Եկող տարվանից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ
09:44 - 12 նոյեմբերի, 2019

Եկող տարվանից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր հաղորդում է, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել:

«Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչև 36 միկրոնի: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նոր որակի դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխման ուղղությամբ», - նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը:

Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները: Տեխնիկական նոր պահանջներ են դրվել դրոշմապիտակների տպագրությունն իրականացնող ընկերության առջև. այն պետք է լինի նոր որակի և ավելի անվտանգ: Նոր դրոշմապիտակներն ավելի ապահով են, ունեն բարձր կպչողականություն:

Դրանք պատրաստված են բացառապես թղթային հիմքով և ընդհանրապես չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ, ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

«Ի դեպ, փակցված դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ և առանց վնասելու պոկել: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ նոր դրոշմապիտակն ավելի ամուր է կպչում ապրանքներին, և, եթե անգամ նույնիսկ այն պոկվի, և երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա», - ընդգծում է Պետեկամուտների կոմիտեի լրատվականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել