Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Այս մասին ասված է Միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ։
Հայաստանը կդառնա 124-րդ մասնակից պետությունը, որը միանում է Կանոնադրությանը, և 19-րդը Արևելյան Եվրոպայի խմբից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովը 60 կողմ 22 դեմ ձայներով ընդունել է Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:
Կառավարությունը ստատուտի ընդունումն ու դրան հետադարձ ուժ տալը հիմնավորել է նրանով, որ 2021թ. մայիսից սկսած` Ադրբեջանի զինված ուժերը, ռազմական ագրեսիա իրականացնելով, ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրել են նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրել է հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում: Այդ ընթացքում կատարվել են ծանրագույն պատերազմական հանցագործություններ:
Նշենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում։
«Հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ձերբակալման օրդերներ են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ 2023 թ. մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի՝ երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։
comment.count (0)