ԱՍՀ նախարարը՝ բռնի տեղահանվածներին 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու մեխանիզմի մասին
17:27 - 29 սեպտեմբերի, 2023

ԱՍՀ նախարարը՝ բռնի տեղահանվածներին 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու մեխանիզմի մասին

Վարչապետի հայտարարությունից հետո մենք անմիջապես անցել ենք գործի, որպեսզի հնարավորինս շուտ մեխանիզմը գործարկենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 100-հազարական դրամ աջակցություն տրամադրելու ծրագրին:

«Նրանք, որոնք որ ունեն բանկային քարտեր, թոշակային, կենսաթոշակային քարտեր, նրանք միանգամից այդ աջակցությունը կստանան:

Բայց կան նաև մարդիկ, որոնք չունեն քարտային հաշիվներ, մենք պետք է նրանց նույնպես, բնականաբար, այդ աջակցությունը տրամադրենք: Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի բոլորը մաս դառնան հաշվառման գործընթացին:

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում գործելու են հաշվառման կետեր: Համայնքներում մարզպետարանների հրապարակած այդ հասցեները և հեռախոսահամարները կան, այդտեղ նույնպես այդ հաշվառումը տեղի է ունենալու: Եվ Միասնական սոցիալական ծառայության մեր տարածքային կենտրոններում ԼՂ-ի բոլոր մեր հայրենակիցները, որոնք չունեն անձնագրեր, փաստաթղթեր, պետք է գնան այնտեղ՝ ինքնանույնականացվելու:

Այնտեղ մեր գործընկերները բնակչության պետական ռեգիստրից կհանեն տվյալներ, ինքնանույնականացման գործընթացը տեղի կունենա, կտրվի տեղեկանք, այդ տեղեկանքի հիման վրա (սա վերաբերում է այն բնակիչներին, որոնք չունեն բանկային քարտեր) նրանց կսպասարկվի մեր «Հայփոստի» բաժանմունքներում, և մեր «Հայփոստի» բաժանմունքներում Միասնական սոցիալական ծառայությունից տրված տեղեկանքների հիման վրա, երբ որ կհամադրվեն տվյալները, և նույնականացումը տեղի կունենա, նրանք կկարողանան այդ աջակցությունը ստանալ:

Հետևաբար այս պահի դրությամբ նրանք, որ չեն հաշվառվել, մենք կոչ ենք անում մոտենալ ցանկում հրապարակված հասցեներում անպայման հաշվառվել, որից հետո օրերի ընթացքում մենք կկարողանանք մեկնարկել գործընթացը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ այս պահին տեխնիկական լուծումները տալու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ կգործարկվի ևս մեկ հարթակ, որտեղ ծնողները կլրացնեն իրենց երեխաների տվյալները, քանի որ 100-հազարական դրամ աջակցության շահառուները նաև երեխաներն են լինելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել