Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից |civilnet.am|
06:24 - 01 նոյեմբերի, 2019

Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետերերը ընկերության մասնավորեցումից հետո փոփոխվել են։ ԶՊՄԿ-ում խոշոր մասնակցություն ունեցող բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքը 2017-ին ամբողջությամբ վաճառեց իր բաժնեմասերը մի ընկերության, որի սեփականատերերը կապվում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի հետ։ Հեղափոխությունից հետո Կոմբինատում դարձյալ բաժնետեր է փոխվել։

Պղնձամոլիբդենայինի մասնավորեցումը. Cronimet vs Comsup

2004-ին Հայաստանի կառավարությունը մասնավորեցրեց պետական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այդ որոշմամբ՝ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 60 տոկոսն օտարվեց գերմանական «Քրոնիմետ» (Cronimet) ընկերությանը, 15 տոկոսը՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, 12,5-ական տոկոս բաժնեմասեր էլ օտարվեցին «Զանգեզուր մայնինգ» ՍՊ և «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՍՊ ընկերություններին։ Այս ընթացքում Կոմբինատում տեղի են ունեցել բաժնետերերի խոշոր փոփոխություններ։

Մինչ կոմբինատի մասնավորեցումը՝ 2004-ի մարտի 11-ին կառավարությունը ստեղծել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է նախապատրաստեր մասնավորեցման գործընթացը, հետագայում ներդրումային մրցույթ կազմակերպեր և այլն։

Պետական գույքի կառավարման կոմիտեից ՍիվիլՆեթին պատասխանել են, որ ԶՊՄԿ-ն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ․ ծրագրի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։ Միևնույն ժամանակ՝ Կոմիտեից հայտնել են, որ «ներդրումային մրցույթին ներկայացված հայտերի վերաբերյալ փաստաթղթերը Պետգույքի կառավարման վարչության սկավառակում առկա չեն»։

ԶՊՄԿ-ի բաժնեմասերը ձեռք բերելու համար ներկայացվել է երկու հայտ՝ գերմանական «Քրոնիմետ» և ամերիկյան «Քոմսափ» (Comsup) ընկերությունների կողմից։ Գերմանական ընկերությունն առաջարկել է 132 միլիոն դոլար՝ բաժնետոմսերը գնելու համար ու պատրաստ է եղել գնել բաժնետոմսերի 50-100 տոկոսը։ Ամերիկյան «Քոմսափն» առաջարկել է 130 միլիոն դոլար ու, ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի, ներդրումային ծրագրից պարզ է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է եղել հանքաքարի վերամշակման վրա։ Հետագայում բանակցություններ են սկսվել երկու ընկերությունների հետ, և կառավարությունը հավանություն է տվել «Քրոնիմետի» ներդրումային ծրագրին։

Ովքեր են ԶՊՄԿ բաժնետերերը

ԶՊՄԿ-ի ամենախոշոր բաժնետերը՝ «Քրոնիմետը», մասնավորեցումից հետո աստիճանաբար մեծացրել է իր բաժնեմասը՝ 60 տոկոսից հասցնելով 75 տոկոսի։ Սա կատարվել է գերմանացիների կողմից ԶՊՄԿ-ի մեկ այլ բաժնետիրոջ՝ «Մաքուր երկաթի գործարանի» բաժնեմասերը ձեռք բերելուց հետո։ «Մաքուր երկաթի գործարան» ընկերության 2014-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրեն և խոշոր մասնակից Գենիկ Կարապետյանը և նրա որդին՝ Դավիթ Կարապետյանը, սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնեմասերը վաճառել են գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ-ին, որը «Քրոնիմետ» խմբի մեջ մտնող ընկերություն է։ Գործարքը կայացել է 2014-ի մայիսին։

Գենիկ Կարապետյանի բաժնեմասը ընկերությունում 38,2 տոկոս էր։ 2014-ի վերջին «Մաքուր երկաթի գործարանի» երկու նշանակալից բաժնետերերը «Քրոնիմետի» հետ փոխկապակցված գերմանական երկու ընկերություններ էին՝ «Քրոնիմետ երկաթաձուլվածքների առևտրային ընկերությունը»՝ 50,979 տոկոս բաժնեմասով և «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 44 տոկոս բաժնեմասով։ «Մաքուր երկաթի գործարանի» գործադիր տնօրենը Կարեն Հակոբյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, ԶՊՄԿ-ի տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանի եղբայրը։

Արդեն 2015-ի սկզբին «Մաքուր երկաթի գործարանի» տնօրենների խորհուրդը հավանություն է տվել, որ «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ-ն ձեռք բերի նաև ընկերության փոքր բաժնետերերի բաժնետոմսերը։ ԶՊՄԿ-ում «Քրոնիմետ մայնինգ» ընկերության բաժնեմասերին հետագայում գումարվել են «Մաքուր երկաթի գործարանում» «Քրոնիմետ հոլդինգի» ձեռք բերած բաժնեմասերը և կազմել 75 տոկոս։ 

Շարունակությունը՝ civilnet.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել