Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|
17:46 - 14 մայիսի, 2025

Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին: 

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ  հաղորդակցության բաժինը մասնավորապես նշել է.

«Հայաստանի Գավաթի՝ 2025թ. մայիսի 13-ին կայացած եզրափակիչ խաղի ընթացքում արձանագրվել է անթույլատրելի միջադեպ։ Մասնավորապես, անվտանգության ապահովման համար ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող անձանցից մեկը անհամաչափ ուժ է կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որը խաղի ավարտին մտել էր խաղադաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խիստ դատապարտում է նման վարքագիծը և այն համարում անընդունելի. որևէ մեկի կողմից անհամաչափ ուժի կիրառումը խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում հակասում է ՀՖՖ կողմից որդեգրված կանոններին և արժեհամակարգին։ ՀՖՖ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ երաշխավորելու բոլոր խաղերին անվտանգ և մարդասիրական միջավայր, հատկապես՝ մեր երիտասարդ երկրպագուների համար։ Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի համար, և վստահեցնում ենք, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով»:

Առաջին հայկական ճակատ երկրպագուական շարժումը հայտարարություն և տեսանյութ էր տարածել՝ պնդելով, որ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղի ավարտից հետո դաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն է կիրառել ՀՖՖ-ի անվտանգության պետը։ 

Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ-ն կազմված փաստաթղթերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել