«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին
 |civilnet.am|

Մարդուն խոշտանգել են ու նսեմացրել, ի՞նչն եք մեկ տարի փորձաքննում․ պատգամավորը՝ գլխավոր դատախազին |civilnet.am|

civilnet.am: Ընդդիմադիր հայացքներ ունեցող Սամվել Վարդանյանին ձերբակալման վայր տեղափոխելու ընթացքում ենթադրաբար խոշտանգած և նսեմացրած անձինք մեկ տարի անց դեռևս հայտնաբերված չեն։ Այս մասին ապրիլի 25-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բացատրությանը, թե կատարվում է փորձաքննություն։ «Ես ունեմ լուսանկարներ։ Երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատը իջեցրել են, թքել են վրան ու խոշտանգել։ Ի՞նչ փորձաքննություն է պետք այս ամենին։ Ի՞նչ անհասկանալի բան կա, որ արդեն մեկ տարի է անցել, բայց Երևանում գործած այս հանցախումբը չի բացահայտվել։ Նրանք գործել են ազատ և բանուկ հատվածում»,- հայտարարեց Թովմասյանը։ 2024-ի ապրիլի 16-ին հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Սամվել Վարդանյանի և այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։ Վարդանյանը վերջինիս անվանել էր «հակահայ վիժվածք»։ Միջադեպից հետո Վարդանյանը ձերբակալվել էր։ Ավելի ուշ նրա փաստաբանները հայտնել էին, որ Վարդանյանին Քննչական կոմիտեից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դաժան խոշտանգումների են ենթարկել։ Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ խոշտանգումը եղել է նախապես կազմակերպված, իսկ հանցագործներին աջակցել են հենց ոստիկանները։ Մինչ օրս խոշտանգող անձինք չեն հայտնաբերվել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արձագանքեց պատգամավոր հայարարությունը՝ նշելով, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ «Նշանակվել են երեք փորձաքննություններ դեռևս 2024-ի մայիսին, որոնց արդյունքները դեռ չենք ստացել։ Մինչև այդ արդյունքները չստանանք, չենք կարող հիմնվել միայն լուսանկարների վրա, որտեղ, օրինակ, պատկերված է տաբատ՝ ենթադրյալ խոտի հետքերով։ Չենք կարող պնդել, թե այդ հետքերը առաջացել են այն մեխանիզմով, որը նկարագրում է տուժածը»,- ամփոփեց Վարդապետյանը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։
11:37 - 25 ապրիլի, 2025
ԱԺ որոշմամբ փոխվեցին ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և սկզբնաժամկետը

ԱԺ որոշմամբ փոխվեցին ֆիզիկական անձանց՝ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը և սկզբնաժամկետը

Ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը՝ 2025 և 2026 թվականների համար, և հուլիսի 1-ը՝ հետագա տարիների համար:  «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներով: Բացի վերջնաժամկետից՝ սահմանվել է նաև, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը:  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենք ձեռպահ են քվեարկելու նախագծին. «Չենք կարող կողմ լինել, որովհետև սա կիսատ-պռատ լուծում է, համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին ունենալու ենք պրոբլեմներ: Դեմ էլ չենք կարող քվեարկել, քանի որ մայիսի 1-ը այն վերջնաժամկետն է սահմանված, որից հետո սկսվելու է իրավական շղարշով հետապնդումների շարք»: Նախագծի հեղինակը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է:  Նա երեկ մանրամասնել էր նախագիծը. «Այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը:   Նրա խոսքով նաև մարտի 2-ից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը:
12:16 - 22 ապրիլի, 2025
ԱԺ-ն քննարկում է մայիսի 1-ի փոխարեն նոյեմբերի 1-ը հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ սահմանելու նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն քննարկում է մայիսի 1-ի փոխարեն նոյեմբերի 1-ը հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ սահմանելու նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Առաջարկում ենք մայիսի 1-ը՝ որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխել այս տարվա և հաջորդ տարվա համար՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 21-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը՝ արտահերթ նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում՝ մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք դնում, այլև սկզբնաժամկետ, այսինքն՝ հիմա, ըստ օրենքի, մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, որ օրը ուզեն հայտարարագիր լրացնեն: Բայց մենք նաև սկզբնակետն ենք սահմանում, և հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը: Այսինքն՝ դրանից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը: Սա է ընդհանուր փոփոխությունը»,- ասաց նա: Փոփոխություն է կատարվում նաև, ըստ Թունյանի, եկամտային հարկի վճարման վերջնաժամկետի առումով, և դա համապատասխանեցվում է հայտարարագրերի ֆիզիկական անձանց վճարած վերջնաժամկետներին: Համապատասխան որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
14:04 - 21 ապրիլի, 2025
Լարված իրավիճակ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին |1lurer.am|

Լարված իրավիճակ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին |1lurer.am|

1lurer.am: Դուք շատ բաների չեմպիոն եք, նաև՝ իրավիճակը լարելու չեմպիոն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքների:  ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: «Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դո՛ւ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որին տեղից արձագանքում էր ընդդիմադիր պատգամավոր Մանուկյանը: Իրավիճակը դահլիճում թեժացավ, Ալեն Սիմոնյանը հորդորեց իրեն չսպառնալ: «Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տալ ինձ սպառնալ: Հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, տենց ելույթներով ծրագրեր ես անում, որ ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովազդ վաճառել, դնել այդ ծրագրերի մեջ, որովհետև ոչ ոք չի նայելու»,- ասաց ԱԺ նախագահը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին, որը ցանկանում էր դուրս գալ  նիստերի դահլիճից: Սիմոնյանը նրան հորդորեց վերադառնալ դահլիճ: «Խնդրո՛ւմ եմ, նստիր ու լսի՛ր»,- դիմելով Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահը: Մանուկյանը, սակայն, լքեց ԱԺ նիստերի դահլիճը: «Հիմա դո՛ւք պատկերացրեք մի իրավիճակ, որ 30 տարվա գաղջից հետո՝ մարդկանց ծեծելով սպանելուց, թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 ու հոկտեմբերի 27 անելուց ու մարդկանց գնդակահարելուց հետո ՀՀ քաղաքացին մի օր դուրս է գալիս ու կոալիցիոն Դաշնակցությանը, Հանրապետականին ճանապարհում է ու ազատվում է այդ մղձավանջից»,- նշեց ԱԺ նախագահը՝ այնուհետ նկարագրելով 1 տարի անց կորոնավիրուսի համավարակի բռնկումը, ԼՂ-ի վրա հարձակումը, զինվորականների կողմից սուտ տեղեկությունների տարածումը: Նրա խոսքով՝ այս նոր՝ առաջին անգամ ընտրված իշխանությունը, բնականաբար, փորձում է փրկել իրավիճակը, այդ ընթացքում ներսում գործի է դրվում հինգերորդ շարասյունը: Հայրենասիրական, ազգային լոզունգների տակ փորձում են պետությունը քանդել, վերացնել պետականությունը: Գործի է դրվում այնուհետ պլան Բ-ն՝ ՀՀ-ին ներքաշել պատերազմի  մեջ, որպեսզի պատերազմը բերվի արդեն Հայաստանի տարածք, փոխել Հայաստանում իշխանությունը և բերել մարիոնետային իշխանություն, որը նախկինի պես «կպարի ուրիշի դուդուկի տակ»: Վերլուծելով ներկայումս ստեղծված իրավիճակը՝ Սիմոնյանը հայտարարեց՝ այդ հինգերորդ շարասյունը հիմա շարունակում է գործել Ազգային ժողովում, համահունչ աշխատում հակառակորդների հետ: «Ընդդիմությունը չի ուզում իշխանությունը վերցնի, և դրա ապացույցները շատ են: Ենթադրենք, եթե ուզում էիք իշխանությունը վերցնել, ինչի էր պետք Վազգեն Մանուկյանին բերել: Երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռը այդքան լավն է, 2020-ի ավարտին աթոռն այդքան լավն էր, ինչու ոչ ոք չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք: Որովհետև չէիք ուզում այդ իշխանությունը վերցնել: 2020-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր: Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր: Հետո էլ չուզեցիք վերցնել: Դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք: Բա պատասխանատվություն է, հետո ի՞նչ եք անելու: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաև հիմա: Ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- հայտարարեց Սիմոնյանը: Նա ընդդիմադիրներին մեղադրեց քաղաքական փակուղու մեջ գտնվելու համար:  Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, նշեց՝ այն, ինչ անում է Դաշնակցության հայաստանյան կազմը, այնպես, ինչպես նրանք վարկաբեկում են իրենց կուսակցությունը, չի արել ոչ ոք: «Դուք հայտնվել եք Ազգային ժողովում պատերազմից հետո՝ «Հայաստան» դաշինքի ֆորմատով, Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հաջորդ գումարման խորհրդարանում Դաշնակցությունը շատ քիչ ներկայություն կունենա:  Հիշեցնենք՝ Մանուկյանը իր ելույթում հարցադրում էր արել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքել էր՝ դաշնակցական։  «Էդ ո՞վ ասեց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք մամուլը նայեք»,- ասել էր Մանուկյանը։
12:28 - 21 ապրիլի, 2025
Սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է. Վարդանյանը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության մասին |1lurer.am|

Սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է. Վարդանյանը՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության մասին |1lurer.am|

1lurer.am: Առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս: ԱԺ-ում անդրադառնալով երդվյալ ատենակալների ներգրավման հնարավորությանը և դրա ազդեցությանը դատական գործերի վրա՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց. «Երդվյալ ատենակալների մասնակցության տարբեր մեխանիզմներ կան տարբեր երկրներում: Երբ ԱՄՆ օրինակն ենք փորձում վերլուծել, ապա այստեղ երդվյալներն ընտրվում են կողմերի կողմից, տարբեր նահանգներում տարբեր կանոնակարգումներ կան, բայց նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության կամ անմեղության հարցը. մնացած հարցերը, ըստ էության, կարգավորվում են դատարանի կողմից: Դատավորը միշտ ներկա է լինում, երբ որ կա երդվյալ ատենակալների ինստիտուտ»: Նա նշեց, որ ինստիտուտի ներդրման հարցը պետք է որոշի ժողովուրդը: «Դա սահմանադրական կարգավորումներ պահանջող գործընթաց է, երկրորդը՝ պետք է հասկանանք՝ ինչ մոդելով ենք առաջնորդվում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
13:20 - 18 ապրիլի, 2025
44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան
 |civilnet.am|

44-օրյայի մասին զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում․ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: 2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի ԱԺ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Հարցին, թե ինչո՞ւ ավելի շուտ զեկույցը չեն ներառում ԱԺ լիագումար նիստ, Քոչարյանը մեկնաբանեց, որ սեպտեմբերին քաղաքական և բոլոր առումներով կրքերը հանգստացած կլինեն, բացի այդ, ըստ Քոչարյանի, ընտրված շրջանը սիմվոլիկ է։ «‎Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ է, լիագումար նիստը կսկսվի 30-ին։ ԱԺ նախագահը հարցը կներառի խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Կարծում եմ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի լիագումար նիստում, քանի որ շատ կարևոր, սիմվոլիկ օր է (սեպտեմբերի 27-ին սկսվել է 44-օրյա պատերազմը)»,- ասել է Քոչարյանը։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, զեկույցը լինելու է գաղտնի բաժնում, հաշվի առնելով գաղտնիության ծավալը՝ նիստը լինելու է դռնփակ։ Զեկույցը հասանելի է լինելու պատկան մարմիններին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքների ավարտի մասին հայտարարել էր 2024-ի սեպտեմբերին։ Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակ հայտարարել էր, որ հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, և ներկայացվելու էր «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Նա նաև ասել էր, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։ 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն համարելով քաղաքական պատվեր կատարող մարմին։
11:35 - 18 ապրիլի, 2025
Արցախի իշխանությունները դատապարտել են Խաչատուր Սուքիասյանի հայտարությունը, թե «արցախցիները 2023-ին չեն կռվել»

Արցախի իշխանությունները դատապարտել են Խաչատուր Սուքիասյանի հայտարությունը, թե «արցախցիները 2023-ին չեն կռվել»

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի սխալ թիվ ասելու համար։  «Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսիային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին»,- ասվում է նրա հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ «որևէ միտում չի եղել»։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»,- նշել է Սուքիասյանը։ Երեկ 24News-ի հետ զրույցում պատգամավորը հայտարարել էր, թե արցախցիները 2023-ին չեն կռվել. «Մի 10 հոգի ղարաբաղցիա զոհվել 2023-ին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին»: Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել Սուքիասյանի հայտարարության վերաբերյալ՝ ընդգծելով, որ նա «հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին և կամավորներին, զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների հարազատներին»: «Ընդ որում, իշխանական պատգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային և կռվեին:  Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը, որը պարունակում է արցախցիների նկատմամբ ատելության, ներազգային պառակտման տարրեր: Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի: Փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին…»,- նշվում է հայտարարության մեջ:
09:50 - 18 ապրիլի, 2025
Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում է նաև տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը

Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում է նաև տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը

Մեկնարկեց ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:  Նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդվեց խորհրդարանում։ ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավարը պատգամավորի մանդատ ստացավ Վիլեն Գաբրիելյանի փոխարեն: Օրակարգում 21 հարց է, այդ թվում՝ Երևանի տրանսպորտից օգտվելիս չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ԱԺ մուտքի մոտ են, հարցեր են ուղղում ներս մտնող պատգամավորներին, թե արդյոք կարծո՞ւմ են, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ է»: Պատգամավորները չեն պատասխանում նրանց հարցերին: Ըստ նախագծի՝ առանց վճարման կրիչը վավերացում կատարելու տրանսպորտից օգտվելու համար տուգանքը կլինի 10 000 դրամ, վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի՝ նշված ծառայություններից օգտվելու համար՝ 15 000 դրամ, որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում առանց տրանսպորտային միջոցում վավերացում կատարելու օգտվելու համար՝ 30 000 դրամ: Նիստի սկզբում քննարկվեց համընդհանուր հայտարարագրման համակարգը չեղարկելու նախագիծը օրակարգում ներառելու հարցը: Այն ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը. ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ դեմ են քվեարկելու նախագիծը օրակարգում ներառելուն: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են, այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ»: Այս հայտարարությունից հետո ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ նշելով. «Ընդդիմության նպատակը մեկն է. այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից, որոնք հնարավոր է լինում ստանալ այս նախաձեռնությամբ»: Արծվիկ Մինասյանը վարման կարգով արձագանքեց՝ նշելով, որ ընդդիմության նպատակը «ազգակործան իշխանությանը հեռացնելն է» և քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց խմբակցության անունից:
10:28 - 15 ապրիլի, 2025
Ադրբեջանցի գործընկերս մերժել է հանդիպման առաջարկս՝ ինձ անվանելով «պոպուլիստ», բայց այն մնում է սեղանին. Խանդանյան
 |news.am|

Ադրբեջանցի գործընկերս մերժել է հանդիպման առաջարկս՝ ինձ անվանելով «պոպուլիստ», բայց այն մնում է սեղանին. Խանդանյան |news.am|

news.am: Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝  ինձ «պոպուլիստ» անվանելով: Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իմ առաջարկը մնում է սեղանին. Ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումներին՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար», -  նշել է նա։ Օրերս Սարգիս Խանդանյանը դիմել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովին՝ առաջարկելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ «Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում: Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել էր Խանդանյանը։
12:03 - 01 ապրիլի, 2025
Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԱԺ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: «Անցած կիրակի Գյումրիում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն: Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած՝ ինքնաառաջադրվում եմ, որպես ՔՊ կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»,- գրել է նա: Հիշեցնենք, որ մարտի 30-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։ Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։ Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս ՔՊ շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․ «Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։
10:05 - 01 ապրիլի, 2025
«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը։ Այս մասին հայտնում է ՔՊ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ վստահված անձանց մոտ նկատված թերթիկներին։ Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ ՔՊ բոլոր վստահված անձինք ունեն թերթիկներ, որոնցով հաշվում են բոլոր ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում։ «Հարգելի կեղծ դիտորդներ և հայտնի ընտրակեղծարարների վստահված անձինք, էդ էժան շոուների վերջը տվեք: Ընտրակաշառքի ցուցակներն էլ փնտրեք ձեր ծոցագրպաններում»,- հավելել է նա՝ կից հրապարակելով թերթիկի լուսանկարը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Այդ մասին մեկ արձանագրություն եղել է տեղամասի գրանցամատյանում՝ «Ինֆոքոմի» թղթակցի՝ այնտեղ գնալու դրությամբ։ Մեր թղթակիցը նրա ձեռքին ևս նկատել է նման թուղթ, որի վրա նշված են եղել հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր է արել՝ ջնջելով թվերը։ Մեր թղթակիցը մի քանի փորձից ի վերջո կարողացել է մեկնաբանություն ստանալ վստահված անձից։ Նա, թեև դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասել է. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի»։ «Ինֆոքոմի» թղթակիցը խնդրել է նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, և Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։
18:58 - 30 մարտի, 2025
Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան |tert.am|

Բարձր եմ գնահատում իմ հաղթանակը, 50+1 հավաքելու եմ, վաղը բոլորդ կհամոզվեք. Սարիկ Մինասյան |tert.am|

tert.am: Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր գյումրեցին իր ընտրությունը կկատարի, վաղը կտեսնեք: Այս մասին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը: Նա նշեց, որ բարձր է գնահատում իր հաղթանակի շանսերը ու որ անպայման շանսերը 50+1 հավաքելու է: «Մի քանի ժամ է մնացել, բոլորդ կհամոզվեք: Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»,- ասաց նա: Երբ Մինասյանն ասաց, որ այլևս հարցերի չի պատասխանի, լրագրողները հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյա՞նն է խորհուրդ տվել հարցերի չպատասխանել, Մինասյանն ասաց. «Ինձ խորհուրդ միայն ընտանիքիս անդամները կարող են տալ: Կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք, բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենանք»:
12:32 - 30 մարտի, 2025
Փարաքարում ՔՊ թեկնածուն վստահ է՝ կհաղթի, մրցակիցը խոսում է վախի մթնոլորտի վերացման մասին
 |azatutyun.am|

Փարաքարում ՔՊ թեկնածուն վստահ է՝ կհաղթի, մրցակիցը խոսում է վախի մթնոլորտի վերացման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Փարաքար խոշորացված համայնքի 14/12 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց իշխանական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Քվեարկությունից հետո թեկնածուն հայտարարեց՝ ավելի քան վստահ է՝ կստանան ընտրողների մեծամասնության քվեն։ Հիշեցմանը, որ 2021-ի ընտրություններին դա իրեն չհաջողվեց, ի՞նչ է այժմ փոխվել, որ նման համոզմունք ունի, Գյուլնազարյանը պատճառաբանեց, թե այն ժամանակ ինքը հնարավորություն չի ունեցել համայնքին ծառայել, իսկ հիմա հասցրել է անել գործեր, որոնք թույլ են տալիս ակնկալել ավելի շատ քվեներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն նախորդ տարի նոյեմբերին համայնքապետի պաշտոնից հրաժարական տվեց: Դրանից օրեր առաջ վիճաբանություն էր եղել Երևանում, հնչել էին կրակոցներ, մեկ մարդ սպանվել էր, մամուլը գրել էր՝ Գյուլնազարյանը ներկա է եղել այդ միջադեպին ու ոտքից վիրավորվել: Հետո ասել էր՝ ինքը միջադեպի հետ կապ չունի, բայց միևնույն է՝ հրաժարական էր ներկայացրել: Գյուլնազարյանն այսօր պնդեց, թե այդտեղ հանրության համար բաց հարցեր չեն մնացել, իրավապահներն էլ ամեն ինչի վերաբերյալ տվել են պարզաբանումներ։ Թեկնածուն նաև նշեց, թե համայնքում մինչ այս պահը քվեարկությունն ընթացել է առանց միջադեպերի, հանգիստ մթնոլորտում։ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ: Նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը:
12:23 - 30 մարտի, 2025
Որքա՞ն գումար են ծախսել Գյումրիում մրցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդի համար
 |civilnet.am|

Որքա՞ն գումար են ծախսել Գյումրիում մրցող քաղաքական ուժերը Meta-ում գովազդի համար |civilnet.am|

civilnet.am: Մարտի 30-ին՝ կիրակի օրը, Գյումրիում և Փարաքարում տեղի են ունենալու արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ակտիվ նախընտրական պայքարն արդեն վաղուց տեղափոխվել է սոցիալական ցանցեր, որտեղ քաղաքական ուժերը միլիոնավոր դրամներ են ծախսում՝ հատկապես վճարովի գովազդների միջոցով։ CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական, ընտրությունների կամ քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներին ուղղվել է շուրջ 37,000 դոլար։ Այս գումարի գրեթե կեսը՝ 18,500 դոլարը, անմիջականորեն կապված է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների հետ։ Թանկարժեք քարոզչությունը՝ իշխանությունների ձեռքին․Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, իսկ Փարաքարում՝ 4։ Սակայն Meta-ի գովազդային հարթակում իրական ներկայություն ունեն ընդամենը չորսը։ Մնացածները կա՛մ չեն օգտագործում վճարովի գովազդներ, կա՛մ ծախսերը չնչին են։ Meta-ի՝ 2025-ի մարտի 25-ի դրությամբ տվյալները ցույց են տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա հետ փոխկապակցված էջերը միասին ծախսել են մոտ 16 հազար դոլար (ավելի քան 6 մլն դրամ), ինչը կազմում է Meta-ի հարթակում ընտրություններին ուղղված քաղաքական ծախսերի շուրջ 86 տոկոսը։ Հարկ է նշել, որ Meta-ի գովազդային գրադարանի տվյալները, թեև պաշտոնական են, կարող են ամբողջական պատկերը չարտացոլել։ Չեն հաշվարկվում այն գովազդները, որոնք հրապարակվելուց հետո ջնջվել են կամ որոնց համար օգտագործված էջերն այժմ արդեն գոյություն չունեն։ Հոդվածի հրապարակման պահին Meta-ում մարտի 25-ից հետո թարմացված տվյալները դեռևս հասանելի չեն։ Ինչպե՞ս է բաշխվում է այս 16,000 դոլարը. ՔՊ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անձնական էջն առաջատարն է՝ շուրջ 7,700 դոլարով։ Կուսակցության պաշտոնական էջը ծախսել է մոտ 3,000, իսկ Փարաքարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ գրեթե հազար դոլար։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բյուջեի մի զգալի մասն ուղղվում է ոչ թե սեփական քարոզչությանը, այլ՝ ընդդիմադիրների դեմ հակաքարոզչությանը։ Կեղծ էջերի ցանց՝ ընդդիմադիրներին հարվածելու համար․Ուշագրավ է, որ ՔՊ-ի և նրա հետ կապված էջերի ընդհանուր գովազդային բյուջեի ավելի քան 20%-ը՝ 3,397 դոլար, ուղղված է տարբեր էջերի ֆինանսավորմանը, որոնք հիմնականում զբաղված են ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկմամբ։ Այս ցանցի առանցքը կազմում է «C News» էջը՝ 2,737 դոլար ծախսով, որը ֆինասավորվում է Civic-ի՝ «Քաղաքացիական պայամանագրի» կուսակցական լրատվամիջոցի կողմից, ինչպես նաև, Armenian News-ը՝ 560 դոլարով և «Փրկենք հայրենիքը» էջը՝ 100 դոլարով։ Այս էջերի տարածած բովանդակությունը հազվադեպ է անդրադառնում իշխող ուժի ծրագրերին. փոխարենը՝ կենտրոնանում է ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկելու, նրանց անձնական կյանքի և նախկին կապերի մասին բացասական պատմությունների վրա և անգամ հրապարակում անհայտ ծագման «գաղտնի» ձայնագրություններ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
21:40 - 29 մարտի, 2025
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան |armenpress.am|

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է լինելու: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ընդգծեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:  «Խաղաղության համաձայնագիրը խաղաղության գործընթացի մասերից մեկն է, առաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է: Արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, երկու կողմերն էլ ընդունում են: Եվ միայն այս փաստն արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է:  Ադրբեջանի մոտեցումները, իհարկե, կառուցողական չեն այս փուլում: Բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը, մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցություններում»,- ասաց նա:  Պատգամավորն ընդգծեց, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել: Բանակցությունները տևել են 3 տարի:  «Այդ տեքստում ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանի համապատասխան մարմիններում: Եվ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը և բառերը վերլուծել ենք՝ համեմատելով նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Եվ այսօր հասել ենք այդ արդյունքին: Մնացածը դուք տեսնում են, տեսնում եք, թե Ադրբեջանն ինչպես է արձագանքում: Բայց դուք նաև պետք է նկատեք, թե մյուսներն ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին: Սա ևս կարևոր է»,- ասաց նա:  Եղոյանը հավելեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը կարող է ապակառուցողական արձագանքել, բայց թե ինչպես աշխարհը դա կընկալի, ինչպես միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես կդիրքավորվեն, դրանից է նաև կախված՝ բանակցությունները, խաղաղության գործընթացը հաջողո՞ւմ են, թե՞ չեն հաջողում: «Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասաց պատգամավորը՝ կրկնելով, որ փաստաթուղթը ստորագրելը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է:  Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։   
12:52 - 28 մարտի, 2025