Զենքի մատակարարման մրցույթի առնչությամբ գործի շրջանակում երկու քրգործ միացվել է մեկ վարույթում |armenpress.am|
15:11 - 31 հոկտեմբերի, 2019

Զենքի մատակարարման մրցույթի առնչությամբ գործի շրջանակում երկու քրգործ միացվել է մեկ վարույթում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթում կեղծ պատճառաբանություններով ռուսական «Օրսիս Արմս» ընկերության հայտը մերժելու գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա երկու քրեական գործ միացվել է մեկ վարույթում: 

«Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումի հիման վրա քրեական գործերը միացվել են մեկ վարույթում»,- ասացին դատախազությունից:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրանով էական վնաս պատճառելու դեպքի առթիվ սեպտեմբերի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԶՈՒ կարիքների համար մրցույթի միջոցով սպառազինության գծով գնում կատարելու գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրավիճակով զբաղվում են իրավապահ մարմինները, ուստի դեպքի առնչությամբ մեկնաբանություն չի կարող տալ:

Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հերքել էր «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում է բողոքի նոտա ուղարկել Հայաստանին՝ զենքի մրցույթի տապալման համար: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, թե Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված գրություն էր պատրաստել, որում մասնավորապես նշվել էր, որ ռուսական «ՕՐՍԻՍ»-ի հայտը մրցույթում մերժվել է առանց պատճառաբանության: Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ գրությունն արդեն փոխանցվել էր ՌԴ արտգործնախարարությանը և պետք է ուղարկվեր Հայաստան՝ հորդորելով դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների ընդունման վերաբերյալ: Այդուհանդերձ, ՏԱՍՍ գործակալությունն արդեն հերքել է ՌԻԱ-ի հրապարակումը:

Օգոստոսին ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել