ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

«Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամները 5-րդ ալիքի եթերում ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել

«Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամները 5-րդ ալիքի եթերում ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել

Ապրիլի 16-ին՝ 5-րդ ալիք լրատվականի եթերում՝ լրագրող Ագնեսա Խամոյանի հաղորդման ժամանակ, «Կովիդ 19-Հայաստան» փաստահավաք խմբի անդամներ փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը մանիպուլյացիոն եւ ապատեղեկատվություն պարունակող պնդումներ են արել։  Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մասնավորապես, խոսելով գործող կառավարության՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար ձեռնարկած միջոցառումների մասին, անդրադառնում է կառավարության ներկայացրած նախագծին, որով հեռախոսային խոսակցությունների միջոցով հնարավոր վարակակիրների հետ կոնտակտավորներին տեղորոշելու հնարավորություն տրվեց իրավասու մարմնին։ Աթանեսյանը հարցազրույցի ժամանակ հայտարարում է, թե «Ընդունվեց հեռախոսները հսկելու մասին դրույթը, բայց չընդունվեց կառավարության որոշում, ավելի շուտ՝ ընդունվեց որոշում, որ այս նորմը գործում է, բայց չտարվեց Ազգային ժողով։ Նոր սահմանափակումը եւս պետք է ստանա ԱԺ-ի համաձայնությունը։ Հետեւաբար ամբողջ ինֆորմացիան, որ հավաքել են, ապօրինի է» (10։05-10։40)։ Փաստաբանն իր խոսքի այս հատվածում մի շարք կեղծ պնդումներ է կատարում։ Կառավարությունը չի ընդունել որեւէ դրույթ, որը չի արժանացել ԱԺ-ի հավանությանը, առանց օրենքի ընդուման ընթացակարգի որեւէ նորմ չի գործել։  Իրականում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթ։ Վերջինի համաձայն՝ հնարավորություն է տրվել ֆիքսել հեռախոսազանգերը՝ կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին գտնելու համար, տեղորոշել նրանց տեղադիրքն ու տեղաշարժը։ 31.03.2020 թվականին հեռախոսների միջոցով անձանց տեղորոշման վերաբերյալ այս նախագիծն ընգրկվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ։ Նույն օրը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս հարցը զեկուցել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նույն արտահերթ նիստում նախագծերի փաթեթը  նախ ընդունվել է առաջին ընթերցմամբ, ապա՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է խորհրդարանի ընդունած օրենքները։ Ըստ այդմ՝ նախագիծն անցել է սահմանված ընթացակարգով, ԱԺ-ում քննարկվել է երկու ընթերցմամբ,  ապա, օրենսդրության համաձայն, այն ստորագրել է նախագահը։ Բացի այս՝ Աթանեսյանի ձեւակերպումը՝ «հեռախոսները հսկելու մասին դրույթ», եւս խնդրահարույց է, քանի որ դրանից տպավորություն է ստեղծվում, որ հսկողություն է սահմանվել բոլոր քաղաքացիների հեռախոսների վրա, այնինչ, իրավասու մարմինները բջջային օպերատորի տրամադրած տվյալների միջոցով հասանելիություն են ունենալու միայն հնարավոր վարակակրի շփման շրջանակին, եւ ոչ թե, պարզ ասած, սենյակում նստած հսկելու են բոլորի զանգերի ու հաղորդագրությունների շրջանակն ու այդ անձանց տեղադիրքերը։ Հաջորդիվ, ի պատասխան հարցին՝ ոստիկանությունն այդքան ռեսուրներ ունի՞, փաստաբանն ասում է․ «Երբ 2 տարի առաջ հայտարարվեց, որ վերջ, արդեն ամեն ինչ լավ է, ոստիկանության զորքերն ուղարկվեցին սահմանամերձ գոտի։ Ոստիկանության զորքերը ստեղծվել են այլ ֆունկցիաներ կատարելու համար, եւ եթե այդտեղ ծառայողը շատ էր ցանկանում գնալ սահման, կգնար ՊՆ՝ պայմանագրային զինծառայող։ Ոստիկանության զորքը ունի ոչ պակաս նշանակություն պատերազմի կամ աղետների ժամանակ, քան առաջնագծում գտնվող զորքը, որովհետեւ եթե թիկունքում չլինի կարգ ու կանոն, առաջնագծում էլ չի լինի։ Հիմա էդ խնդիրը կա, ո՞վ է հիմա պաշտպանելու կարգը, չեն հերիքում ոստիկանները» (22։03-23։25)։ Երեկ analitik.am կայքի լրագրողը վերոնշյալի մասին հարց ուղղեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանին՝ վերջինիս ասուլիսի ժամանակ։ Մհրյանը չժխտեց, որ փողոցներում քաղաքացիների թիվն ավելացել է, սակայն ընդգծեց, որ ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական եւ կորոնավիրուսի շրջանակներում առկա խնդիրները․ «Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում նույնպես՝ ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ նման համաճարակ կարող է լինել, եւ այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը, ու ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց, այժմ կատարում է նաեւ հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի ցուցումների հետ»,- ասաց փոխոստիկանապետը։ Իսկ փողոցներում քաղաքացիների թվաքանակի ավելացումը ոստիկանությունը կապում է այն հանգամանքի հետ, որ պարետի որոշումներով որոշակի տնտեսվարող սուբյետկների գործունեության ծավալի մեծացման պայմաններում քաղաքացիները գնում են աշխատանքի ու վերադառնում տուն։ Եթե համեմատենք, օրինակ, ԱՄՆ-ի հետ, այնտեղ ըստ Washington Post-ի՝ Բոստոն, Չիկագո, Չինչինատի, Դալլաս, Հյուսթոն, Մայամի, Մայամի Բիչ, Միլվուակի, Նաշվիլ, Նոր Օրլեան եւ Ֆիլադելֆիա շրջանների ոստիկանական բաժանմունքներում 100-ավոր ոստիկաններ են կորոնավիրուսով վարակվել՝ մարտի 29-ի դրությամբ։ Բացի այս՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով են վարակվել նաեւ հրշեջները, փրկարար ծառայության աշխատակիցները։ Նյու Յորքի ոստիկաններից մեկը հոդվածում նշում է, որ բոլորը ոստիկաններին մեղադրում են ճգնաժամի մեջ, սակայն պետք է հիշել, որ նրանք էլ մարդ են եւ անհանգստանում են իրենց ընտանիքների համար։ Այսինքն՝ առավել մեծ բնակչություն եւ, հետեւաբար, մեր պետությունից առավել շատ ոստիկանական ուժեր ունեցող Միացյալ նահագներում եւս համավարակի օրերին առկա է ոստիկանական ռեսուրսների խնդիր։ Շարունակելով այս պայմաններում ոստիկանության գործառույթների մասին թեման եւ անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին՝ 5-րդ ալիքի եթերում փաստահավաք խմբի մյուս անդամ Անի Հովհաննիսյանը հայտարարում է․ «Նույն այդ ծրագրերի մեջ ոստիկանների համար, ովքեր այս իրավիճակում որեւէ պարտականություն չունեին՝ իրենց առողջությունը վտանգելով ամեն օր փողոցում մոտենալ մարդկանց, չկա որեւէ առանձին միջոցառում» (23։55-24։16)։ Հովհաննիսյանի պնդումը, թե՝ այս իրավիճակում ոստիկանները մարդկանց մոտենալու պարտականություն չունեն, իրականությանը չի համապատախանում։ Ոստիկանության մասին ՀՀ օրենքի հոդված 16-ի 2-րդ մասի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ տարածքում կամ դրա առանձին մասերում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը: Իսկ ահա այս պայմաններում քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերն ու արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման ձեւաթղթերը ստուգելը կարանտին միջոցառումների մասն է։  Իսկ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի 1-ին մասի համաձայն՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։ 2-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության, ազգային անվտանգության եւ պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են արտակարգ դրության տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովման, արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, մարդկանց կյանքի, առողջության երաշխավորման եւ նյութական արժեքների պահպանության նպատակով։ Այսպիսով, 5-րդ ալիքի եթերում փաստահավաք խմբի անդամներից Տիգրան Աթանեսյանը հնարավոր վարակակիրների կոնտակտավորներին հեռախոսների միջոցով տեղորոշելու նախագծի ընդունումը ներկայացրել է այնպես, իբրեւ խախտվել են ընթացակարգեր, եւ թե այն Ազգային ժողով չի տարվել, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Իսկ Անի Հովհաննիսյանի պնդումը, թե ոստիկանությունն այս իրավիճակում պարտավորություն չունի ստուգել քաղաքացիների տեղաշարժման թերթիկները, հակասում է օրենսդրությանը։ Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան
21:26 - 21 ապրիլի, 2020
Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։ Հայտնաբերվել են նաև ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոները խախտելու 82 դեպք։ Բացի այդ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։ Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։ Բոլոր օրինախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։
17:59 - 21 ապրիլի, 2020
Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել |armenpress.am|

Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր չկան։ Այս մասին հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «Ձեր գրությանն ի պատասխան` հայտնում ենք, որ մինչև օրս ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործեր առկա չեն, ուստի և քրեական պատասխանատվության ենթարկված անձինք չկան»,- նշված է հարցման պատասխանի մեջ։ Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ մեկուսացման և ինքնամեկուսացման ռեժիմի պահանջները խախտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։  Քրեական օրենսգրքում լրացմամբ նվազագույնը 1 ամիս կալանք, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, եթե մարդը այլոց վարակում է կորոնավիրոսով։ Մեկուսացման պահանջը խախտելու համար նվազագույն տուգանքի չափն է 100 հազար դրամը, առավելագույնը՝ 1 միլիոն դրամը։
17:58 - 20 ապրիլի, 2020
Փոխոստիկանապետը՝ մարդկանց տեղաշարժի աճի մասին |civilnet.am|

Փոխոստիկանապետը՝ մարդկանց տեղաշարժի աճի մասին |civilnet.am|

civilnet.am: Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մեկնաբանեց փողոցներում մարդկանց տեղաշարժի աճը։  «Այո՛, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է։ Դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշմամբ՝ որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացավ, բնականաբար մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի, աշխատանքից տուն»,- նշեց նա։ Մհրյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ ոստիկանությունը չէր կարող կանխատեսել համավարակը, «և այդ պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը, և ոստիկանությունը, բացի իր բուն գործառույթներն ու խնդիրները կատարելուց, այժմ կատարում է նաև հսկայածավալ աշխատանք՝ կապված պարետի բոլոր ցուցումների հետ»։ Փոխոստիկանապետը նշեց, որ մարդկանց շարժը վերահսկելու համար տարվող աշխատանքները նույնն են։  «Ոստիկանությունը փորձում է աչալուրջ իրականացնել իր հիմնական խնդիրները և կորոնավիրուսի շրջանակում կատարվող խնդիրները»,- ասաց նա։ Հայկ Մհրյանը անդրադարձավ նաև բանկերի և սուպերմարկետների մոտ կուտակումներին։ «Բանկերի և սուպերմարկետների մոտ մեր ուժերի հնարավորության սահմաններում ծառայությունը իրականացվում է և համակարգվում, որպեսզի հերթեր չգոյանան»,- նշեց Մհրյանը՝ ավելացնելով, որ քաղաքացիների շարժի ավելացումը չի նշանակում՝ ոստիկանությունը չի հսկում իրավիճակը։ «Ոստիկանները իրենց հնարավորության սահմանում ստուգում են տեղաշարժման թերթիկները և անձը հաստատող փաստաթղթերը»,- ասաց նա։
17:54 - 20 ապրիլի, 2020
Փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան. ոստիկանությանը գրություն է հասցեագրվել

Փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան. ոստիկանությանը գրություն է հասցեագրվել

ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով ստեղծված ոստիկանական որոշ հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալների հիման վրա 2019թ. նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է ՀՀ ՀՔԾ-ում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները ծառայության ընթացքում, ապօրինի հատված  փայտանյութի հայտնաբերման նպատակով նախատեսված՝ Ճամբարակ քաղաքում տեղակայված հենակետում միջոցներ չեն ձեռնարկել փայտանյութի ապօրինի տեղափոխումը կանխելու ուղղությամբ, տեղափոխողներին նախապես տեղեկացրել են ոստիկանության այլ ծառայողների կողմից փայտանյութը հայտնաբերելու հնարավոր վտանգի մասին: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանը նույն հենակետում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մի անձի կողմից փոխադրվող փայտանյութի ձեռքբերման մասին հաշիվ-ապրանքագրում ուղեբեռի ստուգման և այն փաստաթղթում առկա տվյալներին չհամապատասխանելու վերաբերյալ նշումներ չկատարելու դիմաց վերջինիցս ստացել է ավտոմեքենայի պահեստամաս: Թեև քրեական գործի նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն ոստիկանության համապատասխան աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու և դատի տալու համար, սակայն առկա փաստական տվյալները հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ այդ աշխատակիցները ծառայության ընթացքում կապի մեջ են գտնվել փայտանյութի ապօրինի ձեռքբերմամբ ու տեղափոխմամբ զբաղվող որոշ անձանց հետ։ Նման դրսևորումները եզակի չեն: ՀՀ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում տվյալներ են ստացվել Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված հենակետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանի կողմից 2019թ. սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում վերջինիցս օղի խնդրելու մասին, որը ստացել է հաջորդ օրը առավոտյան և խմել: Կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել ոստիկանության ծառայողի կողմից օղին որևէ շահագրգռվածության դիմաց պահանջելու վերաբերյալ, և կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում: Վերոնշյալ դեպքերը վկայում են, որ առկա է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի նպատակով հատկապես Տավուշի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում գործող ոստիկանական հենակետերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարքագծի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն: Ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով:
17:05 - 20 ապրիլի, 2020
Մեկ ամսում 104 վարորդ զրկվել է վարելու իրավունքից․ Մհրյան |1lurer.am|

Մեկ ամսում 104 վարորդ զրկվել է վարելու իրավունքից․ Մհրյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ներկայացրեց, թե 2020-ի մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը քանի ճանապարհատրանսպորտային պատահար է արձանագրվել։ Փոխոստիկանապետը նշեց, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 225 ՃՏՊ, որոնք ուղեկցվել են մարմնական վնասվածքներով։ «Զոհվել է 17 մարդ, 339-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2019-ի նույն ժամանակակահատվածում տեղի է ունեցել 342 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, 501-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ ՃՏՊ-ներից 93-ը տեղի է ունեցել Երևանում, 132-ը՝ մարզերում»,- նշեց Մհրյանը։ Նույն ժամանակահատվածում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և արագաչափերով հայտնաբերվել է 36,685 իրավախախտում, որից 19,016-ը խաչմերուկների տարածքում կատարված խախտումներ են, իսկ 17,673-ը՝ թույլատրելի արագության գերազանցումներ։ Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից կազմվել է 21,268 արձանագրություն, և տարբեր իրավախախտումների համար վարելու իրավունքից զրկվել է 104 վարորդ։
16:51 - 20 ապրիլի, 2020
Ըստ օրենքի՝ ինչու՞ են գաղտնալսելու և ինչպե՞ս են պաշտպանված մեր իրավունքները. մասնագիտական մոտեցում [Challenge 2.2 | Արթուր Պողոսյան]

Ըստ օրենքի՝ ինչու՞ են գաղտնալսելու և ինչպե՞ս են պաշտպանված մեր իրավունքները. մասնագիտական մոտեցում [Challenge 2.2 | Արթուր Պողոսյան]

ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան (Արթուր) Պողոսյանը, ընդունելով Սարո Սարոյանի՝ «Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է գաղտնալսումների թեման։   Հոդվածագիրը ճիշտ է նկատել և գնահատել հասարակության անհանգստությունը՝ ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենքի այս նոր խմբագրման, հանցագործության  դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությանը նոր իրավական հնարավորություններ ընձեռելու, դրանով իսկ՝ մարդու ազատությունների և իրավունքների խախտումների ենթադրվող հնարավորությունների վերաբերյալ։ Չանտեսելով հոդվածի ներկայացման շարժառիթները և գնահատելով հոդվածագրի դիրքորոշումները, նշենք, որ այստեղ ամեն ինչ միանշանակ չէ և որոշ մասնագիտական նկատառումներ քննարկելու անհրաժեշտություն կա։ Որպեսզի կարողանանք քննարկել հոդվածում նշված փաստարկումները և, անհրաժեշտության դեպքում, հակադարձել ու հակափաստարկներ ներկայացնել (այսպիսին են «խաղի կանոնները»), եկեք համակարգենք և խմբավորենք դրանք որպես. հոգեբանական, իրավական, վարչատեխնիկական։ Այստեղ հոգեբանական բաղադրիչը ներառում է. հասարակության անվստահությունը ոստիկանության համակարգի նկատմամբ, մարդկանց վախը և ցանկությունը՝ պաշտպանելու սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իր իրավունքները, մասնավորապես իր անձի, կապերի և փոխհարաբերությունների, գործունեության, մտքերի, ինտելեկտուալ սեփականության պահպանմանն ուղղված, առանձին անձանց, դրանց խմբերի վախը՝ ոչ օրինական, հակահասարակական, բարոյական խնդիրներ ունեցող ծպտյալ գործունեության բացահայտման հնարավորության վերաբերյալ։ Իրավական բաղադրիչը ելնում է այն համոզմունքից, որ օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտությունն ունի թույլ հիմնավորում։ Այն լիարժեք ուսումնասիրված չէ, հակասում է մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին։ Վարչատեխնիկական բաղադրիչը բխում է այն գիտակցությունից, որ ոստիկանության համակարգում անհրաժեշտ կլինի նոր վարչական միավորի ստեղծում, կադրերի վերապատրաստում, նրանց գործունեության վերահսկման գործառույթների վերաբաշխում, տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման տեխնիկական միջոցների ձեռքբերում, դրանց շահագործման կազմակերպում։ Կարելի էր քննարկման դնել նաև ֆինանսատնտեսական բաղադրիչը՝ երկու իրավապահ մարմիններում համանման կառույցների ձևավորման և, դրա հետ կապված, ոչ քիչ ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության հարցը։ Եթե քննարկման դնենք հիմնախնդրի հոգեբանական բաղադրիչով պայմանավորված գործոններից առաջինը, ապա իրատեսական համարելով այն՝ պետք է հիշել, որ օրենքները չեն ստեղծվում այս կամ այն պաշտոնատար անձի, իշխանության այս կամ այն օղակի նկատմամբ հասարակության վստահությունից ելնելով։ Մարդիկ գնացող են, իսկ օրենքները՝ մնայուն։ Իրավամբ օրենքները պետք է ձևակերպվեն այնպես, որ դրանք իրագործվեն՝ անկախ  իրագործողի անձնային բնութագրումներից, դիրքորոշումներից, սպասումներից։ Եթե օրենքները իրագործվում են ոչ ըստ իրենց նախատեսվածության, ապա դա օրենսդրական համակարգի անկատարության հետևանք է։ Հայտնի է, որ մարդկանց հավատը այս կամ այն իրավապահ գործընթացի նկատմամբ մեծամասամբ  պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան են մարդիկ ճանաչում այդ գործընթացի մեխանիզմները, ինչով է հիմնավորված այս կամ այն մեխանիզմի, տեխնոլոգիայի կիրառումը։ Այսպես. հասարակության ամեն 1.000  անդամից մեկը դժվար թե կարողանա մեկնաբանել, թե ինչ է օպերատիվ-հետախուզական գործունեությունը, գործողությունների ինչ հերթականություն է ենթադրում այն՝ ի հայտ բերելու, կանխելու, ամբողջությամբ բացահայտելու այս կամ այն հանցագործությունը, իրականացնելու կանխարգելիչ միջոցառումներ։ Առավել խրթին է հասարակ մարդու համար հասկանալ, թե ինչ տեխնոլոգիական գործընթաց է ենթադրում դրանցից յուրաքանչյուրը, ինչ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների պահանջ է առաջադրվում այս կամ այն խնդրի լուծման այս կամ այն փուլի ժամանակ, ինչպես պետք է հաշվի առնվի և պաշտպանվի մարդու և քաղաքացու իրավունքներն այստեղ։ Եթե խոսենք օպերատիվ-տեխնիկական միջոցառումների, մասնավորապես քննարկման առանցք դարձած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին, ապա երևի մասնագետները հանրամատչելիորեն  պետք է բացատրեն քաղաքացուն դրա անհրաժեշտությունը հանցագործության դեմ պայքարի արդի փուլում։ Պետք է որոշ փակագծեր բացվեն, ներկայացվեն հանցագործության դեմ պայքարի որոշակի տեխնոլոգիաներ։ Մարդկանց հստակ պետք է ներկայացվի, որ ինքնին հանցագործության վերաբերյալ տվյալներ ստանալը պոտենցիալ կամ հանցագործության նախապատրաստման, իրագործման և հետքերի վերացման փուլերում հնարավոր չէ, եթե չի կիրառվում օպերատիվ (գործակալական, տեխնիկական) ներթափանցում հանցագործության մեջ կասկածվող խումբ կամ նրանց շրջապատ։ Հանցագործներն էլ հայտնի կինոֆիլմերի հերոսների նման իսկույն չեն խոստովանում իրենց մեղքը։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն էլ պայմանավորված է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հանցավոր խմբերը կարող են գործել մեծ տարածությունների վրա, ակտիվորեն կիրառել կապի տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ հեռախոսներ։ Այս դեպքում կապի ուղին հնարավոր է դառնա այն «թույլ օղակը», որը կարող են օգտագործել հանցավորության դեմ պայքարող մարմինները՝ նրանց մտահղացումների, կոնկրետ ծրագրվող և իրականացման փուլում գտնվող միջոցառումների մասին տեղեկություն ձեռք բերելու համար։ Այս տեղեկությունն անհրաժեշտ է գործի վարույթն իրականացնող աշխատակիցներին, նախ, ձեռք բերելու ներքին համոզում (որ իրոք պլանավորվում և իրականացվում է հակահասարակական, հանցավոր բնույթի արարք, կոնկրետ անձի մեղավորությունը դրանում), տեղեկանալու հանցավոր արարքների մանրամասներին, ինչպես նաև հավաքելու ապացուցողականություն ունեցող տվյալներ։ Մարդիկ պետք է իմանան, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսումը չի կարող իրականացվել ցանկացած դեպքում՝ սոսկ հետաքննությունն իրականացնող անձի ցանկությամբ։ Դրա համար պարտադիր անհրաժեշտ է տվյալ միջացառման գրավոր հիմնավորում՝ զեկուցագիր, որը պետք է անցնի բոլոր վերադաս օղակներով՝ մինչև ծառայության պետ, որից հետո, վերջինիս ներկայացմամբ, ստացվի դատարանի թույլտվությունը։ Մարդիկ պետք է նաև իմանան, որ այն բոլոր դեպքերում, երբ չի հաստատվում նախնական տվյալները հանցագործության մեջ կոնկրետ անձի ներգրավվածության կամ ընդհանրապես հանցագործության վերաբերյալ, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության համապատասխան փուլում այս տվյալները պարտադիր ենթակա են ոչնչացման։ Ոչնչացվում են նաև այն բոլոր նյութերը, որոնք ոչ մի կերպ կապված չեն հանցագործության բնույթի և հանցակազմի տարրերի (օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ) հետ։ Ինչ վերաբերում է մարդկանց սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իրավունքների սահմանափակմանը, դրանց շրջանի «նեղացմանը», ապա այստեղ խոսքը գնում է ընդամենը օրենքով վերապահված գործառույթի փոխանցմանը մի կառույցից մյուսին (ԱԱԾ-ից ոստիկանության համակարգին), փաստացի՝ նման իրավունքներ ունեցողների թվի մեծացմանը։ Տեսականորեն սա ենթադրում է հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, ինչը անձի և հասարակության կենսական շահերից է բխում։ Այստեղ պետք է նշել, որ այս գործառույթի իրականացումը ենթադրում է որոշակի վերահսկողություն։ Կարծում եմ՝ հասարակությունը պետք է հետամուտ լինի անձնային բնույթի (անհատական) տեղեկության չթույլատրված արտահոսքի դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության ուժեղացմանը։   Ավելորդ է ուշադրություն դարձնել ոչ օրինական, հակահասարակական ծպտյալ գործունեություն իրականացնող, բարոյական խնդիրներ ունեցող առանձին անձանց մասով տագնապին, քանի որ օրենքը հենց ուղղված է այսպիսի գործունեության ի հայտ բերմանը։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ մարդիկ, որոնք գործում են օրենքի սահմաններում, մեծ հաշվով վախենալու բան չունեն ո՛չ ԱԱԾ, ոչ էլ ոստիկանության գաղտնալսումներից։ Եթե քննարկման դնենք հիմնախնդրի իրավական բաղադրիչով պայմանավորված գործոնը, ապա մի կողմ դնելով օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտության թույլ հիմնավորումը, կարող ենք նշել, որ այն չի հակասում մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին, քանի որ նախատեսում է մարդու և քաղաքացու պաշտպանությունը հանցավոր մտադրություն ունեցող անձանցից։ Բացի այդ, այն չի վերաբերում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման անօրինականության հարցին, այլ ընդամենը դրա իրականացմանը ոստիկանության համակարգում։ Այստեղ խնդիրներ կարող են ծագել տվյալ օրենքի փոփոխությամբ պայմանավորված այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, ոստիկանության և ԱԱԾ գործառույթներում համապատասխան փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Կա մեկ այլ խնդիր, որ վերաբերում է հեռախոսային գաղտնալսումների չթույլատրված և չվերահսկվող իրականացմանը առանձին կազմակերպությունների, մասնավոր անձանց կողմից։ Խնդիրն այն է, որ այս նպատակով կիրառվող ժամանակակից սարքերը՝ գնի և ֆունկցիոնալ հնարավորությունների տեսանկյունից դարձել են մատչելի և չի բացառվում դրանց գործածությունը մեր երկրում։ Սա վարչական զանցանք է՝ նման սարքերի ներկրման, օգտագործման և քրեորեն պատժելի արարք՝ քաղաքացիների անձի և գործունեության վերաբերյալ մասնավոր տեղեկույթի ձեռք բերման, հնարավոր տարածման կամ շահադիտական նպատակներով օգտագործման տեսանկյունից։ Անձնական տվյալների պաշտպանությունը հենվում է ոչ միայն Սահմանադրական պահանջների, այլև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների, ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք նորմերի վրա (Հ․ 144. «Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը», Հ. 146. «Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը», Հ. 342. «Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը»)։ Ինչ վերաբերում է վարչատեխնիկական բաղադրիչին, ապա  հասարակությունը պետք է հետամուտ լինի ոստիկանական համակարգում (և, ընդհանրապես, իրավապահ և արդարադատության համակարգերում) օրենքների անշեղ կատարմանը, կադրերի ընտրությանը, պատրաստմանը և մշտական վերապատրաստմանը, նրանց դաստիարակությանը, այստեղ իրականացվող գործընթացների մանրակրկիտ և անաչառ վերահսկմանը, մարդու և քաղաքացու ազատությունների և իրավունքների նկատմամբ ոտնձգությունների կանխմանը։ Ոստիկանական համակարգին ոչ միայն պետք է տրվեն  նման իրավունքներ, այլև ապահովեն տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման ժամանակակից տեխնիկական միջոցներով, մշակվեն այս միջոցառումների իրականացման համապատասխան հրահանգներ։ Եթե դիտարկենք ֆինանսատնտեսական բաղադրիչը, ապա այն կարող է վերաբերել տեխնիկական միջոցների ձեռքբերման, դրանց շահագործման, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ստեղծման վարչական ծախսերի հիմնավորմանը։ Խնդիրն այն է, թե որքանով դրանք կնպաստեն հանցագործության դեմ պայքարին։ Կարծում եմ՝ այս ծախսերը կարելի է հոգալ ոստիկանության այլ ստորաբաժանումների, մասնավորապես՝ ոստիկանության զորքերի անհարկի ծախսերի կրճատման հաշվին։ Պետք է հաշվի առնել, որ դրանով իսկ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները կազատվեն ավելորդ ծանրաբեռնվածությունից և կզբաղվեն իրենց հիմնական գործառույթներով։ Հետգրություն․ Ուրախ կլինեմ ծանոթանալ հոդվածին և թեմային վերաբերող այլ տեսանկյունների, դիտողությունների և առաջարկությունների։ Թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Սարո Սարոյանին և ընթերցող հասարակությանը։
11:47 - 20 ապրիլի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը:  Վարչապետին մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը: Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, նախաքննության արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի պահպանություն, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանության բարելավում, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում:  Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել վերը նշված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ նախատեվսող աշխատանքներին ու միջոցառումներին, գործողությունների հերթականությանը:  Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը: «Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության հսկողությանը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե քաղաքացիներին տուգանելը՝ այլ կանոնների խախտման կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: «Մեր այս ծրագիրը մեծ կարևորություն ունի, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այն իրականացնենք նախանշված ժամկետներում»,- նշել է վարչապետը և պատասխանատուներին տվել ռազամավարությունն իրականացնելու հետ կապված կոնկրետ հանձնարարականներ: Ռազմավարությամբ նախատեսվում է, որ պարեկային ծառայությունն սկսելու է գործել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում:
15:38 - 18 ապրիլի, 2020
Պաշտոնից ազատվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետը

Պաշտոնից ազատվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ազատվել է աշխատանքից։ Գրառման մեջ ասվում է.   «Սիրելի’ ընկերներ, հարազատներ, իմ հարգելի’ քաղաքացիներ. Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը: Ետադարձ հայացք նետելով ոստիկանությանը նվիրած կյանքիս անցած 16 տարիներին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչև Անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվեցի որպես հանրային ծառայող, անվերապահորեն ընդունել եմ, ընդունում եմ և ընդունելու եմ մի պարզ ճշմարտություն, որ այդ տարիները հաջողված են եղել իմ՝ որպես մարդ և որպես մասնագետ կայացման հարցում, ինչի համար շնորհակալ եմ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ և եթե կրկին բախտ վիճակվեր ԲՈՒՀ և մասնագիտություն ընտրելու հարցում, ապա կրկին կընտրեի հարազատ Կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունս: Ընդգծված ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել և հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության և Աստծո դատին: Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում ուժերիս ներածին չափով կրկին Ձեր կողքին եմ լինելու և շարունակելու եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս:Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության և անկեղծ վերաբերմունքի համար: Աստված բոլորիս պահապան»:
11:17 - 18 ապրիլի, 2020
Դանիբեկյանի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար
 |news.am|

Դանիբեկյանի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու համար |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության վերաբերյալ ԲԴԽ հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձարարությամբ: Այս մասին հայտնեց Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը: Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» եւ ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սեւակ Հակոբյանի հետ» տեսանյութերը , արձանագրել է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաեւ հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է  ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար:
18:27 - 16 ապրիլի, 2020
Հույս ունեմ՝ ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ

Հույս ունեմ՝ ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ոստիկանության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: «Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի, հարգանք՝ սեփական պետության, պետականության, կարգուկանոնի հանդեպ,-նշել է նախագահը:- Հետևաբար, ձեր աշխատանքն այդքան էլ պարզ չէ. այն ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ, և,՛ միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, ուշադրությունը, որովհետև շատ հաճախ դուք առաջինն ենք լինում այն վայրերում, որտեղ մարդիկ ոչ թե օրենք են խախտել, այլ ընդհակառակը՝ օգնության կարիք ունեն։ Հույս ունեմ, ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանության բոլոր աշխատակիցները պատվով են կատարում իրենց վրա դրված մեծ պարտականությունը»։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ համավարակով պայմանավորված այս դժվար օրերին ոստիկանները կրկին առաջնագծում են: «Բոլորս էլ գիտենք՝ համավարակի բժշկական, առողջապահական լուծումը դեռ չկա, չկան պատվաստանյութեր, որոնք կօգնեն քաղաքացիներին, ուստի պայքարի ձևը մնում է սոցիալական հեռավորություն պահելը: Կարևոր է, որ մեր հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի լինի կարգապահ, կազմակերպված և պատասխանատու,-ընդգծել է նախագահը:- Ձեր գործընկերներից շատերն այս պայքարի առաջնագծում են։ Տեղյակ եմ, որ ձեր և մեր գործընկերներից մի քանիսն իրենց պարտականությունները կատարելիս վարակվել են կորոնավիրուսով։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ կողմից նրանց բոլորին առողջություն մաղթեք և ասեք, որ շատ բարձր ենք գնահատում նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունը և իրենց պարտականությունները պատվով կատարելը: Նրանք իրենց կյանքը, առողջությունը վտանգել են քաղաքացիներին հիշեցնելու համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը կարգապահությունն է»։ Նախագահ Սարգսյանը կարևորել է ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը՝ նշելով, որ ոստիկանության գործունեությունը լայն ընդգրկում ունի՝ սկսած օրենքի կիրառումից վերջացրած հասարակական կարգի պահպանությամբ և քաղաքացու նկատմամբ ուշադրությամբ. «Այսօր ունենք և, հույս ունեմ, ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ մեր քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք և ոստիկանի կերպարի մեջ տեսնելու է ոչ միայն օրենքի պաշտպանին, այլ նաև այն անձին կամ անձանց, որոնք նրան աջակից են լինելու դժվարության պահին»: Նախագահ Սարգսյանը բոլորին մաղթել է առողջություն և բարի ծառայություն. «Դուք բոլորդ ունեք ամուր բազուկ, որը պաշտպանում է օրենքն ու օրինականությունը, մեր քաղաքացիներին ու նրանց իրավունքները, և որևէ հակասություն չկա, որ այդ համազգեստ կրող ամուր բազուկն ունենա սիրող ու գնահատող, մարդկային սիրտ, առողջ տրամաբանություն ու սառը դատողություն: Այս բոլոր հատկանիշներն են, որ ստեղծում են այն ոստիկանին, որին արժանի է մեր ժողովուրդը, և որին դուք եք արժանի: Ձեր համազգեստը մեծ իմաստ ունի»: Նախագահն իր բարեմաղթանքներն է փոխանցել նաև ոստիկանության բոլոր աշխատակիցների ընտանիքներին՝ նշելով, որ նրանց համար նույնպես այս օրերին հեշտ չէ: Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի, մաղթանքների ու գնահատանքի համար: «Ցանկանում եմ բոլոր աշխատակիցների, ոստիկանության կրտսեր, միջին, ավագ ծառայողների անունից շնորհակալությունս հայտնել մեր աշխատանքը գնահատելու և հոգածության համար»,-նշել է ոստիկանության ղեկավարը: Նա Հանրապետության նախագահին հավաստիացրել է, որ հատկապես համավարակի օրերին ոստիկանության ողջ անձնակազմը պատշաճ կերպով և բարձր պատասխանատվությամբ է իրականացնում ծառայությունն օրենքին և ժողովրդին: «Այս համավարակի օրերին ոստիկանության հատկապես կրտսեր խմբի ծառայողները մեզ համար բացահայտեցին դաստիարակված, քաղաքակիրթ ոստիկանի կերպարը: Մենք շնորհակալության խոսքեր ենք ստանում նրանց պահվածքի համար: Եվ սա դառնալու է աշխատաոճ բոլորի համար»,-ավելացրել է ոստիկանության պետը:
14:43 - 16 ապրիլի, 2020
Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ

Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ․ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը:Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ և իմ պատկերացումը և առաջադրանքը, որ դնում եմ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության առաջ հետևյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ և ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը և վստահություն ներշնչի քաղաքացիներին:Այսպիսի հարաբերությունն է, որ էականորեն կմեծացնի հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, կմեծացնի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը և նախականխմանն ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը:Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին, իսկ այսպիսի իրավիճակի հասնել հնարավոր է ոստիկանության համակարգված բարեփոխումների միջոցով, երբ յուրաքանչյուր ոստիկան սեփական գիտելիքի, հմտության, իմացության աստիճանը բարձրացնելու ամենօրյա խնդիր է դրել իր առաջ, երբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոստիկանությանը և նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական և իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով և սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար:Շատ կարևոր են նաև օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները հստակ ձևակերպված են, որտեղ հստակ սահմանված են այն կարմիր գծերը, որից այնկողմ ոստիկանությունը չի կարող անցնել և իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու և քաղաքացու իրավունքների:Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից և առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար:Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող և արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն:Սիրելի՛ ոստիկաններ,Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև դրվատանքի խոսքեր ասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ ևս դուք պայքարի առաջնագծում եք:Վերստին ցանկանում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ և ձեր ընտանիքների անդամներին, որոնք անմիջապես իրենց կյանքում են զգում ոստիկանի աշխատանքի բոլոր բարդությունները:Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:
14:13 - 16 ապրիլի, 2020
Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում․ Գլխավոր դատախազի շնորհավորական ուղերքը Ոստիկանության օրվա առթիվ

Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում․ Գլխավոր դատախազի շնորհավորական ուղերքը Ոստիկանության օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես նշվում է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ, որը մասնագիտական տոն լինելուց առաջ նախ համակարգի կայացվածության և մեր պետականության ամրապնդման, ներքին անվտանգության ակունքներում վերջինիս կանգնած լինելու խոսուն վկայությունն է: Ձեր ներդրումը մեր երկրում ժողովրդավարության, իրավակարգի և օրինականության,  քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի պահպանման առաքելության մեջ դժվար է գերագնահատել: Առաքելություն, որ Ոստիկանությունն այսօր իրականացնում է պատվի և պատասխանատվության մեծ զգացումով՝ արդարորեն վաստակելով մեր հանրության վստահությունը, հարգանքն ու պատկառանքը: Հատկապես ներկայիս ժամանակաշրջանում հասարակության ուշադրության կենտրոնում էր արտակարգ իրավիճակով պայմանավորված քաղաքացիների հետ  ոստիկանների ամենօրյա անխոնջ աշխատանքը: Դրա շնորհիվ, մեր աչքի առջև, նաև ի դեմս շարքային ոստիկանի ու ոստիկանության սպայի, հիրավի, վերարժևորվում է նոր, իր ժողովրդի հոգսով ապրող, նրան սրտակից ու կարեկից, անհրաժեշտության դեպքում հանուն համընդհանուր բարօրության՝ սեփական առողջությունը վտանգի տակ դնելով օր ու գիշեր իրեն վերապահված դիրքում, հենակետում իր պարտականություններն արժանապատվորեն կատարող հանրային ծառայողի կերպարը: Այսպիսի գնահատանքն, անշուշտ, ոչ միայն գոհանալու, այլ նաև ավելի պատասխանատվությամբ գործելու ազդակ է, որովհետև սահմանվում է աշխատաոճի, մարդկանց հետ հաղորդակցության, համակարգի առջև դրվող խնդիրների լուծման մի նոր, ավելի բարձր նշաձող, որն ամեն օր հաղթահարելու կարևորությունը, վստահ եմ, գիտակցում է յուրաքանչյուր ոստիկան:     Մենք միասին կանգնած ենք հանցավորության դեմ պայքարի առաջնագծում: Իրավախախտումների,  հանցագործությունների կանխարգելումը դրանց դեմ անողոք և անզիջում պայքարը շարունակում է մնալ մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին իրավապահ բոլոր օղակների միջև ներկայումս ձևավորված համագործակցության բարձր մակարդակը երաշխավորում է այդ պայքարում մեր՝ այլընտրանք չունեցող շարունակական հաղթանակը:   Ոստիկանության սիրելի՛ աշխատակիցներ, Կրկին շնորհավորելով մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ առաջին հերթին բնականոն ծառայություն և անդադար ձեռքբերումներ ինչպես անձնական ու ընտանեկան կյանքում, այնպես էլ ձեր բարդ, պատասխանատու և պատվաբեր աշխատանքում՝ հանուն մեր պետության և ժողովրդի բարօրության, անվտանգության և հանուն մեր վերելքի անխափան երթի»:
13:25 - 16 ապրիլի, 2020