Տնտեսավարողների խախտումները մաքսազերծման ժամանակ. ՊԵԿ-ն ուժեղացնում է հսկողությունը |armenpress.am|
10:47 - 15 նոյեմբերի, 2019

Տնտեսավարողների խախտումները մաքսազերծման ժամանակ. ՊԵԿ-ն ուժեղացնում է հսկողությունը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստան ներմուծված ապրանքների հետբացթողումային հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների թիվը այս տարի թեև նվազել է, սակայն խնդիրը դեռևս շարունակում է մնալ անհանգստացնող: Տնտեսավարողները մաքսազերծման ընթացքում հաճախ թերհայտարարագրում են, փորձ անում նվազեցնել կամ ուռճացնել ծախսերը:

Ինչպես հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը, վարչությունը ցանկացած փուլում ռիսկերը բացահայտելու, խնդիրը կանխելու նպատակով հզորացնում է իր վերլուծական կարողությունները:

«Տնտեսավարողները ներմուծման ժամանակ հիմնականում կատարում են ինվոյսային արժեքներում տվյալների խեղաթյուրում՝ արժեքների նվազեցման կամ բարձրացման տեսքով: Նվազեցման դեպքում տնտեսավարողները ավելի քիչ մաքսային վճարներ վճարելու միտում ունեն: Ինվոյսային արժեքների բարձրացման պարագայում տնտեսավարողները փորձ են անում ուռճացնել ծախսերը՝ հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարելու նպատակով:

Հաջորդ խումբը ԱՏԳ (Արտաքին տնտեսական գործունեության) ցուցիչների խախտումներն են, որոնց միջոցով փորձ է արվում ներմուծվող ապրանքները դասակարգել այլ խմբերում ՝ ավելի քիչ մաքսատուրք վճարելու և այլ նպատակներով»,-ներկայացրեց Սաֆարյանը:

Հաճախ հանդիպող իրավախախտումներից են նաև ապրանքների քանակի թերհայտարարագրումը և տարատեսակավորումը: 2019-ին հետբացթողումային հսկողության վարչության կողմից իրականացվել է շուրջ 67 ստուգում, որի ընթացքում արձանագրվել են մոտ 253 մլն դրամի խախտումներ: 43 դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14 դեպքում՝ սխալ մաքսային արժեք, այլ բնույթի 7 խախտում և 3 դեպքում խախտումներ չեն արձանագրվել:

Այս տարվա բացահայտված խախտումները, համեմատելով նախորդ տարիների հետ՝ Սաֆարյանը նկատեց, որ դեպքերը նվազել են: «Պարբերաբար հայտնվում են կազմակերպություններ, որոնք փորձ են անում ինչ-որ կերպ խուսափել: Սակայն մեր ներկայիս կարողություններն ավելին են, քան նախկինում էին: Իրականացվող և իրականացվելիք միջոցառումները շատ ավելի հեշտացնելու են բացահայտումները, մենք ավելի շատ աշխատելու ենք կանխարգելման վրա»,- ասաց նա ու հավելեց՝ շեշտադրումը բացթողումից դեպի հետբացթողումային փուլ տեղափոխելու նպատակն է տնտեսավարողի համար էլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մաքսազերծելիս շատ ավելի քիչ ժամանակ ծախսի:

ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը աշխատանքներ է տանում վերլուծական գործիքների կատարելագործման ուղղությամբ: Դրանցից մեկը գործարքների վերլուծության ծրագրի ավտոմատացումն է: Դրա արդյունքում հնարավոր է դառնալու մաքսազերծման ընթացքում ցանկացած գործարք ծրագրի միջոցով ավտոմատ վերլուծել և համեմատականներ անցկացնել համանման պայմաններում ներմուծվածների քանակային և այլ ցուցանիշների հետ և վերհանել այդ մասով առկա ռիսկերը: Վարչությունը նաև իրականացնում է կազմակերպությունների՝ տնտեսավարող սուբյեկտների վերլուծություն, որով գնահատվելու է կազմակերպության վարքագիծը: Կազմակերպությունները դասակարգվելու են ըստ իրենց ռիսկայնության աստիճանի։ Ռիսկային կազմակերպությունների նկատմամբ իրականացվելու է ավելի խիստ վարչարարություն:

Մաքսային ստուգումների ընթացքում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումնասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների Հայաստան ներմուծումները: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել