aysor.am: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան տեղյակ չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից։
«Իրոք, տեղեկություն չունեմ։ Վարչապետը Մոսկվա պարբերաբար գնում է, երևի գնացել է, տեղյակ չեմ», - ասաց նա՝ լրագրողների հարցին ի պատասխան։
ՔՊ-կան պատգամավորից հետաքրքրվեցին նաև «խաղաղության պայմանագրի» շուրջ վաշինգտոնյան բանակցություններից։
«Ամերիկյան բանակցությունների վերաբերյալ դեռևս ամփոփիչ տեղեկատվություն չունեմ, հետևաբար, որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Խաչատրյանը։
Ըստ նրա՝ բանակցությունների շուրջ ցանկացած քննարկում դրական երևույթ է։
«Եթե քննարկում են բանակցությունները, դա արդեն դրական է։ Հարցն այն է, թե արդյունքներն ինչպիսին են։ Շատ լավ կլինի, եթե մեր սպասելիքներն իրականացված լինեն, բայց, ինչպես տեսնում ենք, բավականին դժվար պրոցես է, և սպասելիքների առումով երկար ճանապարհ դեռևս երևի պիտի անցնենք»,- ասաց նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպմանը, որ «խաղաղության պայմանագրի» պարամետրերը հայ ժողովրդի համար կարող են ընդունելի չլինել՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «Կարող է այնպիսի պայմաններ առաջադրեն, որոնք մեզ համար «կարմիր գծեր» են և ընդունելի չեն։ Շատ պարզ է։ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ»։
Արմեն Խաչատրյանը նաև վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից սադրանքներ միշտ էլ լինելու են։
«Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու։ Որ սահմանում մեկ-երկու անգամ կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, դա ևս սադրանք է, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի», - ասաց նա։
comment.count (0)