armeniasputnik.am: Ռուսաստանը կշարունակի օգնել ՀԱՊԿ դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում սպառազինության մատակարարմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Չնայած Եվրոպայում տիրող բարդ իրավիճակին` ահաբեկչության դեմ պայքարն ու Ռուսաստանի դաշնակիցներին տրամադրվող օգնությունը շարունակում է մնալ ՌԴ ՊՆ–ի առաջնահերթ խնդիրը։ Այդ աջակցությունը նախկինի պես ներառելու է կադրերի նախապատրաստում, համատեղ զորավարժություններ, զորքի պատրաստում, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում», – ասել է նա միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովի շրջանակում։
ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ-ի գծով ՌԴ դաշնակիցների անվտանգությունը ՌԴ ռազմական գերատեսչության աշխատանքի առանցքային առաջնահերթությունն է։ Քանի որ Աֆղանստանի տարածքում սաստկանում է ահաբեկչական կազմակերպությունների ազդեցությունը, դա Կենտրոնական Ասիայի համար անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։
«Արևմտյան երկրներն աստիճանաբար ավելի ակտիվ են փոխգործակցում տարբեր ազգային ոչ փուշտունական զորամիավորումների հետ։ Նրանց գործողությունների գաղափարը հասկանալի է», – հայտարարել է նա։
Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորագույն գործընկերներից մեկը Հնդկաստանն է, որի հետ ՌԴ-ն պատմականորեն առանձնահատուկ հարաբերություններ ունի, իսկ Վիետնամի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի հետ գաղութատիրության դեմ պայքարի համատեղ փորձ ունեն։
Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։
comment.count (0)