Իտալիայի բարձրագույն խորհրդի պատվիրակության այցը Վճռաբեկ դատարան
13:10 - 27 նոյեմբերի, 2019

Իտալիայի բարձրագույն խորհրդի պատվիրակության այցը Վճռաբեկ դատարան

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը նոյեմբերի 26-ին ընդունեց Հայաստան ժամանած Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանը՝ փոխնախագահ Դավիթ Էրմինիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը և քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Երվանդ Խունդկարյանը շեշտեց տարբեր երկրների հետ համագործակցության կարևորությունը միջազգային լավագույն փորձի փոխանակման առումով: Նա իր խոսքում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը, պալատների գործունեության մեխանիզմները, պալատների կողմից բողոքների քննության և որոշումների ընդունման ընթացակարգերը, անդրադարձավ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի ինստիտուտի կարևորությանը:

Հյուրերը հետաքրքրվեցին Հայաստանի վճռաբեկ դատարանի կառուցվածքով, դատական իշխանության մեջ ունեցած դերով, Վճռաբեկ դատարան ներկայացվող տարեկան բողոքների քանակով:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն իտալացի գործընկերներին ներկայացրեց պալատի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր:

Քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն էլ իր հերթին նկատեց, որ այսօր Հայաստանը գտնվում է դատաիրավական բարեփոխումների փուլում, որով նախատեսվում են լուրջ կառուցվածքային փոփոխություններ, օրենսդրական դաշտի վերանայում, և այդ իմաստով շատ են կարևորում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Նա նաև նկատեց, որ քսան տարիների գործունեության ընթացքում Վճռաբեկ դատարանը մեծ դերակատարություն է ունեցել ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև իրավունքի գերակայության զարգացման գործում:

Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցադրումները բազմաբովանդակ էին և առարկայական: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև դատական իշխանություն-հանրություն շփումների արդյունավետ կազմակերպմանը, հանրային վստահության բարձրացմանը, դատավորի հեղինակության պաշտպանությանն ու կարգապահական վարույթներին առնչվող հարցեր:

Ամփոփիչ իր խոսքում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին կառուցողական քննարկման համար՝ հույս հայտնելով, որ Իտալիայի դատական իշխանության հետ հետագա համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել