tert.am: Վերջին շրջանում ինչ տեղի է ունենում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է մեզ համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` անդրադառնալով երեկ Հայաստան-Իտալիա խաղում Հայաստանի ազգային հավաքականի 9-1 հաշվով պարտությանը:
«Այս պարտությունը որևէ բացատրություն, արդարացում չունի»,-ասաց Մկրտչյանը:
«Թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: հետրաբար մեղավոր են բոլորը, և թիվ մեկ պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է»,-ասաց Մկրտչյանը:
Հարցին` ՀՖՖ գործկոմն ունի՞ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջ, Արեն Մկրտչյանը պատասխանեց.
«Դեռ մեր օրակարգում նման հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք»:
Հարցին` այդ դիրքորոշմանը նպաստե՞լ է իրողությունը, որ Արթուր Վանեցյանն այլևս իրենց (իշխող քաղաքական խմբի) թիմի անդամ չէ, Արեն Մկրտչյանը պատասխանեց.
«Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: ԱԱԾ տնօրենը երբևէ որևէ թիմի անդամ չի լինում»:
Նա նաև հայտնեց, որ ՀՖՖ գործկոմն ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ դնելու ուղիղ լիազորություն չունի, բայց կարող է ժողով հրավիրել և այդ հարցը բարձրացնել:
comment.count (0)