Զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ՊՆ պաշտոնյան ստացել է 6 մլն դրամ կաշառք. նա և կաշառատուն ձերբակալվել են
20:15 - 28 հուլիսի, 2023

Զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ՊՆ պաշտոնյան ստացել է 6 մլն դրամ կաշառք. նա և կաշառատուն ձերբակալվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու առերևույթ հանցանքի մասին վկայող փաստեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Գ.-ն 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ Ս. Ա.-ի հետ: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Գ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար Ա. Գ.-ից պահանջել և 2023 թվականի ապրիլի 14-ին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք:       

Ըստ աղբյուրի՝ կաշառք ստացած ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված Ա.Գ.-ն հուլիսի 27-ին ձերբակալվել են: Նույն օրը Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նշվում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՊՆ պաշտոնատար անձի՝ Ս. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է: Ա. Գ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 8 միլիոն ՀՀ դրամ գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել