Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|
13:32 - 04 ապրիլի, 2022

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:

Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնելու ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ:

«Մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,-ասաց պատգամավորը:

Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ Կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ պատրաստվել է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ, սակայն մինչև հիմա ԱԺ, Պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ բարեփոխումների փաթեթը: Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում, ի վերջո, առարկայական ներկայացնել այդ փաթեթը:

Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում:

«Ընդ որում, ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,-վստահեցրեց Սարգսյանը:

Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է:

«Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,-եզրափակեց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել