Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել |armenpress.am|
17:58 - 20 ապրիլի, 2020

Ոստիկանությունում մեկուսացման ռեժիմը խախտելու հատկանիշներով քրեական գործեր չեն հարուցվել |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր չկան։ Այս մասին հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ձեր գրությանն ի պատասխան` հայտնում ենք, որ մինչև օրս ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործեր առկա չեն, ուստի և քրեական պատասխանատվության ենթարկված անձինք չկան»,- նշված է հարցման պատասխանի մեջ։

Մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»
լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ մեկուսացման և
ինքնամեկուսացման ռեժիմի պահանջները խախտելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ 

Քրեական օրենսգրքում լրացմամբ նվազագույնը 1 ամիս կալանք, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, եթե մարդը այլոց վարակում է կորոնավիրոսով։ Մեկուսացման պահանջը խախտելու համար նվազագույն տուգանքի չափն է 100 հազար դրամը, առավելագույնը՝ 1 միլիոն դրամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել