civilnet.am: Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Այդ մասին դեկտեմբերի 5-ին Երևանում անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով համաժողովին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սինհան։
«Այսօրվա համաժողովը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես Հայաստանը կարող է ակտիվացնել պատմական հաղորդակցությունները ներկա իրողություններում։ Հնդկաստանը և Իրանը սերտորեն համագործակցում են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որը Պարսից ծոցի երկրները կապում է Կասպից ծովի, ՌԴ-ի և ԵՄ-ի հետ: Հայաստանը նույնպես նախագծի մի մասն է, և մենք պատրաստ ենք աշխատել նրա հետ, հասկանալ, թե ինչպես կարող է երկիրը օգուտ քաղել այդ միջանցքի գործարկումից»,- ասել է Սինհան։
Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում նաև ողջունել են Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրի մասնակից դառնալու Հայաստանի որոշումը։ 2023-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջազգային բեռնափոխադրումների գործարկման և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։
«Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման (խոսքը «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային ճանապարհի մասին է – խմբ.): Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով: Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը»,- ասել է Նիլակշի Սինհան։
comment.count (0)