tert.am: Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներից մի քանիսը քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Ասում են՝ տարիներ առաջ Կոնդի իրենց տներում սխալ չափագրումներ են իրականացվել, արդյունքում՝ իրենց տարածքների մի որոշ մաս սեփականության իրավունքի մասին վկայականով իրենց չի պատկանում: Բազմաթիվ անգամ դիմել են քաղաքային իշխանություններին, բայց ապարդյուն, այսօր դարձյալ եկել են՝ «վերականգնելու իրենց իրավունքները»:
«Տարիներ շարունակ մեր բողոքը ներկայացրել ենք, եկան մի մասին սեփականության վկայականում թերի չափագրումները իբր կարգավորեցին, բայց ընդամենը գծանշեցին, մի մասինը ընդհանրապես ոչինչ չարեցին: Կոնդում կան վարձակալություններ, որոնք օրենքի ուժով պետք է փոխվեին սեփականության, դրանք էլ են մնացել նույն կարգավիճակում, ոչ մի բան չի փոխվել»,- ասաց Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը:
Երեմյանն ասաց, որ հեղափոխությունից հետո դիմել են քաղաքային իշխանություններին՝ հուսալով, որ «իրենց ընտրած իշխանությունները» հարցին լուծում կտան, բայց փոխարենը ստացել են «լղոզված» պատասխան՝ «Պատասխանում իրենք հղում են կատարել 912 Ն որոշմանը, իսկ դա նշանակում է, որ մեր եղածը մենք պետք է գնենք քաղաքապետարանից, բայց ինչո՞ւ գնենք, երբ տարիներ շարունակ մենք այն օգտագործել ենք ու նախկին իշխանության ժամանակ է թերի չափագրում եղել»:
comment.count (0)