ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

«Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում»

«Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգայինն ու պետականը՝ Հանրակրթության պետական չափորոշչում: Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և օրենքի գերակայության վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են ՀՀ Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։ Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն: Տարրական դպրոցսովորողը պետք է՝ ճանաչի իր հայրենիքը, ունենա նախնական գիտելիքներ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին. ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և իմանա պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը. ճանաչի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության նշանակալի օբյեկտները, հոգատար վերաբերմունք ցուցաբերի դրանց հանդեպ. Հիմնական դպրոցսովորողը պետք է՝ քննարկի Հայաստանի հիմնախնդիրները՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները. ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ. Ավագ դպրոցսովորողը պետք է՝ վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր. վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի. դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում. իմանա հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում. գիտակցի, որ ինքը հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ է և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում: Հայրենագիտություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում»:
15:19 - 10 հուլիսի, 2020
Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու |armtimes.com|

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Ավարտվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի դիմումների ընդունման ժամկետը․ կա երկու թեկնածու։ Ինչպես հաղորդեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից, թեկնածուներից մեկը բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանն է։ Նա ի սկզբանե մեզ հետ զրուցում հաստատել էր, որ մասնակցելու է մրցույթին։ 2-րդ թեկնածուն Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանն է։ Հավանական թեկնածուներից էր նաեւ ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, որը, փաստորեն, չի դիմել։ Ավելի վաղ նա նշել էր, որ դեռեւս չի որոշել՝ կմասնակցի մրցույթին, թե չէ: Որոշումը հիմնականում պայմանավորված էր լինելու բուհի կազմակերպաիրավական ձեւի փոփոխությունից, այսինքն՝ եթե պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դառնար հիմնադրամ, ինչի ուղղությամբ գործընթացը սկսվել, բայց այդպես էլ չի ավարտվել: Շաբաթներ առաջ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գալոյանին պաշտոնը թողնելու կոչ էր արել ԿԳՄՍ նախարարը՝ ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծվելու մասին ասեկոսեներից զերծ մնալու համար։  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
14:45 - 10 հուլիսի, 2020
Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ |hetq.am|

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պնդմամբ՝ հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ հանրային քննարկումները կարեւոր են, որովհետեւ փաստաթուղթը ներկայացվում է տարբեր կողմերից։ Այսօր հրավիրված եւս մեկ քննարկման ընթացքում նա ներկայացրեց առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը. դպրոցից պետության ակնկալիքներն ու պահանջը ձեւավորելը։ Նոր չափորոշիչով սահմանվում է, թե ինչ աշխատանք պետք է կատարեն ուսուցիչը եւ դպրոցը։ «Կարեւոր փոփոխությունը սկզբունքների փոփոխությունն է՝ վերափոխել դպրոցն այնպես, որպեսզի կարողանա դառնալ ստեղծագործ միջավայր, որտեղ ուսուցիչները որոշում կայացնելու դաշտ ունենան, ստեղծագործ աշխատանքի համար հնարավորություն ունենան»,- նշեց փոխնախարարը։ 12 տարվա կրթությունից հետո աշակերտները պետք է ունենան այն ութ կարողությունները, որոնք ներկայացվում են չափորոշչում։ Փոխնախարարը պնդում է՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է «վեր կանգնել առարկայական մոտեցումներից եւ զուտ գիտելիքային պահանջների հիման վրա գործն ավարտված համարելուց»։ Չափոորոշիչը հնարավորություն է տալիս առարկաների միջեւ կապ ստեղծել եւ վերառարկայական մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան 12 տարվա ուսուցումից հետո պատրաստել այնպիսի քաղաքացիներ, որոնք կնպաստեն հանրության զարգացմանը։ «Մենք պետք է ոչ թե պահպանենք առարկաների շահերը, այլ պաշտպանենք սովորողի շահերը։ Հասկանանք, որ տարբեր առարկաները, որոնք ինքնանպատակ չեն, պետք է միտված լինեն սովորողի մոտ որոշակի արժեքային, գիտելիքային հմտությունների համակարգ ձեւավորելուն, եւ դրա  շրջանակում պետք է հասկանալ՝ քանի՞ առարկայի կարիք ունեն, ի՞նչ ծավալով, ինչպե՞ս պետք է դրանք փոխլրացնեն միմյանց»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարը վստահեցնում է՝ որեւէ առանձին առարկայի ճակատագիրը քննարկելու նպատակ չունեն, չափորոշչի նպատակը առարկայացանկերի ձեւավորման սկզբունքները նկարագրելն է։ Նոր չափորոշիչը հնարավորություն է տալիս ուսուցիչներին եւ դպրոցներին ձեւավորել իրենց ուսումնական պլանները, իսկ պետության վերահսկողությունը լինելու է վերջնարդյունքների միջոցով։ Հանրակրթության չափորոշիչը ներդրվելու է  2022-23 թթ.-ից, հաջորդ ուսումնական տարում կսկսվեն վերապատրաստումները եւ փորձարկումները։ Փոխնախարարը գնահատման համակարգում փոփոխության վերաբերյալ նշեց, որ պետք է գտնել մոտիվացիոն եղանակներ, հաղորդակցության նոր ձեւեր։ Ըստ նրա՝ միավորային գնահատում նախատեսվում է իրականացնել 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, իսկ անբավարար գնահատման համակարգը դուրս մղել դպրոցից։ Ավագ դպրոցում ներդրվելու են նոր գործիքներ, կլինի մոդուլային եւ կրեդիտային ուսուցում, որոնց շնորհիվ կհրաժարվեն հոսքային ուսուցումից եւ անցում կկատարեն անհատականացված դասացուցակների, ուսումնական պլանների կազմմանը։
13:51 - 09 հուլիսի, 2020
ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր |armenpress.am|

ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներում և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացրեց՝ «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով: Ըստ որոշման հիմնավորման, ծրագրի նպատակն է՝ ուղղակի օժանդակություն տրամադրել Դրամաշնորհառուին (ԿԳՄՍՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82500 ԱՄՆ դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի ԿԳՄՍՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ Կառավարության` Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի եւ հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, եւ կձեւավորվեն այլընտրանքային ընտանեկան եւ համայնքահեն սոցիալական եւ կրթական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների համար: Ծրագիրը կապահովի այլընտրանքային համայնքային ծառայությունները հասանելի են թիրախային հաստատություններից ընտանեկան միջավայր վերադարձած երեխաների համար, հանրակրթությունը հասանելի է թիրախային համայքներում բոլոր երեխաների համար, թիրախային հատուկ կրթական եւ խնամքի հաստատությունների երեխաները վերամիավորվում են իրենց կենսաբանական ընտանիքների հետ կամ ինտեգրվում են ընտանեկան միջավայր (խնամակալական կամ խնամատար ընտանիք, կամ որդեգրում): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի ու սարքավորումների տրամադրում), փոքրածավալ ենթակառուցվածքների հարմարեցում 100 ընդունող հանրակրթական դպրոցներում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում եւ սարքավորումների տրամադրում) եւ Ծրագրի տարեկան աուդիտ: 2020 թվականի ընթացքում 203 686.7 հազար դրամի շրջանակներում նախատեսվում իրականացնել՝ ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում ներառական կրթություն իրականացնող 47 հանրակրթական դպրոցների եւ 2 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերանորոգում, ՀՀ Սյունիքի մարզի ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոցներին եւ 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին կահույքի եւ ուսումնական պարագաների տրամադրում, ծրագրի տարեկան աուդիտի անցկացում: 
13:18 - 09 հուլիսի, 2020
Դպրոցներում հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ անցկացվել է առցանց հարցում

Դպրոցներում հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ անցկացվել է առցանց հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտը ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացրել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման վերաբերյալ առցանց հարցում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հետազոտության նպատակն էր հավաքագրել հանրակրթության տարբեր շահառու խմբերի՝ ուսուցիչների, տնօրենների, ծնողների և սովորողների կարծիքը արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթության կազմակերպման և իրականացման խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ։ Հարցմանը մասնակցել է 1932 ուսուցիչ, 151 տնօրեն, 558 սովորող և 1717 ծնող: Հարցված ուսուցիչների 35․2%-ն է նշել, որ անցել է հեռավար ուսուցման վերաբերյալ համապատասխան վերապատրաստում։ Նրանցից 63.5%-ը նշել է, որ վերապատրաստումները կազմակերպվել են ՀՀ ԿԳՄՍՆ ԿՏԱԿ (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կողմից, իսկ 15,7%-ի ներկայացմամբ վերապատրաստումները կազմակերպվել են դպրոցի տնօրինության կողմից։ Հետազտության մասնակիցներին հարց է ուղղվել առավել հաճախ օգտագործված առցանց հարթակների, հեռավար դասերի և առցանց կրթության արդյունավետության, դասապրոցեսը հեռավար կազմակերպելու առավելությունների և թերությունների, կրթության առանձահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցության և այլնի վերաբերյալ: Հետազտությունն ամբողջությամբ` ստորև.
10:27 - 09 հուլիսի, 2020
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ. Մակունց |armtimes.com|

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ. Մակունց |armtimes.com|

armtimes.com: Քրիստոնեության և Հայ եկեղեցու դերը թե՛ հայապահպանման գործում, թե՛ հայոց լեզվի և հայագիտության պահպանման գործում, թե՛ ընդհանրապես պետության համար շատ կարևոր դեր են ունեցել, և այդ հատվածը մեր պատմության ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է։ Կարծում եմ՝ Էջմիածնի հետ համատեղ քննարկման արդյունքում հնարավոր է ընդհանուր եզրակացության գալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրում չներառելու նախագծին։ «Առարկան համադրվելու է հայ ժողովրդի պատմության հետ, և բովանդակային առումով որևէ փոփոխություն չի լինելու, այսինքն՝ բացարձակ փոփոխության չի ենթարկվելու առարկայի բովանդակային հատվածը, սա այն է, ինչ փոխանցել են ինձ նախարարությունից»,- նշեց Մակունցը։ Նա ասաց, որ առաջիկայում այս կապակցությամբ պատրաստվում է Հայր Ասողիկի հետ հանդիպում ունենալ։ Իշխանությունների՝ Հայ եկեղեցու դեմ իրականացվող արշավին անդրադառնալով՝ Մակունց նշեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։
16:46 - 08 հուլիսի, 2020
Արցախի նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Արցախի նախագահն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարը քննարկել են Հայաստանում և Արցախում կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում՝ կարևորելով դրանցից բխող ընդհանուր և միասնական գործողությունները։ Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայականն է։ Այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ընթացող աշխատանքային քննարկումներում:Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
20:50 - 07 հուլիսի, 2020
ԿԳՄՍՆ-ն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպում է կրթական առցանց աշխատաժողովներ

ԿԳՄՍՆ-ն ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ կազմակերպում է կրթական առցանց աշխատաժողովներ

2020 թվականի օգոստոսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին կազմակերպում է «Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխատաժողովների հիմնական նպատակն Է քննարկել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ հեռավար կրթության դերն ու նշանակությունը, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված կրթական ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի համար հեռավար կրթական ծրագրերի դրական ներուժի զարգացման հեռանկարները: Աշխատաժողովներին կարող են մասնակցել սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված մարմիններ, անձինք (դասագրքերի և ծրագրերի հեղինակներ, դասախոսներ, ուսուցիչներ), հեռավար կրթության կազմակերպիչներ: Աշխատաժողովների թեմատիկ ուղղությունները և օրակարգը. Աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ ուղղություններով. Հեռավար կրթության դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում. Սփյուռքի տարբեր հատվածների հորիզոնական համագործակցության հնարավորությունները և հեռանկարները. Հայաստանի Հանրապետության՝ սփյուռքում կրթության գործին աջակցության ծրագրերը, դրանց նպատակները և բովանդակությունը: Աշխատաժողովների թեմատիկ օրակարգը ձևավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մասնակիցների առաջարկների հիման վրա: Առավել մեծ նշանակությունը տրվում է թագավարակի պայմաններում սփյուռքում համակարգված, ինստիտուցիոնալ որոշումների հիման վրա աշխատանքի կազմակերպման դրական փորձի ներկայացմանը: Ակնկալվում է բացահայտել այնպիսի հեռավար ուսուցման պրակտիկաներ, ծրագրեր, մեթոդներ, որոնք հնարավոր կլինի տարածել նաև այլ համայնքներում և որոնք կարող են ընդհանուր կրթական դաշտի համար նախապայման հանդիսանալ: Աշխատաժողովներին մասնակցելու ցանկացողները կարող են գրանցվել 2020թ. հուլիսի 15-ից մինչև 2020թ. օգոստոսի 21-ը: Մասնակցելու հայտը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: Առաջարկների և զեկուցումների (ներկայացումների) համար գրանցումը բաց է լինելու 2020թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Հայտաձևը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: Աշխատաժողովների ձևաչափը. Աշխատաժողովներն անցկացնելու համար նախատեսվում է օգտագործել ՀԲԸՄ ՀՎՀ-ի հարթակը, որտեղ կտեղադրվեն հայտարարություններ, օգտակար հղումներ, օրակարգը, խոսնակների զեկույցների համառոտ նկարագրությունը, կկազմակերպվեն առցանց քննարկումներ: Աշխատաժողովները կանցկացվեն առցանց՝ Zoom հարթակում, իսկ կայացած առցանց աշխատաժողովների տեսագրությունները կտեղադրվեն ՀՎՀ-ի հարթակում:
12:25 - 07 հուլիսի, 2020
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների ծրագրերի քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար ՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ծավալվող համատեղ աշխատանքային քննարկումներում:  Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
12:05 - 07 հուլիսի, 2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ հետևելու քննությունների ընթացքին և ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ հետևելու քննությունների ընթացքին և ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Հուլիսի 7-ին նախարարը կայցելի Արցախի Հանրապետություն։ Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև հետևել Արտաշատի, Եղեգնաձորի, Գորիսի և Կապանի մարզային քննական կենտրոններում ընթացող միասնական քննություններին։ Նախարարը համոզվել է, որ քննական կենտրոններում անվտանգության բոլոր կանոնները պահպանված են՝ ապահովվել է սոցիալական հեռավորությունը դիմորդների միջև, կատարվել է ջերմաչափում, քննություն հանձնողներն ու կազմակերպիչները կրել են դիմակներ։ Նախարարը զրուցել է դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն, և կոչ արել ծնողներին զերծ մնալ քննական կենտրոնների մոտակա տարածքներում հավաքվելուց։ Ա. Հարությունյանը այցելել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։ Այս դպրոցը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցվող 13 դպրոցներից մեկն է, որոնցից 5-ի շինարարությունն արդեն ավարտված է, 8-ում աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում կապահովվեն ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Նախարարը ծանոթացել է նաև Պրոֆեսոր Երիցյանի անվան Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի նախագծման աշխատանքներին, որոնք ավարտական փուլում են: Շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում այս տարի հանրապետությունում կհիմնվի 21 նոր նախակրթարան, այդ թվում՝ 3-ը՝ Սյունիքի, 5-ը՝ Արարատի մարզերում։ Բոլոր համայնքներում նախակրթարանները հիմնվում են դպրոցների հենքի վրա։ Նախապես կատարվել է կարիքի գնահատում և ընտրվել են այն համայնքները, որոնք մանկապարտեզ չեն ունեցել։ ԿԳՄՍ նախարարի հերթական կանգառը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում էր, որը սեպտեմբերին կունենա նոր նախակրթարան: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Սյունիքի մարզի Քարաշենի և Վաղատուրի միջնակարգ դպրոցներին կից ևս նոր ուսումնական տարում դռները կբացեն նոր նախակրթարանները։ Նախարարն այցելել է նաև Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի 1-ին նոր նախակրթարաններն արդեն շահագործման կհանձնվեն։ Արարատի մարզում սեպտեմբերին նոր նախակրթարաններ կբացվեն նաև Արարատ և Նարեկ համայնքներում։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և ամբողջ ծավալով: Ա. Հարությունյանը շրջել է նաև Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի անմխիթար վիճակում գտնվող դպրոցում։ Շենքի վերանորոգումն ընդգրկված է պետական դպրոցաշինության ծրագրում․ ՀՀ կառավարության հուլիսի 2-ի նիստում ֆինանսական միջոցներ են հատկացվել նախագծային աշխատանքների իրականացման համար, որն ավարտելուց հետո կներկայացվի դպրոցի շինարարության ֆինանսավորման հայտը: Մարզային այցի շրջանակում նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Վայոց ձորի պետական տարածաշրջանային քոլեջ։ Նախարարի մարզային այցը շարունակվում է։
17:14 - 06 հուլիսի, 2020
Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է |armenpress.am|

Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Հնաբերդ համայնքում գտնվող Դվին հնավայրի վերականգնման աշխատանքները ներկա դրությամբ հատել են նախագծային փուլը: Նախագծման աշխատանքները կատարվել են «Բեդրոսյան ճարտարապետական գրասենյակ» ընկերության կողմից: Այս մասին նշեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը:  «Մինչ օրս աշխատանքները սկսելու համար հայտարարվել է մի քանի մրցույթ, որոնք տարբեր պատճառներով հետաձգվել են: Այժմ պատրաստվում ենք հայտարարել նոր  մրցույթ, լիահույս ենք, որ այս անգամ նախատեսվող ծրագրին մասնակից համապատասխան ընկերություն կունենանք: Դրանից է կախված աշխատանքների շարունակությունը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:  Դվին հնավայրում նախատեսված է երեք հուշարձանի ամրակայում և վերականգնում: Դրանք են՝ Կաթողիկոսարանի առաջին և երկրորդ պալատները և Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցին, որոնք տարիների ընթացքում կարելի է ասել հողի տակ են անցել՝ բոլոր բացասական հետևանքներով:  Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկից ստացված  վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջին փուլով ներդրումը կազմելու է շուրջ 145 միլիոն դրամ:  «Հնագետների հետ գործակցությունն այժմ միայն բանավոր պայմանավորվածությունների փուլում է, բայց այդ աշխատանքներն առանց հնագետների պարզապես անհնար են և անթույլատրելի, ուստի բոլոր դեպքերում՝ նախ կաշխատեն հնագետները, ապա՝ կառուցապատողը»,-ասաց Արթուր Սողոմոնյանը:   Թե հնավայրի տարածքում զբոսաշրջային տեսանկյունից ինչպիսի ենթակառուցվածքներ են նախատեսված, այդ մասին Արթուր Սողոմոնյանը վաղ է համարում խոսելը:  «Այս պահին վաղ է խոսել ենթակառուցվածքների մասին, քանի որ գործ ունենք խիստ առանձնահատուկ տարածքի հետ. այս հարցին հնարավոր կլինի պատասխանել բացառապես տարածքի լիարժեք պեղումներից և վերականգնումից հետո: Դա է պատճառը, որ աշխատանքները բաժանվել են երկու փուլի, առաջին փուլում խնդիր է դրված զգուշորեն և առանց ճարտարապետական կառուցվածքը վնասելու կատարել վերականգնում, որից հետո միայն կմեկնարկեն զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները»,-հավելեց նա: 
09:41 - 06 հուլիսի, 2020
Հայաստանը մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ին կայացած Եվրոպական միության Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ և ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից և հատկապես Արևելյան գործընկերության երկրներից, այդ թվում և Հայաստանից, նպատակ ունի քննարկել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել երիտասարդների և քաղաքականություն մշակողների միջև երկխոսությանը և նպաստել փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցության կայացմանը: Այս քննարկման առանցքային թեմաներն էին՝ «Երիտասարդների ներգրավվածությունը ԱլԳ-ում. ներկայի ուսումնասիրումը և ապագայի կողմնորոշումը», «Երիտասարդական քաղաքականության երկխոսության ապագան Արևելյան գործընկերությունում» և «Խթանելով երիտասարդության զբաղվածությունը և ձեռներեցությունը»: Քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության (DG NEAR) արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Լոուրենս Մերիդիթը, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհելյին, ԵՄ արևելյան հարևանության հարցերով գլխավոր փոխտնօրեն Կատարինա Մատերնովան, Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի տնօրենը և այլք, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդության քաղաքականության ոլորտը համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ (նախարարի տեղակալներ): Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին միջոցառման կազմակերպման համար: Իր ելույթում նա խոսել է ՀՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների մասին՝ ներկայացնելով պետության կողմից ներկայում արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև պլանավորման մեջ գտնվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական կրթության խթանմանը, կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը ավագ և միջին դպրոցում, ապագայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ներդրմանը ՄԿՈՒ հաստատություններում, բուհերում և այլն: Նա մասնավորապես շեշտել է, որ նոր մոտեցում է ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկատվության ներառումը ներկայում բարեփոխվող Հանրակրթության պետական չափորոշիչում: Իր խոսքում Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին կրթության և երիտասարդության ոլորտում անհրաժեշտ գործիքակազմով օժանդակության համար:
17:03 - 03 հուլիսի, 2020
Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը
 |armtimes.com|

Հայ եկեղեցու պատմություն առարկան չի լինի, ծրագիրը կլինի. փոխվելու է հանրակրթության առարկայացանկի ձեւավորման մոտեցումը |armtimes.com|

armtimes.com: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) e-draft.am-ում քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը: Հիմնային փոփոխություններ ենթադրող այս նախագիծը, որին նախկինում էլ անդրադարձել ենք, հարյուրավոր հարցեր է առաջ բերում, որոնց պատասխանները շարունակաբար կփորձենք ստանալ պատկան մարմիններից եւ ոլորտի մասնագետներից: ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեր զրույցում մեկնաբանեց վերջին օրերի քննարկումները Հայ եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ: Այն դիտարկումներին, որ առարկան դուրս է բերվում հանրակրթական առարկայացանկից, մինչդեռ ԿԳՄՍՆ պաշտոնյաները, այդ թվում Արայիկ Հարությունյանը նախկինում նշել էին, որ նման խնդիր դրված չէ, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք ընդհանուր առմամբ առարկայացանկի ձեւավորման մոտեցումներն ենք փոխել: 5-րդ եւ 6-րդ դասարաններում ունենք որոշակի ինտեգրված առարկաներ, որոնց առարկայական ծրագրերն առաջիկայում կդրվեն քննարկման, եւ բոլորը հնարավարություն կունենան դրանց հետ ծանոթանալու: Հայ եկեղեցու պատմության ծրագիրը նախատեսված է ուսուցանել հասարակագիտական եւ հայագիտական առարկաների բնագավառների ինտեգրված առարկայի ձեւաչափով, իսկ ավելի բարձր դասարաններում՝ առանձնացված առարկաների ձեւով: Այսինքն 5-6-րդ դասարաններում խոսում ենք ինտեգրված առարկայի մասին, ավելի բարձր տարիքում՝ առանձին առարկաների: Ընդ որում, ամեն դասարանում իր տարիքային հոգեբանությամբ եւ ընդհանուր մանկավարժական մոտեցմամբ»: Ո՞ր առարկաների հետ է ինտեգրվելու Հայ եկեղեցու պատմության ծրագիրը, նյութի ո՞ր մասը կպահպանվի. «Ընդհանուր առմամբ նյութը, որ որպես գիտելիք եւ հմտություն ներառված է Հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում, հիմնականում՝ ճնշող մեծամասնությունը, պահպանված է, բայց թե կոնկրետ որ դասարանի որ առարկայի չափորոշչում կլինի, կներկայացվի առաջիկայում: Ծրագիրը որոշ տեղերում մենք փորձել ենք նույնիսկ ընդլայնել՝ կապելով ավելի լայն բովանդակության-մոտեցումների հետ: Այնպես որ, այստեղ խոսքը մեխանիկական փոխանցման մասին չէ, քանի որ առարկաների մոտեցումները սկզբունքորեն փոխվել են, որեւէ առարկա մեխանիկորեն չի գնում-միանում այլ առարկայի կամ առանձնանում»: Եթե կատարվող իրադարձությունները, կաթողիկոսների կյանքն ու կայացրած որոշումները կարելի է ներառել Հայոց պատմության դասընթացի շրջանակում, իսկ ազգ, հայրենիք, բարոյականություն, ազնվություն թեմաները, որ ներառված էին ՀԵՊ առարկայի շրջանակում, դիտարկել հասարակագիտության շրջանակում, ապա քրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությունը, Հին եւ Նոր կտակարանների պատումները, ո՞ր առարկայի շրջանակում պիտի դրվեն. «Այն, ինչ նշեցիք, արժեքային ուսուցմանն ու դաստիարակության բաղադրիչին են վերաբերում, դա չի կարող լինել որեւէ առանձին առարկայի շրջանակում, դա դաստիարակության անբաժանելի մասը պիտի լինի եւ պիտի արտացոլված լինի կրթության ամբողջ ընթացքում: Օրինակ, տարրական դպրոցում արժեքային ուսուցումն իրականացվում է նաեւ մայրենի լեզվի ուսուցման շրջանակում: Մեր ամբողջ հանրակրթությունը, եւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով առաջարկվող արժեքային բաղադրիչը կարող է լինել միայն, երբ դա ընդհանուր մոտեցում լինի բոլոր առարկաների շրջանակում: Դաստիարակության եւ արժեքային բաղադրիչի խնդիրը պետք է լուծենք բոլոր առարկաների շրջանակում: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ գիտելիքին եւ այդ փաստական տեղեկատվությանը, ապա դա իհարկե, առարկայական ծրագրերի շրջանակում տեղ կգտնի»: Անդրեասյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առարկայական չափորոշիչները հանրային քննարկման կդրվեն մոտ տասն օրից: «Առաջարկում եմ բովանդակային քննարկումներին մասնակցել հենց այդ պահից»,- կոչ արեց նա: Ի պատասխան այն հարցին, թե բուռն հանրային ընդվզման դեպքում նախատեսվո՞ւմ է վերանայել որդեգրված սկզբունքը եւ առարկան պահպանել՝ որպես, օրինակ, կրոնագիտություն կամ մշակույթի պատմություն, ինչպես արվում է բազմաթիվ երկրներում՝ Անդրեասյանը նշեց, որ դա առանձին կարող է լինել՝ որպես դպրոցի որոշում: «Կրթության այս փիլիսոփայությունը դպրոցներին ինքնավարություն, ուսուցիչներին՝ ճկունության հնարավորություն տալն է: Դա նշանակում է, որ մենք առանձնացրել ենք վերջնարդյունքները՝ թե երեխան ինչ արդյունքների պիտի հասնի այս կրթական ծրագրերի ավարտին, ինչ պիտի կարողանա, իմանա եւ անի: Բայց ինչպես դպրոցը դրան կհասնի, դա արդեն դպրոցի որոշելիքն է. դպրոցը կարող է ձեւավորել առանձին առարկա, որտեղ կներառի կրոնի պատմության, մշակույթի պատմության ինչ-որ դրվագներ: Նման առարկայական ծրագրեր մշակել եւ իրականացնել այսօր էլ կարող է յուրաքանչյուր դպրոց, սակայն այդ հնարավորությունը տրված է ավելի ընդլայնված՝ գործիքային չափորոշչի տարբերակով, քանի որ մենք նախատեսում ենք ֆինանսավորել առավելագույն ժամաքանակով բոլոր պետական դպրոցներին: Դա նշանակում է, որ դպրոցը, որպես մանկավարժների համախումբ, որպես միջավայր, ուր որոշում են, թե ինչպես աշխատել երեխայի հետ, պետք է կարողանա որոշել, թե որն է առարկաների այն հավելյալ ցանկը, որ ուզում է ավելացնել եւ ուսուցանել: Հետեւաբար դա չի ենթադրում, որ մենք պիտի փոխենք այս պահի նախագիծը: Մենք արդեն իսկ այդ հնարավորությունը տվել ենք դպրոցին, եւ քանի որ ծնողն էլ ունի դպրոցի ընտրության իրավունք, կկարողանա ընտրել՝ իր երեխան ինչ ձեւաչափով է ուզում, որ սովորի այս կամ այն դպրոցում, եւ կարծում եմ, որ այս իրավիճակը պետք է բավարարի բոլորին: Քանի որ մեր հասարակության ներսում միշտ տարբեր են կարծիքները, հիմա մենք ստեղծում ենք հնարավորությունը, որ դպրոցները կարողանան այլընտրանքային մոտեցումներ ձեւավորել մանկավարժության մեջ: Դպրոցը կարող է ուսուցանել Արվեստ ինտեգրված առարկա կամ առանձին Երաժշտություն եւ առանձին Նկարչություն առարկաներ: Այսինքն՝ դպրոցներին տրվում է ստեղծագործական մոտեցման հնարավորություն, եւ կարծում եմ, որ սա ամենաճիշտ ճանապարհն է դպրոցը զարգացնելու»:Ավելին՝ Armtimes.com-ում։
19:13 - 02 հուլիսի, 2020
Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով |armtimes.com|

Այսօր անցկացվեց օտար լեզվի քննությունը․ ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում այսօր անցկացվել է միասնական առաջին քննությանը, այն օտար լեզուներից էր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը  տեղեկացրեց, որ չնայած համավարակով պայմանավորված մեծ լարվածությանը՝ ամեն ինչ նորմալ հունով է ընթացել։ Բոլորին նախապես ստուգել են, ոչ մի դիմորդ ետ չի վերադարձել՝ ջերմություն ունենալու պատճառով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քննակենտրոն մուտք գործելիս դիմորդները ջերմաչափվելու են, հնարավոր է մինչեւ 2-3 անգամ, որպեսզի ջերմության առկայության դեպքում համոզվեն՝ դա վիրուսի՞, թե արեւի տակ կանգնելու հետեւանք է։ Եթե արդյունքում միեւնույն է այն բարձր լիներ, տվյալ անձն այս տարի չէր մասնակցելու քննությանը։ Գրիգորյանը հավելեց՝ բոլոր դիմորդներն իրենց դիմակներով եկել են, այն հանել եւ տեղում նորն են ստացել, տարածքն էլ ախտահանվել է։ Ընթացքում մի քանի ծնող ցանկապատից ներս է մտել եւ էկրանից հետեւել ընթացքին։ Օտար լեզուներից այս քննության ընթացքում որեւէ կենտրոնից ահազանգ չի եղել թեստում վրիպակներ լինելու հետ կապված, ինչը, մամուլի քարտուղարի պնդմամբ, ամեն տարի լինում էր։ Քննության ընթացքում, ըստ նրա, թեստի հեղինակը մասնագետների հետ նստած սպասում է զանգերի, որպեսզի վրիպակներ լինելու դեպքում՝ իրենց հետ կապվեն, սակայն ահազանգ չի եղել թեստերի ոչ մի տարբերակի վերաբերյալ: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:05 - 02 հուլիսի, 2020