Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական և վարչական կյանքին առնչվող հարցեր։
17:39 - 05 նոյեմբերի, 2024
Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. Գարեգին Բ

Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: ««Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։ 2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։ «Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։ Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։ ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների, մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։ Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։«Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։ ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար»,-ասված է հայտարարության մեջ։
15:44 - 31 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ադրբեջանը շարունակում է ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին ներկայացրեց տարածաշրջանում առկա կացությունը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ Ադրբեջանը ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամաբ և մարդու իրավունքների խախտմամբ շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում Հայաստանին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև հայ ժողվրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին՝ կարևորելով միջազգային տարբեր իրավական կառույցների գործուն քայլերի ձեռնարկումը Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության, մինչ օրս Բաքվում պահվող գերիների վերադարձման, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, ինչպես և արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների դատապարտման ուղղությամբ։ Հայոց Հովվապետը նաև իր գնահատնքը հայտնեց տիկին Ֆերնանդես դե Գուրմենդիին արդարադատության ոլորտում ներդրած ջանքերի և հայ ժողովրդի զավակների իրավունքների պաշտպանության համար։ Զրույցի ընթացքում տիկին Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդին Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ իր ացի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանին միջազգային քրեական իրավունքի և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քննարկելու Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ գործակցության ընդլայնումը։
12:39 - 23 հոկտեմբերի, 2024
Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը. Վեհափառ

Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը. Վեհափառ

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ նախանձախնդրորեն գործել է իբրև ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատվո նախագահի նոր հանգամանքով պետք է շարունակի իր նվիրյալ ծառայությունը բերել Միությանն ու հայ ժողովրդին։ Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակությամբ ընդգծեց նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգօգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդությունն ի նպաստ Բարեգործականի առաքելության արգասավորման։ ՀԲԸՄ նախագահությունը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց տիար Սեմ Սիմոնյանին։ Անդրադառնալով նոր սերնդի կրթության և տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում տիար Սիմոնյանի նշանակալի ավանդին՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինս նույն նախանձախնդրությամբ ու մեծ փորձառությամբ կղեկավարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ Բարեգործականի ավանդներին, նոր ձեռքբերումներով կպայծառացնի նվիրական հաստատության դարավոր բարի համբավն ու հեղինակությունը։ Իր խոսքում Հայոց Հովվապետը, անդրադառնալով ՀԲԸՄ հայրենաշեն և եկեղեցանվեր գործունեությանը, ի մասնավորի նշեց․ «Բոլոր ժամանակներում, հատկապես մեր ժողովրդի համար ծանր և փոթորկալի իրավիճակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, համաձայն Միության հիմնադիրների տեսիլքի, իր կարելիություններն ի սպաս է դրել ազգիս կարիքավոր զավակների հոգածության ու խնամքի համար։ Միությունը հայության ու հայրենյաց կյանքի անհրաժեշտություններից ելնելով հետագային առանձնակիորեն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփյուռք-Հայաստան կապերի սերտացմանը և մեր ժողովրդի ինքնության պահպանմանը»։ Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին, թե՛ խորհրդային տարիներին և թե՛ անկախ պետականության վերահաստատումից հետո, ինչպես նաև գովարժան ծրագրեր իրականացրել հանուն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շենացման ու զորացման։ «Վերջին շրջանի աղետալի իրադարձությունների պայմաններում Միությունը կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված հայորդիներին։ Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնություններ ևս իրականացվում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցության, նրա անդամների սիրահոժար հանձնառությունների շնորհիվ»,-նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Միության սատարումով Հայաստանում գործող Հայորդյաց տներում հազարավոր երեխաներ բացահայտում են իրենց ունակություններն ու շնորհները, կրթվում և դաստիարակվում ազգասեր ու հայրենանվեր ոգով։ Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին․ «Նման կացության մեջ մտահոգիչ են ազգային կյանքում տիրող անհամերաշխությունն ու պառակտվածությունը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփյուռք հարաբերությունների բնականոն զարգացման, առկա լրջագույն հիմնախնդիրների դիմագրավման և ազգային ինքնության պահպանման համար, առաջնահերթություններ, որ մշտապես եղել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեության առանցքում»։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պիտի շարունակի ջանքեր գործադրել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ՝ օգտակար ծառայություններ մատուցելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին ու հայրենիքին։ Վերջում Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Միության Հոգաբարձուների խորհրդի և կենտրոնական վարչության անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրյալի զորակցությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն իր պատվական առաքելության և օրհնյալ ծառայության ճանապարհին։
14:08 - 15 հոկտեմբերի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է նրան եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի պաշտոնը ստանձնելու առիթով։  «Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, իր օրհնությունը բերելով Սրբազան հորը, մաղթեց Աստծո օգնականությունն ու առաջնորդությունը պատասխանատու առաքելության մեջ՝ ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ։  
17:32 - 24 սեպտեմբերի, 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան թեմերի առաջնորդների և Մայր Աթոռում սպասավորող եպիսկոպոսների ժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։   Ողջունելով ժողովականներին` Նորին Սրբությունը ուրախությամբ ընդգծել է, որ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստական աշխատանքները ամփոփման փուլում են։  Այնուհետև զեկույցով է հանդես եկել Մյուռոնօրհնության, Մայր Տաճարի վերաօծման և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ ներկայացնելով հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքները։ Տեղեկացվել է, որ սրբազան արարողություններին մասնակցելու են Հայաստանից ու Սփյուռքից բարձրաստիճան եկեղեցականներ, ազգային կյանքում նշանակալի դերակատարություն ունեցող հայորդիներ, Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կազմակերպությունների պատվիրակներ, պետական, դիվանագիտական, հասարակական, գիտակրթական, մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, այլև ուխտավորներ և հյուրեր: Արարողությունների իրազեկման համար պատրաստվել ու հրապարակվել են հոլովակներ, հանրապետության տարբեր շրջաններում տեղադրվել են իրազեկող պաստառներ, հրատարակվել են ճանաչողական գրքեր, հանրամատչելի գրքույկներ և թերթոններ։ Համաձայնություն է ձեռք բերվել ԶԼՄ-ներով Մայր Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության առթիվ լուսաբանող հեռուստահաղորդումների կազմակերպման համար։   Անդրադարձ է կատարվել սրբազան արարողություններին հավատացյալ հայորդիների հասանելիությունն ապահովելու նպատակով ձեռնարկված տեխնիկական աշխատանքներին, որի շրջանակներում հասարակական կարգի պահպանության մարմինների հետ կանոնակարգվելու են երթևեկության ու անվտանգության հետ կապված խնդիրները։ Զեկույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարականներ են տրվել թեմակալ առաջնորդներին առավել ջանքեր գործադրել սրբազան արարողություններին ուխտավորների մասնակցությունը դյուրացնելու համար։   Մասնակից եկեղեցականները իրենց ուրախությունն ու գոհունակությունն են արտահայտել սպասվող հոգենորոգ իրադարձությունների առթիվ։ Ժողովը եզրափակվել է աղոթքով: 
15:27 - 12 սեպտեմբերի, 2024
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։ «Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։ Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորեց միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։ Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։ Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։ Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվեց նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների  առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:15 - 11 սեպտեմբերի, 2024
Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ 2026 թվականից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվի

Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ 2026 թվականից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան չի դասավանդվի

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներին՝ առաջնորդությամբ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։   Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:   Հանդիպմանը Հայր Սուրբը շնորհակալություն հայտնել է Վեհափառ Հայրապետին Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանդեպ ցուցաբերած մշտամնա հոգածության և ուշադրության համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցնող տարիների ընթացքում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները նվիրումով են իրականացրել իրենց աշխատանքը և նպաստել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի արդյունավետ դասավանդմանը։ Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին տարիների նվիրյալ ու ջանադիր ծառայության համար՝ վերստին անդրադարձավ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությանը և մատաղ սերնդին ազգային-հոգևոր արժեհամակարգով կրթելու հրամայականին։ Նորին Սրբությունը ցավով արձանագրել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թ.-ից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատել է թեմերում պատանի հայորդիների քրիստոնեական դաստիարակության զորացումը, որին իրենց տարիների հարուստ փորձառությամբ կարևոր ծառայություն կարող են մատուցել ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները։
19:48 - 11 հուլիսի, 2024
Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակումը

Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակումը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը: «Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրեց, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։ «Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա  սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասաց Հայր Շահեն։ Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Տոնո սարկավագ Ղազարյանը։ Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետըպարգևներ հանձնեց ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին: Ցերեկույթն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռի տարեգրության մեջ արձանագրվել է արդյունավոր ուսումնառության, գիտելիքների ամբարման ու հոգևոր զարգացման ևս մեկ տարի։ Անդրադառնալով ճեմարանի 150-րդ տարեդարձին՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց․ «Մեծ հոբելյանը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է հոգևոր-կրթական հաստատությունների կոչման ու առաքելության և դարավոր ավանդների պահպանության կարևորությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Հայրապետը, ինչպես մշտապես մեր Եկեղեցին, կրթության մեծ ջատագովն ու խրախուսողն էր, առավել ևս՝ հոգևոր կրթության, որը պայմանն է  բարոյական արժեքներով առողջ հասարակության կազմավորման, մարդկային կյանքի աստվածօրհնյալ ընթացքի»։ Նորին Սրբությունը հավելեց, որ մեկ և կես դար շարունակ Գևորգյան ճեմարանը՝ հակառակ հայ ժողովրդի ապրած ծանր տարիների և կրած մեծ դժվարությունների, կրթել է արժանավոր եկեղեցականների և մտավորականների սերունդներ, ովքեր ազգային կյանքում վառ են պահել հոգևոր լույսի ջահը, առաջնորդել ազգի զավակներին և զարկ տվել նրանց առաջադիմությանը։  Հայոց Հովվապետը ընդգծեց նաև հոգևորականների առաքելության կարևորությունը ներկա ժամանակներում․ «Հայրենի մեր երկրի առջև այսօր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ազգային արժանապատվության շարունակ ոտնահարման և խորացող հուսալքության մտահոգիչ երևույթները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից։ ․․․Անտարակույս, մեր կյանքի հավատավոր ու հայրենասեր ընթացքով, անձնդիր, բոլորանվեր ծառայությամբ ու սկզբունքային կեցվածքով պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած ներկա բարդ ժամանակների խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները հայրենական մեր կյանքում։ Հավատում ենք, որ  իբրև Եկեղեցի՝ մեր Տիրոջ առաջնորդությամբ և մեր ժողովրդի միասնական ջանքերով, անպարտ ու զորավոր ոգով պիտի կարողանանք գտնել դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ առաջնորդող ուղիները»։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շեշտեց, որ մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ, ամուր պահելով հավատը,  քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը և հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից։ Այս առնչությամբ Հայրապետը հորդորեց ապագա եկեղեցականներին իրենց ծառայությամբ հայորդիների սրտերում հաստատել սիրո, հույսի, հավատի տերունապարգև շնորհները և սեփական օրինակով առատացնել հավատարմությունն ու նվիրումը հայրենիքի, հայի ինքնության ու ազգային սրբությունների նկատմամբ։  Ամավերջյան փակման հանդիսության առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տեսչական անձնակազմին և դասախոսներին՝ թելադրելով վերջիններիս հոգևոր կրթօջախի դերի ու կարևորության բարձր գիտակցությամբ շարունակելու կրթել հավատավոր, եկեղեցասեր ու հայրենասեր հոգևորականներ և Աստծո Խոսքի անհոգնաբեկ ավետարանողներ։ Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Բարձրյալն առավել պայծառացնի ճեմարանականների միտքն ու հոգին, ամուր պահի հավատի և աննահանջ՝ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան կոչման մեջ։  Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված,  որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղություն և անվտանգություն պարգևի հայրենի մեր երկրին, բարօր  կյանք՝ աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:10 - 28 հունիսի, 2024
Գարեգին Բ-ն շարունակել է կոչեր հնչեցնել Փաշինյանի հրաժարականի մասին․ Պետքարտուղարության զեկույցը

Գարեգին Բ-ն շարունակել է կոչեր հնչեցնել Փաշինյանի հրաժարականի մասին․ Պետքարտուղարության զեկույցը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որում, անդրադարձ կա նաև Հայաստանին։ Նշվում է, որ 2023թ․ ընթացքում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնյաները շարունակել են մասնակցություն ունենալ քաղաքացիական դիսկուրսի մեջ առանց սահմանափակումների։ «Ըստ մեդիա հրապարակումների՝ Կառավարության և ՀԱԵ-ի հարաբերությունները շարունակել են լինել «կոնֆրոնտացիոն» և երկու կողմերի հրապարակային հռետորաբանությունն էլ եղել է բացասական»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ Առաքելական եկեղեցու պաշտոնյաները հայտարարություններ են արել՝ արտահայտելով ՀԱԵ դժգոհությունը ԼՂ հակամարտության մասով ՀՀ կառավարության գործողությունների, ինչպես նաև «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացը դպրոցական ծրագրից հանելու վերաբերյալ։ «Կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակել է պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասվում է զեկույցում ու հավելելով նշվում Փաշինյանի հայտարարությունը՝ եկեղեցու՝ կուսակցություն հիմնելու մասին։ Զեկույցում անդրադարձ կա նաև հրեական սինագոգների վրա հարձակումներին, ինչպես նաև Հայաստանում կրոնական կազմակերպությունների ու դրանց անդամների հանդեպ վերաբերմունքին։
10:43 - 27 հունիսի, 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած յոթ նորաօծ հոգևորականների հետ՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնոհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի: Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, հայցելով Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը՝ Մեսրոպ Սրբազանը ներկայացրեց նորաօծ քահանա հայրերին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելությունն արդյունավորվում է նվիրյալ հոգևորականների շնորհիվ և պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվեր և անձնազոհ կերպով։ Վեհափառ Հայրապետը նաև հորդորեց նորաօծ հոգևորականներին չընկճվել դժվարությունների և փորձությունների առջև, անմնացորդ նվիրվել իրենց ծառայությանը, կրթել և դաստիարակել հայորդիներին, նրանց մեջ սերմանել հավատքն առ Աստված, սերն առ հայրենին և Սուրբ Եկեղեցին։ Հանդիպման ընթացքում նորընծա քահանա հայրերը ևս իրենց երախտագիտության խոսքն ուղղեցին Նորին Սրբությանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի հույսերը և անսակարկ ծառայել Երկնավոր Տիրոջն ու հայ ժողովրդին:
09:38 - 17 հունիսի, 2024