Շտապբուժօգնության ենթակայանները հիմնանորոգվում են
11:10 - 02 դեկտեմբերի, 2019

Շտապբուժօգնության ենթակայանները հիմնանորոգվում են

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի շտապբուժօգնության 1-03 ծառայությունն օրվա ընթացքում սպասարկում է միջինը 750 կանչ: Որպեսզի բժիշկները հնարավորին արագ տեղ հասնեն՝ Երևանի վարչական շրջաններում գործում է ծառայության 7 ենթակայան: Շահագործման հանձնելուց հետո ավելի քան 30 տարի դրանք չէին հիմնանորոգվել: Այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեից ենթակայանների նորոգման համար քաղաքապետարանը գումար հատկացրեց: Այժմ 5-րդ ենթակայանում շինարարական եռուզեռ է:

«5-րդ ենթակայանն ունի մոտ 100-ից ավելի աշխատակից: Մինչև Ամանոր ենթակայանի մեծ մասը նորոգված կլինի»,-նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այս ծավալի աշխատանքներ երբևէ չէին կատարվել: Ընթացիկ տարվա բյուջեով ևս մեկ ենթակայարան պետք է նորոգվի: Ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի, և բոլոր ենթակայանները կնորոգվեն»,- ասում է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

6-րդ ենթակայանի նորոգումն արդեն ավարտվել է: Բժիշկների, վարորդների, ընդհանրապես շուրջօրյա հերթափոխով աշխատող բուժանձնակազմի համար ենթակայանների նորոգումն առաջնահերթ էր: Անձնակազմն այժմ հանգստի մի քանի րոպեն անցկացնում է հարմարավետ սենյակներում: Առաջիկայում կթարմացվի նաև գույքը:

«Ակնկալվում է, որ աշխատանքները նաև ծառայության որակին կանդրադառնան, որովհետև շատ կարևոր են բժիշկների և սպասարկող անձնակազմի համար լավ պայմանները»,- նշում է Կամսար Բաբինյանը:

Երևանի շտապբուժօգնության ծառայությունում նախկին 36-ի փոխարեն գործում է 53 բրիգադ. 50-ը` գծային և վերակենդանացման, 2-ը՝ ֆելդշերական, ևս մեկը՝ հոգեբուժական: Մինչև տարեվերջ բոլորը բրիգադները կունենան նաև նոր համազգեստ:

Առողջապահության ոլորտում ներդրումները վերջին մեկ տարում զգալիորեն ավելացել են: Ժամանակակից և բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի 2020թ. բյուջեով շուրջ 250 մլն դրամ է նախատեսվում հատկացնել բուժհաստատությունների նորոգմանը՝ 2019-ի 150 մլն դրամի համեմատ:

Այս ծախսերը ներառում են նաև ենթակայանների նորոգումը: Սա, իհարկե, առայժմ նախագիծ է, որն ավագանին առաջիկայում պետք է քննարկի ու հաստատի: Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև նոր սարքավորումներով համալրել բուժհաստատությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել