Վագիֆ Խաչատրյանի դեպքն ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է․ Արցախի նախագահ |tert.am|
10:41 - 07 օգոստոսի, 2023

Վագիֆ Խաչատրյանի դեպքն ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է․ Արցախի նախագահ |tert.am|

tert.am: Ցանկացած առաջարկության հիմքում պետք է նաև դիտվի մեր անվտանգությունը և Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը հենց ապացույց է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, և ամենածանր հոդվախներով փորձում են մեղադրել, ապա պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել», - ասաց նա:

ԱՀ նախագահի խոսքով՝ իրենք փորձում են ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի միջոցով տեղեկություններ ստանալ Վագիֆ Խաչատրյանի վիճակից։

 

«Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երևան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք, Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է և հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում, մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձում հետագայում վարվել մնացածների նկատմամբ», - ընդգծեց նա:

Հարցին, թե որն է Արցախի պատասխանն այն փաստին, որ Ադրբեջանը չի թաքցնում իր հետաքրքրությունը նաև Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների նկատմամբ և անգամ պահանջում է կազմալուծել պատական ինստիտուտները, Հարությունյանը նշեց, որ պատասխանն իրենց առօրյա աշխատանքն է, Սահմանադրությամբ ստանձնած իրենց պարտականությունների իրականացումը։

Դիտարկմանը, որ Բաքուն Արայիկ Հարությունյանին մեղադրում է՝ պնդելով, որ ժողովուրդն ունի այլ կարծիք ու ուզում է հպատակվել Ադրբեջանին, մինչդեռ իշխանությունները դեմ են, ԱՀ նախագահը պատասխանեց, որ ոչ միայն Բաքուն է մեղադրանքներ հնչեցնում, այլև ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են մեղադրել Ադրբեջանի քաղաքականությունն իրականացնելու համար, մինչդեռ երկուսի դեպքում էլ նպատակն Արցախի պետական ինստուտները քանդելն է։

«Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական շահերին, մեր Շարժման տրամաբանությանը, ինքնորոշման իրավունքներին, կայացվելու է կոնսեսուսային»,-հավաստիացրեց Արայիկ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել