Ոստիկանության բարեփոխումներն ու արհմիության անհրաժեշտությունը․ Նարեկ Ներսիսյան #FreeZone
22:24 - 01 մայիսի, 2020

Ոստիկանության բարեփոխումներն ու արհմիության անհրաժեշտությունը․ Նարեկ Ներսիսյան #FreeZone

2021թ․-ից սկվսում են ոստիկանության բարեփոխումները։ Առավելագույն դրական արդյունք ստանալու համար կարևոր է, որ բարեփոխումները լինեն համատարած և միաժամանակ ամբողջ իրավապահ մարմինների համար։  Անհրաժեշտ է միաժամանակ բարեփոխել ԱԱԾ-ն, դատախազությունը,  ՊԵԿ-ը։ Բայց քանի որ կառավարության օրակարգում այս պահին միայն ոստիկանությունն է, ուստի կանդրադառնամ մեկ հանգամանքի, որը, ըստ իս, բաց է թողնվել։

Բարեփոխման նախագիծը նույնպես առանձին գնահատման թեմա է, և այնտեղ արդեն առկա են ոստիկանության աշխատակցին ներկայացվող որոշակի պահանջներ, բարեվարքության կանոններ և այլն։ Սակայն փաստ է, որ նախատեսվածը միայն կառուցվածքային փոփոխություններին է վերաբերում, որոնք բերելու են պաշտոնների, հաստիքների և կառավարման համակարգի փոփոխության։ Ոստիկանությունը ծառայությունից վերածվելու է նախարարության և գործելու է քաղաքացիական վերահսկողության ներքո։

Միանշանակ դրական գնահատելով փոփոխությունների ամբողջ ռազմավարությունը՝ հստակ պետք է ասել, որ դրանք իրագործելու համար անհրաժեշտ են նոր միջոցներ, նոր ծախսեր և ամենակարևորը՝ նոր որակյալ ոստիկան։ Եթե այդպես է, ապա հարց է առաջանում՝ ներկա անձնակազմով հնարավո՞ր է հասնել ակնկալվող արդյունքի՝ ոստիկանության մասին մեր տեսլականը իրականություն դարձնել։ Կարծում եմ, որ այո, բայց այս կադրերով, որոնք ԽՍՀՄ միլիցիայի դաստիարակության և կրթության կրողն են, տարիներ կտևի։

Ուրեմն, բացի օրենսդրական փոփոխություններից, անհրաժեշտ են նաև կադրային փոփոխություններ, որոնք պահանջում են որոշակի նյութական միջոցներ։

Առաջնահերթ պետք է փոխվի ոստիկանի նկատմամբ հասարակական վերաբերմունքը․ ոստիկանին ոչ միայն պետք է դիտարկել որպես օրենքի և օրինականության պահապան, այլ առաջին հերթին որպես աշխատող՝ իր աշխատանքային իրավունքներով, պարտականություններով, պայմաններով, հնարավորություններով և սոցիալ-տնտեսական շահերով։

Երկրորդ կարևոր քայլը ոստիկանության համակարգում արհմիության ստեղծումն ու ներդրումն է՝ ամբողջովին նոր փիլիսոփայությամբ և գործիքակազմով։ Ոստիկանության արհմիությունը, ի տարբերություն դասական արհեստակցական կազմակերպության, անհրաժեշտություն կունենա ոչ միայն պաշտպանել ոստիկանի աշխատանքային շահերը, այլ նաև ապահովել յուրահատուկ սոցիալական գործընկերություն։

Սկսենք նրանից, որ ոստիկանության արհմիութենական հիմնադրամը չպետք է ունենա գործադուլային պահուստներ, սակայն դրա փոխարեն հնարավոր է օրենքի ուժով նոր հիմնադրամի ստեղծումը, որը կապահովի ոստիկանի աշխատանքային որակները՝ վերապատրաստման, ներքին կարգապահական և, ինչու չէ, բարեվարքության ստուգման լծակներով։

Այսպիսով՝ արհեստակցական միությանն անդամագրված ոստիկանը հնարավորություն կունենա դրա կողմից ստեղծված հիմնադրամի հաշվին անցնել հատուկ վերապատրաստման և որակավորման դասընթաց և քննական կարգը անցնելուց հետո ստանալ ծառայողական և այլ առավելություններ կամ հնարավորություններ։ Արդյունքում նյութական ծանրաբեռնվածության և պատասխանատվության մի մասը պետական բյուջեից կտեղափոխվի և կդրվի նույն ոստիկանության աշխատողի վրա։

Բացի վերը թվարկածից, արհեստակցական  միությունը կարող է ստեղծել հոգեբանական, իրավական խորհրդատվության, սոցիալական պաշտպանության, սպասարկման, ապահովագրական կենտրոններ, հանգստի հատուկ պայմաններ և այլն։ Կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության աշխատողը, անգամ ստանալով ցածր աշխատավարձ, կկարողանա հոգալ առաջին անհրաժեշտության սոցիալ-տնտեսական պահանջները, որն իր հերթին կնպաստի համակարգի կայունությանը և ոստիկանի կերպարի նոր ընկալմանը՝ թե՛ հասարակության, թե՛ հենց ոստիկանի կողմից։

Այսպիսի մոտեցումը, նոր գաղափարական և արժեքային ընկալման ներդրմամբ, կարող է կիրառվել ամբողջ իրավապահ համակարգի նկատմամբ։

Նարեկ Ներսիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել