ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը կալանավորվեց. ոստիկանություն

Ֆեյսբուքյան ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը կալանավորվեց. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձի հետ կապված նոր տեղեկատվություն է տարածել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս կալանավորվել է: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) հատկանիշներով: Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվել, բերման էր ենթարկվել և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել։
18:40 - 09 մայիսի, 2020
Վաղը փակ կլինեն Եռաբլուրի և Հաղթանակի զբոսայգու մուտքերն ու ելքերը

Վաղը փակ կլինեն Եռաբլուրի և Հաղթանակի զբոսայգու մուտքերն ու ելքերը

Վաղը փակ է լինելու Եռաբլուրը և Հաղթանակի զբոսայգին։ Վարակի չտարածելու հրամայականը պահպանելով՝ տեղի են ունենալու  բացառապես արարողակարգային միջոցառումներ, մասնավորապես ժամը 10։30-11։00-ը տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչներր այցը Հաղթանակի զբոսայգի։ Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ կայցելեն նաև մեր վետերանները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Պաշըպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Ասուլիսի մասնակիցները շնորհավորեցին եռատոնի կապակցությամբ և իրենց երախտիքի խոսքը փոխանցեցին վետերաններին։ Նրանք ներկայացրին մայիսի 9-ին սպասվող միջոցառումների ցանկը։ «Այն ծրագիրը, որն ընտրվել է նաև Հաղթանակի օրվա նշանավորման համար ևս շատ հագեցած ու բազմաժանր է։ Համերհային մասի մեջ ներառված է ՝ ՊՆ նվագախումբը, ելույթ կունենա Արսեն Գրիգորյանը, Նեմրա խումբը , Երգի պետական թատրոնը և այլ մասնակիցներ»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։  Ներկայացնելով ոստիկանության ծառայության կատարվելիք աշխատանքները՝ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ասաց, որ ոստիկանության ուժերը այս օրերին կապահովեն հասարակական կարգ և  անվտանգություն։ Ինչպես նաև կիրականացնեն  կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման միջոցառումներ։  «Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր  առավոտյան 07։00-ից, եռաբլուր պանթեոնում, այնտեղ մեր ուժերը իրականացնում են հասարակական կարգի ապահովման և մեր քաղաքացիների կուտակումների բացառումը, ծառայությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը ժամը  23։59։ Այսօր 20։00-ից ոստիկանության աշխատակիցները կանցնեն ծառայության Հաղթանակի այգում, խնդիրը կլինի անմար կրակի և դրա հարակից տարածքների շրջափակումը, որպեսզի այնտեղ մուտք գործեն բացառապես սահմանված արարողակարգերին մասնակցող անձինք։ Անձանց և մեքենաների մուտքը այդ տարածք կարգելվի մինչև մայիսի 9-ը ժամը՝  23։59-ը»,- ասաց Մհրյանը։ Վերջինս տեղեկացրեց նաև ,որ ծառայություն է անցկացվելու նաև Կոմիտասի պանթեոնում, մուտքերը և ելքերը փակ կլինեն վաղն առավոտյան 08։00-ից։ Փոխոստիկանապետը քաղաքացիներին հորդորեց պահպանել այն կանոնները, որոնք ոստիկանները կխնդրեն կատարել,մասնավորապես՝ ինքնամեկուսացման և մեկուսացման կանոնները։ Կանոնների խախտման դեպքում քաղաքացիները կտունգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրից հարյուրհիսունապատիկի չափով։ «Ինչպես նաև կխնդրեմ , որպեսզի ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, հակառակ դեպքում կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի սահմաններում։ Ոստիկանությունը այս օրերին կլինի աչալուրջ »,- եզրափակեց Մհրյանը։ 
12:38 - 08 մայիսի, 2020
Բացահայտվել են Եղվարդի համայնքապետարանում կատարված ապօրինությունները. հարուցվել է քրեական գործ

Բացահայտվել են Եղվարդի համայնքապետարանում կատարված ապօրինությունները. հարուցվել է քրեական գործ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Եղվարդի համայնքապետարանում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ Եղվարդ համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել: Կեղծելով ավագանու 2015 թվականի օգոստոսի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումը, աճուրդի են ներկայացրել Եղվարդ-Աշտարակ ճանապարհի աջակողմյան հատվածի ընդհանուր 15 հեկտարից ավելի մակերեսով հողատարածքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Այնուհետ խախտելով հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի պահանջները, 2015 թվականի հոկտեմբերին առանց իրական սակարկումների անցկացման, կազմակերպել են ձևական աճուրդներ, որոնց արդյունքում ընդհանուր 59 միլիոն 300 հազար դրամ լիկվիդացիոն արժեքով հիշյալ հողատարածքները անհամեմատ ցածր՝ ընդհանուր 7 միլիոն 790 հազար դրամով օտարել են համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի անվամբ՝ հետագայում հողատարածքները ավելի բարձր գնով վերավաճառելու կամ շահավետ օգտագործելու համար։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ ամենի հետևանքով խախտվել են համայնքի օրինական շահերը և անզգուշությամբ պատճառվել է էական վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
19:05 - 07 մայիսի, 2020
Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ |armenpress.am|

Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Աշտարակի բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել էին հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել էին Գավառի բժշկական կենտրոնի վրա։ ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում: Մայիսի 2-ի դրությամբ՝ քննվող քրեական գործով կալանավորվել էր 13 անձ, ևս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել։
15:48 - 06 մայիսի, 2020
Ոստիկանության բաժնի պետը թաղի հանցագործների հետ պայմանավորվում է, որ նրանք գնան գողություն անեն, իրենք բացահայտեն և պարգևավճար ստանան. վարչապետ |tert.am|

Ոստիկանության բաժնի պետը թաղի հանցագործների հետ պայմանավորվում է, որ նրանք գնան գողություն անեն, իրենք բացահայտեն և պարգևավճար ստանան. վարչապետ |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց հանցագորոծությունների թվին, որն աճել է 21 տոկոսով կամ 42 հազար դեպքով: Վարչապետը պատասխանեց, որ այս դեպքում կառավարության ստեղծած հնարավորությունը ոմանց կողմից չարաշահվում է: Նա հիշեցրեց, որ ոստիկանության համար պարգևավճարների համակարգ են ներդրել հանցագործությունների բացահայտման համար: «Վերջերս պարզվեց մի դեպք, որ ոստիկանության բաժնի պետը և անձնակազմի որոշ ներկայացուցիչներ թաղի հանցագործների հետ պայմանավորվում են, որ նրանք գնան գողություն անեն, իրենք բացահայտեն և պարգևավճար ստանան»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ կալանավորված անձանց թվով Հայաստանը եղել է մտահոգիչ, իսկ այսօր այդ խնդիրը լուծվել է: Նա նաև նշեց, որ գողության համար ներգրավված անձիք կան, որոնք նախաքննության ժամանակ նոր գողություն են անում: «Եվ երրորդ կողմն էլ կա, էդտեղ մի քիչ ձեր բոստանն էլ քար գցեմ, երբ հեղափոխական կառավարության նկատմամաբ ձեր կուսակցության կողմից քաղաքական ճնշում էր գործադրվում համաներման համար, դա դրա արդյունքներից մեկն է: Ճիշտ է, ես էլ եմ բանտից համաներումով դուրս եկել, բայց ընդհանուր առմամբ համաներումը համարում եմ շատ վատ գործիք, քանի որ համաներմամբ ազատվածների 60-70 տոկոսը նոր հանցանք կատարելու մեջ է բռնվում»,-ասաց նա և նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց պատճառների որոշակի համախումբ կա:
14:33 - 06 մայիսի, 2020
Բժիշկը կպարտավորվի կասկածի դեպքում պացիենտի մասին ոստիկանությունում հաղորդում ներկայացնել |armenpress.am|

Բժիշկը կպարտավորվի կասկածի դեպքում պացիենտի մասին ոստիկանությունում հաղորդում ներկայացնել |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որով, ի թիվս այլ լրացումների, առաջարկվում է բուժաշխատողի համար որպես պարտականություն ամրագրել բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 117 «կողմ» ձայներ: Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես, բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ՝ ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ. ապահովելու քաղաքացիների անձնական կյանքը, հարգելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները: Նախատեսվում է ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը, սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար: Նախատեսվում է օրենսդրորեն կանոնակարգել արտակարգ իրավիճակների, ռազմական, ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, ճշգրտել բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատբաժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը: Առաջարկվում է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պատականություն ամրագրել ՀՀ ոստիկանություն, բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է: Առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման առանձին ենթատեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս վերջիններիս իրականացման հնարավորությունը:
11:12 - 06 մայիսի, 2020
Եղեգնաձորի ոստիկանները  կեղծ թղթադրամների իրացման դեպք են բացահայտել. կան ձերբակալվածներ

Եղեգնաձորի ոստիկանները կեղծ թղթադրամների իրացման դեպք են բացահայտել. կան ձերբակալվածներ

ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում մայիսի 1-ին տեղեկություններ են ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։ Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզել են, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսել են որոնողական աշխատանքները։ Այս մասին տեղելանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին այնքան արագ հայտնաբերեցին, որ նրանք չէին հասցրել հեռանալ Վայոց ձորի մարզից։ Կասկածվողները բերման ենթարկվեցին բաժին։ Այդտեղ պարզվեց, որ նրանք, բացի հիշյալ դեպքից, 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են իրացրել Վայոց ձորի մարզի բենզալցակայաններից երկուսում, մի խանութում և գինու վաճառակետում։ Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Կեղծ թղթադրամներ իրացնողը ձերբակալվեց։ Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե նրանց որտեղից կեղծ թղթադրամներ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 2-ին խուզարկվեց Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերվեց 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։ Տանտերերը, որոնք եղբայրներ են, ևս ձերբակալվեցին։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:50 - 04 մայիսի, 2020
Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը |armtimes.com|

Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի՝ մայիսի 2-ի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Հակոբյանը: Այս մասին հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Յարցին՝ ազատումը կապ ունի՞ Գավառում վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետ, Ջանոյանը պատասխանեց. «Ոստիկանությունում մշտապես իրականացվում են կադրային փոփոխություններ»: Հարցին՝ այլ ազատումներ կա՞ն, թե՞ ոչ, Ջանոյանը պատասխանեց, որ այս պահին առկա տեղեկությունն այսքանն է: Գեւորգ Հակոբյանն այդ պաշտոնին էր 2019 թվականի նոյեմբերի 12-ից: Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:48 - 04 մայիսի, 2020
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 4-ից սկսած կիրականացվեն որոշ գործողություններ. ՀՀ ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 4-ից սկսած կիրականացվեն որոշ գործողություններ. ՀՀ ոստիկանություն

ՀՀ Սստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 4-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները․ 1․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից) տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունում 1-ին անգամ գրանցում և հաշվառում (միայն ներմուծողի անվամբ)․2. տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում (միայն ձեռքբերողի անվամբ), եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել հետևյալ եղանակներով՝ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով,բ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված օտարման պայմանագրով կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրությամբ կամ պայմանագրով,գ. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով.դ․ ժառանգություն ստանալու միջոցով:3․ տրանսպորտային միջոցների վերասարքավորման ձևակերպում․4․ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարինում նորով․5․ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանում և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառման վերականգնում։Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ»։
09:24 - 04 մայիսի, 2020
Ոստիկանության բարեփոխումներն ու արհմիության անհրաժեշտությունը․ Նարեկ Ներսիսյան #FreeZone

Ոստիկանության բարեփոխումներն ու արհմիության անհրաժեշտությունը․ Նարեկ Ներսիսյան #FreeZone

2021թ․-ից սկվսում են ոստիկանության բարեփոխումները։ Առավելագույն դրական արդյունք ստանալու համար կարևոր է, որ բարեփոխումները լինեն համատարած և միաժամանակ ամբողջ իրավապահ մարմինների համար։  Անհրաժեշտ է միաժամանակ բարեփոխել ԱԱԾ-ն, դատախազությունը,  ՊԵԿ-ը։ Բայց քանի որ կառավարության օրակարգում այս պահին միայն ոստիկանությունն է, ուստի կանդրադառնամ մեկ հանգամանքի, որը, ըստ իս, բաց է թողնվել։ Բարեփոխման նախագիծը նույնպես առանձին գնահատման թեմա է, և այնտեղ արդեն առկա են ոստիկանության աշխատակցին ներկայացվող որոշակի պահանջներ, բարեվարքության կանոններ և այլն։ Սակայն փաստ է, որ նախատեսվածը միայն կառուցվածքային փոփոխություններին է վերաբերում, որոնք բերելու են պաշտոնների, հաստիքների և կառավարման համակարգի փոփոխության։ Ոստիկանությունը ծառայությունից վերածվելու է նախարարության և գործելու է քաղաքացիական վերահսկողության ներքո։ Միանշանակ դրական գնահատելով փոփոխությունների ամբողջ ռազմավարությունը՝ հստակ պետք է ասել, որ դրանք իրագործելու համար անհրաժեշտ են նոր միջոցներ, նոր ծախսեր և ամենակարևորը՝ նոր որակյալ ոստիկան։ Եթե այդպես է, ապա հարց է առաջանում՝ ներկա անձնակազմով հնարավո՞ր է հասնել ակնկալվող արդյունքի՝ ոստիկանության մասին մեր տեսլականը իրականություն դարձնել։ Կարծում եմ, որ այո, բայց այս կադրերով, որոնք ԽՍՀՄ միլիցիայի դաստիարակության և կրթության կրողն են, տարիներ կտևի։ Ուրեմն, բացի օրենսդրական փոփոխություններից, անհրաժեշտ են նաև կադրային փոփոխություններ, որոնք պահանջում են որոշակի նյութական միջոցներ։ Առաջնահերթ պետք է փոխվի ոստիկանի նկատմամբ հասարակական վերաբերմունքը․ ոստիկանին ոչ միայն պետք է դիտարկել որպես օրենքի և օրինականության պահապան, այլ առաջին հերթին որպես աշխատող՝ իր աշխատանքային իրավունքներով, պարտականություններով, պայմաններով, հնարավորություններով և սոցիալ-տնտեսական շահերով։ Երկրորդ կարևոր քայլը ոստիկանության համակարգում արհմիության ստեղծումն ու ներդրումն է՝ ամբողջովին նոր փիլիսոփայությամբ և գործիքակազմով։ Ոստիկանության արհմիությունը, ի տարբերություն դասական արհեստակցական կազմակերպության, անհրաժեշտություն կունենա ոչ միայն պաշտպանել ոստիկանի աշխատանքային շահերը, այլ նաև ապահովել յուրահատուկ սոցիալական գործընկերություն։ Սկսենք նրանից, որ ոստիկանության արհմիութենական հիմնադրամը չպետք է ունենա գործադուլային պահուստներ, սակայն դրա փոխարեն հնարավոր է օրենքի ուժով նոր հիմնադրամի ստեղծումը, որը կապահովի ոստիկանի աշխատանքային որակները՝ վերապատրաստման, ներքին կարգապահական և, ինչու չէ, բարեվարքության ստուգման լծակներով։ Այսպիսով՝ արհեստակցական միությանն անդամագրված ոստիկանը հնարավորություն կունենա դրա կողմից ստեղծված հիմնադրամի հաշվին անցնել հատուկ վերապատրաստման և որակավորման դասընթաց և քննական կարգը անցնելուց հետո ստանալ ծառայողական և այլ առավելություններ կամ հնարավորություններ։ Արդյունքում նյութական ծանրաբեռնվածության և պատասխանատվության մի մասը պետական բյուջեից կտեղափոխվի և կդրվի նույն ոստիկանության աշխատողի վրա։ Բացի վերը թվարկածից, արհեստակցական  միությունը կարող է ստեղծել հոգեբանական, իրավական խորհրդատվության, սոցիալական պաշտպանության, սպասարկման, ապահովագրական կենտրոններ, հանգստի հատուկ պայմաններ և այլն։ Կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության աշխատողը, անգամ ստանալով ցածր աշխատավարձ, կկարողանա հոգալ առաջին անհրաժեշտության սոցիալ-տնտեսական պահանջները, որն իր հերթին կնպաստի համակարգի կայունությանը և ոստիկանի կերպարի նոր ընկալմանը՝ թե՛ հասարակության, թե՛ հենց ոստիկանի կողմից։ Այսպիսի մոտեցումը, նոր գաղափարական և արժեքային ընկալման ներդրմամբ, կարող է կիրառվել ամբողջ իրավապահ համակարգի նկատմամբ։ Նարեկ Ներսիսյան
22:24 - 01 մայիսի, 2020
Ապրիլի 30-ին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 24 մեքենա. ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Ապրիլի 30-ին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 24 մեքենա. ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, նույնքան մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը գտնվում էր հետախուզման մեջ, երկու վարորդ չուներ վարորդական իրավունքի վկայական։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև առանց համարանիշերի շահագործվող երկու մեքենա և երկու մոտոցիկլետ, որոնք ևս տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով շահագործվող չորս մեքենա։ Հայտնաբերված օրինախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։  
19:55 - 01 մայիսի, 2020
Գավառում տեղի ունեցած միջադեպերով Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն |armtimes.com|

Գավառում տեղի ունեցած միջադեպերով Ոստիկանության ՆԱՎ-ում նշանակվել է ծառայողական քննություն |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպերով ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
17:10 - 01 մայիսի, 2020