ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ հանձնարարությամբ կատարվել է չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

ՄԻՊ հանձնարարությամբ կատարվել է չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես տեղեկացրեցին ՄԻՊ  գրասենյակից, առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրամադրել են անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն: Դատապարտյալը հացադուլի ընթացքի հետ կապված՝ բժշկի և հոգեբանական աշխատանքների առնչությամբ բողոքներ չի ներկայացրել: Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ վերջինս նշել է, որ հացադուլի ընթացքում դիմել է պետական մի շարք մարմինների, սակայն որևէ մարմնից արձագանք չի ստացել: Այցի ընթացքում արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կամփոփվեն, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:
11:06 - 13 օգոստոսի, 2020
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ` տեսակցելու ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացիներին

ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ` տեսակցելու ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված քաղաքացիներին

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ:Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:Հիշեցնենք, որ ԱԺ այգում բնապահպանները միջոցառում էին իրականացնում՝ հանուն Ամուլսարի։ Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց բնապահպաններին՝ տարածքն ազատելու համար, իսկ հետո բերման ենթարկեց նրանցից մի քանիսին։ 
19:30 - 10 օգոստոսի, 2020
ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները օգոստոսի 6-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Նուբարաշեն): Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Այցի ընթացքում ստուգվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին, կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները․ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից արձանագրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում, պացիենտների և բուժանձնակազմի միջև չի պահպանվում սոցիալական հեռավորություն, աշխատակիցների կողմից չեն պահպանվում դիմակ կրելու սահմանված կանոնները և այլն, Կենտրոն ընդունվող պացիենտների նկատմամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով 14 օրյա մեկուսացում չի իրականացվում, ձեռքերի ախտահանման միջոցները և աղբամանները գտնվում են միայն բաժանմունքների մուտքի մոտ և հասանելի չեն պացինետներին, նրանք այցի ընթացքում դիմակ չեն կրել, Կենտրոնը գերբեռնված է, պացիենտներն ապահովված չեն բավարար անձնական տարածությամբ, ինչը կարող է խնդրահարույց լինել նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տեսանկյունից, բաժանմունքները, ներառյալ՝ հիվանդասենյակները, լոգարանները, ճաշասրահները և խոհանոցներն ունեն լուրջ վերանորոգման կարիք. այս խնդիրը բարձրացվում է տևական ժամանակ, զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. համապատասխան մատյանները պատշաճ չեն վարվում, պացիենտի կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպումը երբեմն իրականացվում է հիվանդասենյակներում մյուս պացիենտների ներկայությամբ և այլն, պացիենտներից ոմանք հնարավորություն չունեն ստանալ իրենց կենսաթոշակը կազմակերպական տարբեր խնդիրների պատճառով, պացիենտերի հագուստը հիմնականում չի անհատականացվում և լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով, պատշաճ չեն վարվում հիվանդության պատմության նկարագրերը, արձանագրվել են սննդից հրաժարվող անձանց հացադուլի վարման և նրանց հարկադիր կերակրման խնդիրներ, արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. պացիենտներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ, առկա է պացիենտներին զբաղվածությամբ ապահովելու հրատապ անհրաժեշտություն, զբաղմունքի հիմնական տեսակը բաժանմունքների միջանցքներում տեղադրված հեռուստացույցներն են, դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 407 պացիենտ:   Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր,  մասնավորապես՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման տեսանկյունից հոգեբուժական կազմակերպությունն ապահովված է եղել բավարար անհատական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով, բաժանմունքներում տեղադրվել են տաքսոֆոններ, նախորդ այցից հետո համալրվել են նյարդաբանի և թերապևտի հաստիքները, Կենտրոնում ներդրվել է ինտերնետ հաղորդակցության ներքին ցանց, Կենտրոնում փաստաթղթաշրջանառությունը և մատենավարությունը հիմնականում թվայնացվել են, մշակվել են տարբեր ներքին կանոնակարգեր: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք: Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները և առաջնորդվելով չվնասելու սկզբունքով: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ: Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են կազմակերպության տնօրինության հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: Մշտադիտարկման այցի ընթացքում Կենտրոնի տնօրինությունը և անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ, վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
11:10 - 10 օգոստոսի, 2020
Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ Պաշտպանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է Պարետատուն

Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ Պաշտպանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է Պարետատուն

Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել Պարետատուն: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկման ժամանակ նշել էր, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։ Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները: «Հավաքների ազատության արգելքն ամրագրված է Կառավարության որոշմամբ է, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբ: Մեր այցերը Ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար: Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,- հայտնել էր Արման Թաթոյանը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ Ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։ Քննարկմանը մասնակցել էին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանը։ Քննարկման մասնակիցները կարևորել էին Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման հարցում արդյունավետ գործողությունների իրականացումը, բայց նշել էին, որ մյուս կողմից հավաքների ազատության սահմանափակումը չպետք է լինի բացարձակ։ Ավելին, պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ Ոստիկանության համար: Քննարկման մասնակիցների առաջարկները Պարետատնից բացի ուղարկվել է նաև Արդարադատության նախարարություն:
12:12 - 07 օգոստոսի, 2020
ՄԻՊ խմբերը մեկնել են բաժիններ Ամուլսարի շահագործման դեմ ցույց անողների բերման ենթարկելու հարցով

ՄԻՊ խմբերը մեկնել են բաժիններ Ամուլսարի շահագործման դեմ ցույց անողների բերման ենթարկելու հարցով

Ամուլսարի հանքի շահագործման դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում՝ բերման ենթարկված իրավապաշտպանների հետ,  կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
19:34 - 06 օգոստոսի, 2020
Պաշտպանի ներկայացուցիչները Ամուլսարի հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ քննարկել են նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր. ՄԻՊ

Պաշտպանի ներկայացուցիչները Ամուլսարի հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ քննարկել են նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ: Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել են «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին։ Այցի արդյունքներով կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։ Բացի դրանից, Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ, քննարկել նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, արել անհրաժեշտ իրավական ուղղորդում: Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ արագ արձագանքման խումբն այսօր վաղ առավոտից շարունակել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունների մշտադիտարկումը: Ջերմուկ գործուղված Պաշտպանի ներկայացուցիչները 2 օրերի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, համայնքների բնակիչների, այնպես էլ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:
09:20 - 06 օգոստոսի, 2020
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է գործուղվել Ամուլսարում քաղաքացիների բերման ենթարկելու ահազանգով

ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է գործուղվել Ամուլսարում քաղաքացիների բերման ենթարկելու ահազանգով

Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք:  Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:  Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
19:11 - 04 օգոստոսի, 2020
Կառավարության՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել․ ՄԻՊ

Կառավարության՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։ Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել  մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը: Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը: Այսպես, դիմորդների և նրանց ծնողների՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքները և հրապարակային մտահոգությունները, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պաշտոնական պարզաբանումները հնարավորություն են տվել ձևավորել հետևյալ եզրահանգումները: 1․ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման նախագծին կից ներկայացված հիմնավորումներից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը փոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ։ Նման դեպքերում պետք  է նկատի ունենալ, որ արտակարգ դրության փաստը ավելի է մեծացնում պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և համաչափ կոնկրետ իրավիճակին և ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։ 2․ Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի վերաբերյալ իրականացվել են իրազեկման աշխատանքներ: Սակայն Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նախ՝ կարգին վերաբերող Կառավարության որոշման դրույթները մեծածավալ լինելու պատճառով ներկայացված չեն եղել դիմորդների համար նախատեսված մատչելի տարբերակով, և երկրորդ՝ ժամանակային սղությամբ պայմանավորված դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն: Այս եզրահանգման հիմքում ընկած հիմնական գաղափարն այն է, որ ընդունելության նոր կարգի վերաբերյալ իրազեկման աշխատանքների համար պետք է սահմանվեր առնվազն ընդհանրական բնույթի ռազմավարություն կամ ժամանակացույց, որի շրջանակում իրավասու մարմինները կապահովեին տեղեկատվության իրական ու թիրախային հասանելիություն հավասարապես բոլոր դիմորդների համար: Այս տեսանկյունից պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես գյուղական վայրերում բնակվող դիմորդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող  մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների  արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը: Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն: 3․ Հասկանալի է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է պահանջել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման սեղմ ժամկետներ։ Սակայն, նախագծերի ընդունման հրատապությունը չի վերացնում այդ փաստաթղթերի մասին հանրային քննարկումներ անելու անհրաժեշտությունը: Արդյունքում, պետք է արձանագրել, որ թե՛ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 826-Ն որոշման, թե՛ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումներ չեն իրականացվել։ Մարդու իրավունքների պաշտպանին նախագծերը կարծիքի ևս չեն ներկայացվել:  4․ Պատշաճ քննարկումներ չանցկացնելն առաջացրել է բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության կարգին առնչվող փաստաթղթերի գործնական կիրառելիության խնդիրներ: Ավելին, առաջարկվող լուծումների վերաբերյալ հանրային ոչ բավարար իրազեկվածությունը հանգեցրել է շահագրգիռ կողմերի՝ խնդրո առարկա կարգավորմամբ հետապնդվող նպատակի վերաբերյալ անորոշության ու նույնիսկ կրթության իրավունքի պատշաճ իրացման պայմանների տեսանկյունից անբարենպաստ հետևանքների: 5. Կառավարության որոշման և օրենքի նախագծերին կից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա չէ այդ փաստաթղթերի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորող բավարար տեղեկատվություն: Մասնավորապես, Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում անհրաժեշտ էր դիտարկել, թե առաջարկվող կարգավորումը գործնականում ինչ հնարավոր ռիսկեր կարող է պարունակել և ինչ ազդեցություն կունենա կրթության իրավունքի իրացման տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այն, որ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերում ընդունելությունն իրականացվել է մեկ քննության արդյունքների հիման վրա ու այն էլ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում: 6. 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգի մշակման փուլում հաշվի չի առնվել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանափակումների պատճառով խնդիրների առաջ կանգնած դիմորդների բուհ ընդունելության հարցը: Օրինակ, դիմորդը չի կարողացել մասնակցել ընդունելության միասնական քննությանը, քանի որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակակիր լինելու հիմքով գտնվել է ինքնամեկուսացման մեջ: Ավելին, դիմորդն ավարտել է միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ: Արդյունքում, ինքնամեկուսացված և մեկուսացված անձինք չեն կարողացել մասնակցել ընդունելության քննություններին իրենցից անկախ պատճառներով: Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է բողոքների քննարկումը։ Կից ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավական ամբողջական դիրքորոշումները թեմայի վերաբերյալ:
11:14 - 04 օգոստոսի, 2020
Անօթևանների կացարանում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Անօթևանների կացարանում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած չհայտարարված այցի արդյունքներով արձանագրված խնդիրների կապակցությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, որն իրականացնում է գործի նախաքննությունը: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին կացարանի շահառուներն առանձնազրույցներում տեղեկացրել էին, որ իրենց կամ այլ շահառուների ստացած 25000 ՀՀ դրամի հաշմանդամության թոշակից 15․ 000 դրամը տալիս են կացարանի աշխատակցին իրենց «կացարանում պահելու համար» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու համար»։ Վերոհիշյալ տեղեկությունները և լրացուցիչ այլ տեղեկություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Արդյունքում, Ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարել) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ: Անօթևանների ժամանակավոր կացարանում շահառուների իրավունքների վիճակը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո: Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին կացարան կատարած այցի արդյունքում արձանագրված խնդիրները և լուծումների առաջարկներն ամփոփվել էին և ուղարկվել ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն և Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրինություն։
11:22 - 03 օգոստոսի, 2020
Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի և ՀԿ-ների միջև

Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի և ՀԿ-ների միջև

Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։ Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները: «Հավաքների ազատության արգելքն ամրագրված է Կառավարության որոշմամբ է, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբ: Մեր այցերը Ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար: Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,- հայտնել է Արման Թաթոյանը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ Ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանը։ Քննարկմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը և Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։ Քննարկման մասնակիցները կարևորել են Նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման հարցում արդյունավետ գործողությունների իրականացումը, բայց նշել են, որ մյուս կողմից հավաքների ազատության սահմանափակումը չպետք է լինի բացարձակ։ Ավելին, պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ Ոստիկանության համար: Քննարկման մասնակիցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներն ամբողջացնել և ուղարկել պետական իրավասու մարմիններին:
21:58 - 31 հուլիսի, 2020
Քրեակատարողական համակարգում չկա COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն՝ գործառույթների հստակ տարանջատմամբ․ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկում են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում

Քրեակատարողական համակարգում չկա COVID 19-ի կանխարգելման ռազմավարություն՝ գործառույթների հստակ տարանջատմամբ․ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկում են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ-ում

Հուլիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։ Ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վիճակը, սանիտարահիգիենիկ պայմանները և դրանց համապատասխանությունը պահանջվող չափանիշներին: Ընդ որում, կատարվել է «Արմավիր» ՔԿՀ-ին վերաբերող կոնկրետ խնդիրների, ինչպես նաև այնպիսի խնդիրների ուսումնասիրություն, որոնք ունեն համակարգային բնույթ: Ըստ այդմ, այցի և ուսումնասիրությունների արդյունքներով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում առկա չեն նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի  կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ, քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ, նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելման նկատառումով խցերի մաքրման աշխատանքների համար ազատությունից զրկված անձանց չեն տրամադրվում հատուկ ախտահանիչ միջոցներ և պարագաներ ու առկա չեն նաև նրանց կողմից այդ միջոցներից կամ պարագաներից օգտվելու պրակտիկայում գործող սկզբունքներ կամ կանոններ, քրեակատարողական հիմնարկում առկա չէ օդափոխության ընդհանուր համակարգ, որն ունի համակարգային խնդիր և Մարդու իրավունքների պաշտպանն այն բարձրացվում է տարիներ շարունակ, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման տարածքներում, ինչպես նաև պատժախցերում ու կարանտինային բաժանմունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, պատշաճ չի կազմակերպվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը. առկա են բժշկական փաստաթղթերի վարման խնդիրներ (օրինակ՝ չեն վարվում հիվանդության պատմագրերը, իսկ բժշկական քարտերը, բժշկական մատյանները և այլ փաստաթղթեր վարվում են թերություններով և այլն), արձանագրվել են բժշկական գաղտնիքի պահպանմանն առնչվող լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ դեղորայք տրամադրելիս, բժշկական զննություն իրականացնելիս  և այլ բժշկական միջամտություններին ներկա են գտնվում քրեակատարողական ծառայողներ. չի գործում կանխավարկածն այն մասին, որ քրեակատարողական ծառայողը կարող է բժշկական միջամտություններին ներկա լինել միայն բժշկի պահանջով՝ այն էլ բացառիկ դեպքերում ու միայն տեսողական դիտարկման համար, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանումը ոչ ամբողջական է համալրված անհրաժեշտ դեղերով և այլ բժշկական պարագաներով, արձանագրվել են այնպիսի գերատեսչական հակասություններ, որոնց պատճառով խնդիրներ են առաջանում դատապարտյալներին քրեակատարողական հիմնարկից դատարան և դատարանից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում, առկա են ազատությունից զրկված անձանց քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ուղեկցողների և տրանսպորտային միջոցների սակավությամբ, տեղաշարժման դժվարություններ ունեցող ազատությունից զրկվածները բախվում են դատական նիստերին տեղափոխման խնդիրների, քանի որ տրանսպորտային միջոցները հարմարեցված չեն, բարելավման կարիք ունեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները, մասնավորապես՝ աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցներում արձանագրվել են սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ, քրեակատարողական հիմնարկում շարունակում է առկա լինել հաստիքների համալրման խնդիրը. այցի պահին հոգեբանի 2 հաստիքներն էլ թափուր են եղել և այլն: Այցի ընթացքում և կատարված ուսումնասիրություններով արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր,  մասնավորապես՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ազատությունից զրկված անձանց կրթական միջոցառումները և դասընթացները կազմակերպվել են առցանց եղանակով. ազատությունից զրկված անձինք գոհունակություն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի, քանակի և բազմազանության կապակցությամբ. ավելացել է տեսազանգից օգտվող ազատությունից զրկված անձի թիվը (թեև ազատությունից զրկված որոշ անձինք շարունակում են անտեղյակ լինել տեսազանգից օգտվելու հնարավորության մասին): «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ: Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, սոցիոլոգ, ինչպես նաև բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ: Այցի ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել նաև քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, բժշկական սպասարկման և առհասարակ քրեակատարողական ծառայողների հաստիքների բավարարությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն: Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: Մշտադիտարկման այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմը պատշաճ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: 
11:42 - 30 հուլիսի, 2020