Մայր Աթոռը հորդորում է զոհված զինծառայողի մորն առնչվող քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ
13:09 - 22 մայիսի, 2023

Մայր Աթոռը հորդորում է զոհված զինծառայողի մորն առնչվող քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում:

Հորդորում ենք իշխանության պատկան մարմիններին, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները և զգայունությունները, քրեական գործի քննությունը իրականացնել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաև նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար և մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել