ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |1lurer.am|

Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվել է: Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, և հիմա դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ըստ Սարգսյանի, միջդատական վարույթների հետ կապված գործերի մակագրության կարգը խախտում է արդար դատաքննության իրավունքը, այն չի ապահովում պատահականության սկզբունքը, քանի որ դատարանի նախագահն է որոշում՝ ով քննի այդ գործը: Բացի այդ, ըստ Սարգսյանի, պաշտպանական կողմը ողզջամիտ ժամկետ է խնդրել, որ կարողանա լիարժեք պաշտպանվել: Դատարանն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր, փաստաբան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ մոտ 2 ժամից: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող չորս քրեական գործ է հարուցել, որոնցից մեկը վերաբերում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն: ԱԺ-ն հունիսի 16-ին միաձայն համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Այժմ ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:
18:00 - 18 հունիսի, 2020
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

armtimes.com: Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռեւս չի քննվել: Մեղադրանքն առաջադրվել է մասնավորապես ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Երեկ հայտնի էր դարձել, որ Մանուկյանը ձերբակալվել է: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:56 - 18 հունիսի, 2020
Ինչո՞ւ Արթուր Դավթյանը 2018 թվականին հետ կանչեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը |fip.am|

Ինչո՞ւ Արթուր Դավթյանը 2018 թվականին հետ կանչեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը |fip.am|

fip.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն  հունիսի 16-ին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն ներկայացնելիս քաղաքական հանձնարարություն չի կատարել: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԱԱԾ-ն օրեր առաջ միանգամից մի քանի բացահայտում էր կատարել, որոնք կապվում էին Ծառուկյանի անվան հետ:  Հարցը քննարկելիս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գլխավոր դատախազին հիշեցրեց երկու տարվա վաղեմության իրադարձությունները։ «2 տարի առաջ նույն այս դահլիճում դուք միջնորդություն էիք կրկին բերել անձեռնմխելիությունից զրկելու այն ժամանակ մեր գործընկերներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին՝ ակնհայտորեն կատարելով քաղաքական պատվեր: Հետո կրկին քաղաքական ազդեցության հետևանքով դուք հետ վերցրեցիք ձեր այս միջնորդությունը»,- նշել էր Գորգիսյանը՝ ընդգծելով, որ հանրությունը չի կարող վստահ լինել, որ նույնը տեղի չի ունենա նաև Գագիկ Ծառուկյանի դեպքում: Սրան ի պատասխան՝ Արթուր Դավթյանը հակադարձեց, որ Գորգիսյանի տեղեկությունները ճիշտ չեն, քանի որ ինքը երեք պատգամավորի վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել. «Իսկ որ պատգամավորի վերաբերյալ որ ներկայացրել եմ, հիմա ձեզ ուղիղ պատասխանում եմ՝ ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, պարոն Գորգիսյան: Դրա մասին ես շատ մանրամասն անդրադարձել եմ: Հետևաբար, հանրությունն այսօր էլ կարող է վստահ լինել, Ազգային ժողովն էլ վստահ լինել, որ սա մաքուր իրավական գործընթաց է»: Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը կատարված իրադարձությունները «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը բերման էին ենթարկվել նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի հանդիպումից հետո: Ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումը ձախողվել էր և տևել ընդամենը մի քանի րոպե: Այնուհետև Արցախի փողոցում ոստիկանությունը տարածքից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին՝ բերման ենթարկելով նաև տասնյակ այլ ցուցարարների: Ժամեր անց գլխավոր դատախազությունը հայտնել էր երեք պատգամավորների ձերբակալության մասին: Ըստ այդ հաղորդագրության՝ պատգամավորները բռնվել էին հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, այն է՝ ոչ լիազորված հավաք էին կազմակերպել, ներխուժել հատուկ պահպանվող տարածքներ և այլն: Դատախազությունը հավելել էր, որ պատգամավորների ձերբակալման մասին հայտնել է ԱԺ նախագահին:  Գրեթե մեկ օր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէր:  Ապրիլի 23-ին նախագահական նստավայրում խորհրդակցությունից հետո առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրել էր, որ գնում է Ձերբակալվածների պահման վայր՝ պատգամավորներին հանդիպելու։  Որոշ ժամանակ անց Փաշինյանի էջով տեղեկություն էր տարածվել, որ ԱԺ-ում այդ օրը նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է։ Պաշտոնական հաղորդագրություն նիստի մասին չէր տարածվել:  Ժամեր անց Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարություն էր տարածել։ Մեկ ժամ անց Փաշինյանը և մյուս պատգամավորներն ազատ էին արձակվել:  Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո արդեն՝ մայիսի 15-ին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ «Ելքի» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին իր միջնորդագրին։ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մասնավորապես, Դավթյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ էին 3 պատգամավորներին ձերբակալել, ինչ միջնորդություն էր ներկայացվել նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար, և ինչ է արվել այդ միջնորդության հետ: Դավթյանն արձագանքել էր՝ նշելով, որ պատգամավորները ձերբակալվել էին ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։ Նա ընդգծել էր, որ գլխավոր դատախազությունն ԱԺ միջնորդություն ներկայացրել է միայն Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: «Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել ԱԺ, այնուհետև ամբողջ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը համապատասխան հիմնավորումներով գրավոր դիմեց ինձ, և իմ կողմից ԱԺ նախագահին նամակ է հղվել, որ հարցը օրակարգից հանվի և քննության չառնվի»,- ասել էր Դավթյանը։ Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե ինքը քաղաքական հանձնարարական է կատարել, գլխավոր դատախազը պատասխանել էր, որ ինքը կատարել է մասնագիտական գործունեություն. «Ինչ վերաբերում է միջնորդությունը չքննարկելու հարցի բարձրացմանը, այո, այստեղ կա քաղաքական նշանակություն, դա էլ նույնիսկ իրավական է, դատախազը ներկայացնում է ձեռք բերված նյութերի հիման վրա իր գնահատականը, և քաղաքական մարմինը տալիս է քաղաքական գնահատական»։ Ինչպես երևում է 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած քրոնիկոնից, Արթուր Դավթյանը՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը չեղարկելիս հաշվի է առել գործող իշխանությունների դիրքորոշումը: Թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ ինքը՝ Դավթյանը, պաշտոնապես հայտարարել էին, որ այդ ժամանակ գործող առաջին փոխվարչապետի հորդորով է դատախազը հետ կանչել իր միջնորդագիրը: Փաստացի, ներկայում հնչող մեղադրանքները, որ եղել է քաղաքական ազդեցություն, համապատասխանում են իրականությանը։ ԲՀԿ-ն և պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը  Հունիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, գլխավոր դատախազին հիշեցնելով 2018 թվականի վերը նշված իրադարձությունները, պնդեց, որ իրենց՝ ԲՀԿ-ականների գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորները չէին զրկվել անձեռնմխելիությունից։  Ըստ Էնֆիաջյանի՝ թեև իրենց նկատմամբ շարունակ սպառնալիքներ էին հնչում և համոզում էին կողմ լինել Փաշինյանին ձերբակալելուն, իրենց պատասխանը եղել է շատ կոշտ. «Այդ մասին տեղեկացրել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին նաև և մեր քաղաքական թիմի միասնական որոշումը եղել է այդ նիստը (պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ- խմբ.) և այդ գործողությունը տապալել: Մենք ենք տապալել, մենք ենք նպաստել և դրանից հետո էլ ամեն ինչով նպաստել ենք, որ հեղափոխություն ասածը՝ որպես օրակարգային կետեր իրականություն դառնան»: Սակայն Էնֆիաջյանի պնդումն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը: Գլխավոր դատախազն իր միջնորդագիրը հետ է կանչել միայն ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի խնդրանքով: Կարեն Կարապետյանի դիմումը հաջորդել էր նախագահականում կայացած հանդիպմանը, որտեղ ներկա էին եղել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ինքը՝ Կարապետյանը, և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախագահ Արմեն Սարգսյանը: ԲՀԿ-ն համաժողովրդական շարժմանը միացել էր, երբ Նիկոլ Փաշինյանն ու մյուսներն ազատ էին արձակվել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից տառացիորեն րոպեներ առաջ: Այսպիսով, 2018 թվականին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից  Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի չեղարկումը իրականացվել էր քաղաքական իրադարձությունների զարգացման պայմաններում և ՀՀԿ-ական առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի ուղիղ խնդրանքով: Հավելենք, որ ԲՀԿ-ն, փաստացի, այդ գործընթացում  ազդեցություն չէր ունեցել: Լուսինե Ոսկանյան
15:10 - 17 հունիսի, 2020
Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան |armtimes.com|

Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԱԺ-ն անցավ նրան ազատությունից զրկելու հարցի քննարկմանը: ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդագիրը եւ դրա հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով միջնորդելով համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն: Արթուր Դավթյանը նախ վերահաստատեց, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցության դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ներառված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ: Դրա կազմում, ըստ դատախազի, ընդգրկել է դաշինքի եւ կուսակցության կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց, իսկ խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունը ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ խմբի գործունեության լրացման համակարգ: Մասնավորապես, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլված են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարված կամ կատարվելիք փոխանցումները, իսկ ընտրողներին տրված կաշառքների ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան՝ տրամադրվող գումարի չափը՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ. «Միջնորդության մեջ մանրամասն ներկայացված են ապացույցները, որոնք հիմք են տալիս հիմնավորելու ենթադրյալ հանցագործության կատարման հիմնավոր կասկածը, իսկ համապատասխան անձանց ցուցմունքները, ինչպես նաեւ խուզարկության, առգրավվման արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս Ծառուկյանին ներգրավվել որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրել ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողին կաշառք տալը կազմակերպելու համար, ինչը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-152.2-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց դատախազը՝ անցում կատարելով անձին ազատությունից զրկելու իրավական հիմքերին: Մեջբերով ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածը՝ անձնական ազատության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների  պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան՝ գլխավոր դատախազը շեշտեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները ուղղակիորեն ապացուցում են նրա անմիջական մասնակցությունը՝ վկայելով հանցանք կատարելու հիմնավոր կասկածի՝ որպես կալանավորման պայմանի առկայության մասին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:55 - 16 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Գագիկ Ծառուկյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին

Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Սմբատ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ, տեղեկացնում եմ, որ այսօր՝ 2020 թվականի հունիսի 16-ին, հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանի բնակարաններում խուզարկության և անվան հետ առնչվող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ առանձին պաշտոնատար անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործություններ կատարելու հանգամանքները պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելիս հաշվի եմ առել հետևյալ հանգամանքները․Ինչպես արդեն հայտնվել է՝ 2020 թվականի հունիսի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումների հիման վրա Գագիկ Ծառուկյանին պատկանող բնակարաններում ՀՀ ԱԱԾ տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են խուզարկություններ։ Բնակության վայրում խուզարկության ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ անհասկանալի կերպով մեկ այլ քրեական գործով, մասնավորապես՝ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և մյուսների վերաբերյալ, Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճռի հիման վրա, այսինքն՝ առաջացած կասկածանքի շուրջ, հարցաքննվել է որպես վկա։Բացի այդ, ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում հրապարակել և տարածել են Գագիկ Ծառուկյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերված փաստաթղթեր, տեսանյութեր, ինչպես նաև՝ Գագիկ Ծառուկյանի կողմից առերևույթ հանցագործությունների մասնակցության վերաբերյալ թվով 3 հրապարակումներ։Ինչպես իմ, այնպես էլ՝ պաշտպանական խմբի մյուս անդամների համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի բնակության վայրում խուզարկություն կատարելով /խուզարկության մասին որոշման մեջ հստակ նշված է Գագիկ Ծառուկյանի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու տվյալներ/, Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germany) գործով վճռի հիման վրա, այսինքն՝ առաջացած կասկածանքի շուրջ հարցաքննվելով և ՀՀ ԱԱԾ հրապարակումներում Գագիկ Ծառուկյանի կողմից առերևույթ հանցագործությունների մասնակից լինելու վերաբերյալ նշումներով՝ քրեական հետապնդում է իրականացվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, քանի որ Եվրոպական և Վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներում արտահայտած դիրքորոշումների համաձայն՝ դա նույնացված է «մեղադրանք» եզրույթի հետ։Իմ կարծիքով՝ դա անթույլատրելի և անօրինական է, քանի որ չի հաղթահարվել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիության արգելքը»։
15:54 - 16 հունիսի, 2020
Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար. դատախազություն

Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար. դատախազություն

2020թ. փետրվարի 1-ին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողովին՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար: Դատախազության հաղորդագրությունը՝ ստորեւ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկել է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցների և այլ անձանց։ Կազմակերպված խմբի համակարգված և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման և կազմակերպված խմբի անդամների գործունեության վերահսկման համակարգ, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլվել են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարվելիք կամ կատարված ծախսերը, իսկ  ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10․000 ՀՀ դրամ։ Կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց միջոցով ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի և կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից տրամադրված միջոցների հաշվին քաղաքական կուսակցությունների դաշինքին և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է ընդհանուր 171.940.000 ՀՀ դրամ կաշառք։ Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու ՀՀ ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու համար, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 2-րդ մասով, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետովՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
19:07 - 15 հունիսի, 2020
Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում․ Գլխավոր դատախազի խորհրդական

Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում․ Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ չի կարող լինել որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից: Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը: Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»:
10:42 - 15 հունիսի, 2020
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․  Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար ԱԺ-ին դիմելը քաղաքական գործընթաց չէ․ Գլխավոր դատախազի խորհրդական |news.am|

news.am: ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որեւէ քաղաքական որոշում չկա եւ չի կարող լինել: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է եւ պայմանավորված է բացառապես ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների բավարարությամբ: Այս պահին կոնկրետ քրեական գործերով ընթանում է քննություն, դրանց ընթացքից եւ ձեռք բերվող ապացույցների բավարարության հանգամանքով պայմանավորված են որոշվելու դատավարական գործողությունները»,- ասաց Աբրահամյանը։
16:26 - 14 հունիսի, 2020
Հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող քրեական գործով․ Դատախազություն

Հանցավոր սխեմաներ, 29 մեղադրյալ «Հյուսիս-հարավ» ծրագրին առնչվող քրեական գործով․ Դատախազություն

Հանրապետության գլխավոր դատախազությունը միջանկյալ ամփոփում է ներկայացրել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը․ «Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերական հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին: Ինչպես արդեն նշել ենք, քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատեսված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկության ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն: Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով մի քանի ուղղություններով (Ծրագրի համար պատասխանատու պաշտոնատար անձանց, Ծրագրում ընդգրկված արտասահմանյան կապալառու ու տեղական ենթակապալառու կազմակերպությունների հանցավոր չարաշահումների, դրանցում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանցավոր գործունեության) բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Քննության ներկա պահին արդեն իսկ քրեական հետապնդում է հարուցվել 29 անձանց նկատմամբ, որոնցից չորսը գործող և նախկին պաշտոնատար անձինք են, իսկ մյուսները՝ ծրագրում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ: Անդրադառնալով հատկապես տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից հարկման հիմք հանդիսացող առերևույթ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եղանակով առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշվապահական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ քննության ուղղությանը, նշենք, որ քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 4.211.416.057 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս: Այսպես. «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարակական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների և նույն աշխատանքներում որպես ենթակապալառու ներգրավված «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց միջև՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առանց ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր կնքելու, վճարային փաստաթղթեր ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու վերաբերյալ:Վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ: Նախապես մշակված հանցավոր սխեմայի իրագործմամբ «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ն, ընկերության երկու աշխատակիցների ներգրավմամբ հիմնադրել են երկու ՍՊ ընկերություններ՝ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի: Ընկերության գլխավոր հաշվապահ Ս.Մ-ն գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ՝ ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերությունից ստացված դրամական միջոցները նշված երկու ՍՊ ընկերություներին փոխանցելու, «Սթոնս» ՍՊ ընկերությունում դիվիդենտ-շահաբաժին ձևակերպելու միջոցով կանխիկացրել է ստացված գումարի մի մասը և այն առձեռն փոխանցել է Ս.Ա-ին: Առանց պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցելու, «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին է ներկայացվել 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվներ, որոնք ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում: Միայն նկարագրված առերևույթ ապօրինի գործարքների արդյունքում, քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2.729.457.229 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Ս.Ա-ին, վերջինիս հետ հանցակցած չորս աշխատակիցներին, Չինական կապալառու կազմակերպության երեք աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար: Ս.Ա-ի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է խափանման միջոց կալանավորումը և նույն որոշմամբ այն փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ա-ի ներկայացուցչի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է վերականգնվել 1 մլրդ ՀՀ դրամ՝ որպես վնասի վերականգման երաշխիք: Գործով նախաքննությունը շարունակվում է, պարբերաբար տեղեկություն կտրամադրվի քննության բոլոր ուղղություններով ընթացքի ու արդյունքների վերաբերյալ»: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
10:15 - 12 հունիսի, 2020
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նախապատրաստական փուլից անցել է իրականացման փուլ. 10 անձի մեղադրանքներ են առաջադրվել

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նախապատրաստական փուլից անցել է իրականացման փուլ. 10 անձի մեղադրանքներ են առաջադրվել

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը 2020թ. փետրվարի 22-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ ՀՀ գլխավոր դատախազությունը լայնածավալ գործունեություն է իրականացրել հանրային բարձր վտանգավորություն ներկայացնող այդ արարքների դեմ քրեաիրավական պայքարը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացնելու նախադրյալներ ստեղծելու նպատակով: Մասնավորապես՝ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ՀՀ Ոստիկանապետի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մանրամասն քննարկման արդյունքում նախանշվել են  հիմնական անելիքները կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր այս դրսևորումների նախականխման, բացահայտման, նման գործերով քննությունների որակի ապահովման, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառման ուղղություններով, ինչպես նաև  հանցագործության նման դեպքերով քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննական մարմինների համագործակցության եղանակները, դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին վերաբերող խնդիրները: Քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների գործերով քննությունների նկատմամբ դատախազական հսկողության և դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունվետության բարձրացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության երկու դատախազ մասնագիտացվել է կոնկրետ այս ոլորտում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում այս հանցատեսակների առումով դեռևս չի ձևավորվել իրավական պրակտիկա՝ այդ հանցագործությունների դեմ պայքարում հնարավոր թերացումներից և բացթողումներից խուսափելու նպատակով խնդիր է դրվել՝ ուսումնասիրել հետխորհրդային երկրների, մասնավորապես, Վրաստանի Հանրապետության փորձը՝  նկատի ունեալով նաև, որ հետխորհրդային պետություններից առաջինը Վրաստանում են քրեականացվել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները: Այդ նպատակով հարևան պետության հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարած պատվիրակության՝ ոլորտում մասնագիտացած դատախազների, իրավապահ մյուս կառույցների աշխատակցիների ներգրավվածությամբ այցը Վրաստանի Հանրապետություն, որտեղ, Վրաստանին առնչվող գործով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վրաց գործընկերների հետ համատեղ քննարկումներում հնարավորինս դետալային ուսումնասիրվել են հանցագործության այդ դեպքերով իրականացված քննություններին, դատախազական հսկողությանը, մեղադրանքի պաշտպանությանն առնչվող պրակտիկ խնդիրները, իրավակիրառական գործիքակազմերը: Բացի վերոնշյալից, քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքներով իրավակիրառ պրակտիկայի միասնականության, նաև հանրային իրազեկման ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատրաստվել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը» վերտառությամբ գիտագործնական մեկնաբանությունը, որը երաշխավորվել է տպագրության ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի կողմից և ուղարկվել շահառու բոլոր գերատեսչություններին: Այդ ուղեցույց-մեկնաբանությունները հրապարակվել են նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում, որին կարելի է ծանոթանալ http://justiceacademy.am/#1954 հղումով: Նշված թեմայով ՀՀ արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրով նաև նախատեսվել է առանձին դասընթաց: Այս նախապատրաստական աշխատանքների հենքի վրա օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող, նախաքննության մարմինների և դատախազության կողմից սկսվել են քրեական ենթամշակույթին առնչվող արարքների դեմ, ինչպես նաև այն կրող անձանց կամ խմբավորումների կողմից հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ համակարգված և բարձր համագործակցությամբ իրականացվող լայնածավալ միջոցառումներ: Արդյունքում բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված լինելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու հանցավոր սխեմաներ: ՀՀ քրեական օրենգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է թվով 5 քրեական գործ, որոնցից 3-ը միացվել է մեկ վարույթում: Քրեական բոլոր գործերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Այս քրեական գործերից մեկով «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, երեք անձի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու, հինգ անձի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող  նպատակների իրականացմանը ներգրավված լինելու համար: Քրեական հետապնդման ենթարկված նշված 10 անձանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ինչպես նշված գործերով հանցագործությունների հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, այնպես էլ քրեական ենթամշակույթի հետ կապված հանցավոր այլ սխեմաների հայտնաբերման, դրանցում ներգրավված անձանց հանցավոր գործունեությունը պարզելու և խափանելու ուղղությամբ: Քրեական ենթամշակույթի դեմ անզիջում և հետևողական պայքարը, այդ հասարակական չարիքն արմատախիլ անելը շարունակում է մնալ ՀՀ դատախազության, իրավապահ մյուս մարմինների բացարձակ առաջնահերություններից: Այս համատեքստում հանրությանը պարբերաբար կներկայացվեն նշված ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: Միաժամանակ, ՀՀ դատախազությունն ակնկալում է հասարակության աջակցությունն այս երևույթների դեմ համակողմանի պայքարում:    
15:00 - 11 հունիսի, 2020
10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ: Ընդ որում՝ դրանցից 7-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ մարզերի դատախազներին տրված՝ ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի յուրաքանչյուր մարզի կտրվածքով այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման դեպքերի բացահայտման նպատակով կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ քրեական գործերը վերաբերում են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս համայնքների, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերի, Շողական խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի և Վերին Գետաշեն համայնքի նախկին կամ  ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից 2 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, իսկ 8-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը մի քանի տասնյակ անգամ բարձր վարձավճարներով հանձնվել են հանրապետությունում գործող կապի օպերատոր ընկերություններին՝ կապի կայանքներ տեղադրելու և շահագործելու նպատակով: Արդյունքում համայքապատկան հողամասերի օգտագործումից առանձին անձինք ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Վերոնշյալ գործերով մարզի թվարկված համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56.074.199 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 18.115.075 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 4 քրեական գործով 4 անձի (համայնքի նախկին և/կամ ներկա ղեկավարներ) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Սակայն նկատի ունենալով, որ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում նրանց կողմից կամովին ամբողջությամբ կամ մասնակորեն հատուցվել են համայնքներին պատճառված վնասները, կամ պատրաստակամություն է հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել պատճառված վնասի մնացած մասը, տրվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: Մարզի դատախազության, նախաքննության մարմնի, մարզպետարանի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև համայքների օրինական շահերի վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերը լուծելու և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան համայնքների ու կապի օպերատորների միջև նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Մասնավրապես 7 համայնքում արդեն իսկ իրականացվել է նման գործընթաց:  
17:33 - 10 հունիսի, 2020
 Բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ. նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ. նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։   Աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ։   Մասնավորապես, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել  այն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․Ա-ն 2008-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ․Խ-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:   Գ․Խ-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Ա-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ․Խ-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս․Ա-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:   Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու և  հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս․Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։   Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։   Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ կոռուպցիոն հանցագործությունները համակողմանիորեն բացահայտելու, դրանց կատարմանն առնչված անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցագործությունների կատարմանը մասնակցելու հանգամանքը պարզելու ուղղությամբ: Միջոցներ են ձեռնարկվում նաև կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա-ն 2011թ. 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու և 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով։  
13:10 - 10 հունիսի, 2020
Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է: Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը, որին էլ նախաքննության ավարտից եւ դատարան ուղարկելուց հետո մակագրվել էր գործը: Տեղեկությունը հաստատեցին դատավորի աշխատակազմից`նշելով, որ որոշումը կայացվել է հունիսի 5-ին: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, դատավորի աշխատակազմից չմանրամասնեցին`առաջարկելով հետեւել դատական տեղեկատվական համակարգում թարմացվող տվյալներին: Դատարանի այս որոշմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը`գրելով, որ դրա մասին մամուլից է տեղեկացել եւ դատական ակտ դեռեւս չի ստացել: Նրա գրառումը`ստորեւ. «Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»,- գրել է պաշտպանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:50 - 08 հունիսի, 2020