Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները
19:05 - 29 սեպտեմբերի, 2023

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության կողմից դրանց բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ անելիքները։ Վասիլիս Մարագոսն իր անհանգստությունն է հայտնել ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել