azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրին։
Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Ալիևը նշել է, որ երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, ներառյալ ռազմական ոլորտը։
Նա բարձր է գնահատել Պակիստանի կառավարության և ժողովրդի կողմից Ադրբեջանին ցուցաբերած մշտական աջակցությունը:
«Այն, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել նրա ագրեսիայի պատճառով՝ Ադրբեջանի հանդեպ եղբայրական վերաբերմունքի դրսևորում է»,- նշել է նախագահը:
Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև կա հաջող համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում և կարևորել է համատեղ զորավարժությունների անցկացումը:
Անդրադառնալով միջազգային ասպարեզում երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցին՝ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ Պակիստանի վեճում մշտապես աջակցում է Պակիստանին։
Ալիևը վստահություն է հայտնել, որ Մունիրի այցը կամրապնդի երկու երկրների համագործակցությունը։
Մունիրն, իր հերթին շնորհավորել է պետության ղեկավարին «Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում տարած հաղթանակի և այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների իրականացման գործում Ադրբեջանի հաջողության կապակցությամբ»։
comment.count (0)