ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր
21:40 - 19 նոյեմբերի, 2023

ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական  ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաև՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին՝ նոյեմբերի 19-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երևանում ընթացող աշնանային նստաշրջանի «Կոռուպցիան որպես հիմնարար վտանգ աշխարհին և անվտանգությանը» թեմայով նիստի ընթացքում։ Այն վարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ Իռեն Խարալամբիդեսը:

«ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի խոսքով հասարակություններն արագորեն փոխվում են, և այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է և պետք է դառնա երկկողմանի կարևոր նպատակ: Զեկուցողը նշել է՝ հաստատություններում կոռուպցիայի դեպքերը միշտ բնութագրվում են հանրային ազնվության, վերահսկողության և անկախ դատական համակարգի բացակայությամբ: Կոնստանտին Վարձելաշվիլին նաև նկատել է՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով կոռուպցիան քննարկվում է, սակայն հազվադեպ է հայտնվում բարձր մակարդակի երկկողմ փոխանակումների օրակարգում:

ՀՀ  կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին, այդ գործում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ հաջողություններ են գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ  պայքարն ինստիտուցիոնալացվել է. ստեղծվել և գործում են մի շարք մարմիններ, որոնք պայքար են մղում լրջագույն չարիք կոռուպցիայի  դեմ:

Համաշխարհային բանկի ծրագրի համակարգող, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի գլխավոր ղեկավար Ալեքսանդրա Խաբերշոնն էլ նշել է, որ կոռուպցիան խաթարում է հիմնարկների կարողությունները հիմնական ծառայություններ մատուցելու, ցնցումներին արձագանքելու և անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Կոռուպցիան վնասում է նաև հաստատությունների նկատմամբ հանրության վստահությանը: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի խաղաղության և վերակառուցման ջանքերի հիմքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հիմնական ելույթներից հետո ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն անդրադարձել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, արձանագրված հաջողություններին՝ կոռուպցիան գնահատելով որպես չարիք ժողովրդավարության, պետական ինստիտուտների համար, մարդկության զարգացման ճանապարհին: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշել են՝ կոռուպցիան վտանգավոր է, որը ոչ միայն տնտեսական տեսանկյունից է խոչընդոտում մարդկությանը, աղքատացնում, այլև այսօր սպառնալիք է աշխարհին: Ըստ որոշ բանախոսների՝ կոռուպցիան  լրջագույն չարիք է, քանի որ մարդկության անվտանգության հետ կապված խնդիրները, հակամարտությունները հիմնականում ծագում են  կոռուպցիայի հետևանքով:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ ելույթ ունեցող պատգամավորներից շատերի դիտարկմամբ էլ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հանցագործությունները բացահայտելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է: Նշվել է՝ եթե ցանկանում ենք, որ կոռուպցիոն դեպքերը պակասեն, ապա անհրաժեշտ է շեշտը դնել մարդկանց կրթելու, նրանց իրազեկելու և մտածելակերպը փոխելու վրա՝ արդյունքում հասնելով այն հնարավորությանը, որ կոռուպցիան անհանդուրժելի լինի: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ անդամ երկրներում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, իրականացնել բարեփոխումներ, ինչպես նաև միավորել միջազգային հանրության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել