, քննություն իրականացնելու, ամեն ինչ տեղեկատվության մակարդակով տրամադրվում է: Տեղեկատվությունը միգուցե ավելի արագ է տարածվում, քան մենք հասցնում ենք այստեղ դրա մասին խոսել»: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որտեղ խոսվում էր հետաքննություն անցկացնելու մասին եւ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տեղամասն, փոխնախարարն ասաց. «Խոսում ենք զգայուն թեմաների մասին, որոնց եւ պատասխանելը, եւ չպատասխանելը, եւ հաստատելը, եւ հերքելը... դրա մասին պետք է խոսեն պատկան մարմինները»: Հարցին, թե արդյոք հաստատում է, որ դա տեղի է ունեցել ռուսական միջնորդությամբ, Արման Սահակյանն արձագանքեց. «Հիմա եթե իմ պատասխանը մի բան պարունակի, որը կապված լինի պետությունների, կազմակերպությունների, միջազգային կառույցների մի խոսքի կամ մյուսի հակասության... դրա համար ես պատասխանում եմ այնպես, որ անվտանգությունն ապահովված լինի: Հետաքննություն կիրականացվի, դրա մասին դուք կիրազեկվեք: Երբ կիրականացնեն ռուս խաղաղապահները, դրա մասին դուք կտեղեկացվեք: Ցանկալի չէ այս իրավիճակում գտնվող պետության պաշտպանության փոխնախարարին երկար ճեպազրույց վարել: Խնդրում եմ՝ բավարարվեք սրանով»: Նրա խոսքով, Փառուխում, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «Այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ Սակայն երբ մենք խոսել ենք սրա մասին, որ կարող է լարվել, ես միշտ պատասխանել եմ, որ յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել»,-ընդգծեց Արման Սարգսյանը:      
15:50 - 04 ապրիլի, 2022
Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնելու ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ: «Մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,-ասաց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ Կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ պատրաստվել է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ, սակայն մինչև հիմա ԱԺ, Պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ բարեփոխումների փաթեթը: Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում, ի վերջո, առարկայական ներկայացնել այդ փաթեթը: Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում: «Ընդ որում, ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,-վստահեցրեց Սարգսյանը: Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է: «Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,-եզրափակեց Սարգսյանը:
13:32 - 04 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը, համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: Դեսպան Ռիխտերը հաստատել է, որ գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
18:50 - 01 ապրիլի, 2022
ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:
22:39 - 31 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը ԼՂ-ում լարվածության թուլացման ուղղությամբ ՀՀ առաջարկները ներկայացրել է Ռումինիայի դեսպանին

Սուրեն Պապիկյանը ԼՂ-ում լարվածության թուլացման ուղղությամբ ՀՀ առաջարկները ներկայացրել է Ռումինիայի դեսպանին

Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Միրչա Ժուգուրանուին (նստավայրը` ք.Թբիլիսի): Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նշել լարվածության թուլացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները: Քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:
21:30 - 31 մարտի, 2022
Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալու փորձի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալու փորձի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն  կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր և խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը: Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց  նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը: Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին,  ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին: Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից  պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս: Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն  առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։ Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը: 43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝  պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ: Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (3 դրվագ) և 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոփոխվել է և կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Շիրակի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
16:25 - 29 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի: Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։
17:29 - 28 մարտի, 2022
ՀՀ ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Հայաստանը ՌԴ-ին կործանիչներ է փոխանցել Ուկրանիայի դեմ կիրառելու նպատակով

ՀՀ ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Հայաստանը ՌԴ-ին կործանիչներ է փոխանցել Ուկրանիայի դեմ կիրառելու նպատակով

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական Haber Global հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Նշված տեղեկությունները բացարձակ սուտ են. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող բոլոր ինքնաթիռները, անձնակազմով հանդերձ, իրենց տեղում են և կատարում են առաջադրված խնդիրները։ Իրականությանը չի համապատասխանում նաև նշված հրապարկման մեջ արվող ևս մեկ պնդում, ըստ որի՝ Հայաստանը հանդիսանում է հիմնական ուղղություններից մեկը, որով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կռվելու համար։
17:24 - 28 մարտի, 2022
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է իրադրությունն Արցախում

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն մարտի 24-ից Արցախի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված սադրանքի վերաբերյալ: Շեշտվել է, որ հակառակորդի այդ գործելաոճը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է, որի հետագա զարգացումները կարող են լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ընդգծվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ, չնայած Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների կողմից գործադրվող ջանքերին, իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող բանակցությունները մինչ այժմ արդյունքի չեն հանգեցրել:
21:14 - 26 մարտի, 2022
Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման է անցել Արցախում՝ օգտվելով ռուս զինվորականների՝ Ուկրաինա մեկնելու փաստից

ԹԱՐՄԱՑՈՒՄԳրառումը հեռացվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան միկրոբլոգից։ Ուկրաինայի Գերագույն ռադան (խորհրդարանը) թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Արցախում՝ օգտվելով այն բանից, որ «ռուս զինվորականները մեկնել են Ուկրաինա»։ Խորհրդարանը հղում է կատարել «Новини Збройних сил» տելեգրամյան ալիքին, որտեղից, սակայն, արդեն ջնջվել է հաղորդագրությունը` Արցախում ադրբեջանական ԶՈՒ հարձակման մասին։ Ուկրաինայի ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ «իր կորուստները համալրելու նպատակով Ռուսաստանի ԶՈՒ-ն Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա»։  Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնել է, որ նրանք այնուհետև փորձել են առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: «Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր»,- այսօր՝ առավոտյան, հայտնել է Արցախի ՊՆ-ն՝ նշելով, որ  09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ 
10:48 - 25 մարտի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 24-ին այցելել է Երկրապահ կամավորականների միություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը;  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։ Պաշտպանության նախարարը կարևորել է ԵԿՄ գործունեությունն ու նշանակալի մասնակցությունը պետության անվտանգության ապահովման գործընթացին, ընդգծել փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ առավելագույն ջանք գործադրելու անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները մանրամասն կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ։
20:28 - 24 մարտի, 2022