Խոսք եմ տալիս երկուշաբթի օրը հստակ պատասխան տալ Կոնդի քարտեզագրման վերաբերյալ. Էդուարդ Աղաջանյանի օգնական |news.am|
12:10 - 21 նոյեմբերի, 2019

Խոսք եմ տալիս երկուշաբթի օրը հստակ պատասխան տալ Կոնդի քարտեզագրման վերաբերյալ. Էդուարդ Աղաջանյանի օգնական |news.am|

news.am: Կոնդի չափագրումների եւ քարտեզագրման վերաբերյալ իրոք հանձնաժողով ստեղծվել է։ Ես հանձնաժողովին ներկա եմ եղել, պարոն Աղաջանյանը նման հանձնարարական տվել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21–ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Կոնդի բնակիչների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հայկ Ավագյանը։

Նա լսեց բողոքող քաղաքացիներին, խոստանալով՝ սեղմ ժամկետներում հստակ պատասխան տալ գործի ընթացքի վերաբերյալ։

«Ես չեմ ստացել հանձնարարական եւ գործի մանրամասներին տեղյակ չեմ, խոսք եմ տալիս երկուշաբթի օրը հստակ պատասխան տալ Կոնդի քարտեզագրման վերաբերյալ»,– ասաց Ավագյանը։

Նրա հետ հանդիպումից հետո բնակիչները դադարեցրին բողոքի ակցիան, ասելով, որ կվերադառնան երկուշաբթի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացրել Կոնդի, Եկմալյան եւ Ֆիրդուսի փողոցների բնակիչները եւ Դալմայի հողօգտագործողները։ Նրանց պնդմամբ կառավարությանն ուղղված իրենց նամակները տեղ չեն հասնում եւ դրանում մեղադրեցին կառավարության նամակների վարչության պետ Ալեքսան Ղազարյանին։ Վերջինս, երբ եկավ ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու բնակիչները չցանկացան խոսել նրա հետ եւ վանկարկեցին «Գորշ գայլ, հեռացիր»։

Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տալ, իսկ Եկմալյանի բնակիչները փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանների համար։

Նշենք, որ Կոնդի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել բազմաբնակարանային շենքեր։ Բնակիչները, սակայն, մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի իրենց տներից։ Խնդիրն այն է, որ սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսը, բնակիչների պնդմամբ, փաստաթղթերում սխալ է գրված։

Եկմալյան փողոցի 3 տանսյակ նախկին բնակիչներ էլ արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսն ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում:

Ֆիդուսի բնակիչները ևս հանրային գերակա շահի զոհ են դարձել և պահանջում են փոխհատուցում տրամադրել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել