ԶՊՄԿ-ն փորձ է անում լռեցնել լրատվամիջոցին. Գոհար Հայրապետյան
14:40 - 21 նոյեմբերի, 2019

ԶՊՄԿ-ն փորձ է անում լռեցնել լրատվամիջոցին. Գոհար Հայրապետյան

Հեռուստահաղորդավար Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իր դեմ։ Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այն, ինչ հիմա գրելու եմ, խիստ անձնական է: Ես չեմ սիրում այս թեմայով խոսել: Իմ հայրը՝ Լոմոնոսովի համալսարանն ավարտած տաղանդավոր երկրաբան է եղել՝ հաշվարկել է ոսկու և մոլիբդենի պաշարները: Աշխատել է Սոթքի ոսկու հանքում: Հայրս մահացել է քաղցկեղից, երբ ես և քույրս 1 տարեկան ենք եղել: Եվ դա շատ խոր հետք է թողել իմ ողջ անհայր մանկության և պատանեկության վրա: Հետագայում քաղցկեղից մահացել են Կապանում և Քաջարանում ապրող հայրական կողմի գրեթե բոլոր բարեկամներս:

Եվ հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը» հաղորդման ընթացքում հնչած իմ մի հայտարարության համար, որ հանքերը թալանում են ընդերքը, իսկ մեզ իբրև նվեր թողնում են պոչամբարները:

Դատական հայց է ներկայացվել նաև «1in Լրատվականին»:

Հայտնի է, որ մեր հաղորդումների շրաջանակներում մենք բազմիցս անդրադարձել ենք հանքերի խնդիրներին, պոչամբարների հասցրած սարսափելի վնասներին և հետևանքներին: Եվ այսպիսով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցը, որը բարձրաձայնում է խնդիրները և գործարքների չի գնում հանքերի և դրանց հետևում կանգնած սեփականատերերի ու բաժնետերերի հետ: Մեզ համար շատ հասկանալի պատճառներով գործընթաց է սկսվել՝ հանքերը որոշել են պատերազմ հայտարարել անկախ լրատվամիջոցներին, որոնց չեն կարողանում լռեցնել:

P.S. Պատերազմ, ուրեմն պատերազմ: Կհանդիպենք դատարանում: Ակնկալում եմ բոլոր այն մարդկանց ինֆորմացիոն, հանրային և հոգեբանական աջակցությունը, որոնք մտահոգ են այս խնդրով:»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել