Ուսանողների դասադուլի հասցեատերը ոչ թե նախարարությունն է, այլ բուհական գիտական խորհուրդը. ԿԳՄՍ փոխնախարար |pastinfo.am|
09:43 - 06 նոյեմբերի, 2019

Ուսանողների դասադուլի հասցեատերը ոչ թե նախարարությունն է, այլ բուհական գիտական խորհուրդը. ԿԳՄՍ փոխնախարար |pastinfo.am|

pastinfo.am: Երբ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը շրջանառել ենք, առաջինը այն ներկայացրել ենք մեր գործընկեր բուհերին, որոնցից միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետն է այդ կետի հետ կապված անհամաձայնություն հայտնել։ Այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

Վերջինս մամուլից է տեղեկացել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասադուլ իրականացնող ուսանողների մասին։

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ գործող օրենքում գրված է, որ հայոց լեզուն և գրականությունը պարտադիր են։ Նոր օրենքի նախագածի աշխատանքային տարբերակում այն բացակայում է, ինչը սակայն չի նշանակում, որ այդ առարկաները բուհերում չեն դասավանդվելու. «Այդ լիազորությունը տրված է բուհերի գիտական խորհուրդներին, ամբիոններին և ֆակուլտետային խորհուրդներին։ Այսինքն օրենքում մենք դրա մասին չենք գրում, բայց եթե բուհի գիտական խորհուրդը գտնում է, որ օրինակ տնտեսագետ պատրաստելու համար իրենց ուսումնական ծրագրում պարտադիր պետք է ուսուցանեն հայոց լեզու և հայոց պատմություն, ապա նախարարությունը կամ օրենքն այստեղ արգելք չեն հանդիսանում»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։

Նրա համար անհասկանալի է ուսանողների դասադուլն այն պարագայում, երբ նախարարություն չեն ներկայացրել որևէ առաջարկ կամ դիմում, ոչ էլ հանդիպում ունենալու ցանկություն են հայտնել. «Մենք բաց ենք քննարկումների համար։ Բաց ենք կարծիքներ լսելու համար և եթե կներկայացվի այնպիսի հիմնավոր կարծիք, որին հակադարձելու արգումենտներ չենք ունենա, պատրաստ ենք նաև ընդունել նրանց առաջարկներըն օրենքի աշխատանքային տարբերակի հետ կապված»,-նշեց Գրիշա Թամրազյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նախարարությունում դասադուլ իրականացնող ուսանողների առաջարկությունների հետ կապված որևէ դիմում մուտք չի եղել։

Նա ընդգծեց, որ օրինագիծը չի արգելում համալսարաններում հայոց լեզու և հայոց պատմություն առարկաների դասավանդումը, պարզապես բարձրագույն կրթության և գիտահետազոտական օրենքի մասին նախագծից հանվում է պարտադիր պահանջը։ Փոխնախարարի խոսքով լիազորությունն անցնում է բուհերին, քանի որ նրանք են կազմում ուսումնական ծրագիրը, որն էլ վերջնական հաստատվում է գիտական խորհրդում:

Ավելին՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել