«Ես Տիգրան Ավինյանին տեղեկացրել եմ կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին»․ Սարհատ Պետրոսյան |aysor.am|
15:25 - 05 նոյեմբերի, 2019

«Ես Տիգրան Ավինյանին տեղեկացրել եմ կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին»․ Սարհատ Պետրոսյան |aysor.am|


aysor.am: Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը պնդում է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել է կոռումպացվածության հասնող թայֆայականության մասին։

«Ավինյանի խորհրդական հանդիսացող քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է խոշորագույն նախագծային ընկերության սեփականատեր և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր», - «Ազատության» եթերում հայտարարեց Սարհատ Պետրոսյանը։

Նա հստակեցրեց, որ խոսքն Ավետիք Էլոյանի մասին է։

«Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքնս այդ մասին ասել եմ իրեն, դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը, բերանը բաց, նայում ու ասում է՝ չհասկացանք, նունիսկ նախորդ կոռումպացված իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա հետին սխեմաներով նախագծման մասին բաց չէր հայտարարում», - ասաց նա։

Սարհատ Պետրոսյանն ասաց, որ պաշտոնյան, որը Հայաստանում որևէ գործունեություն չի իրականացրել, նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը։


«Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել ու ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է», - ասաց նա։

Սարհատ Պետրոսյանը նշեց՝ եթե իրավապահ մարմինները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինի՝ իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմն ինչ գործունեություն է ծավալում, ապա կարող են գալ ու իրեն հարցնել, ինքը պատրսատ է հավելյալ փաստեր ներկայացնել։

Սարհատ Պետրոսյանը շեշտեց՝ երբ ինքը քաղաքաշինական ճարտարապետի դիպլոմ ուներ, Տիգրան Ավինյանը դեռևս դպրոցում էր սովորում։

«Իմ գործունեության ողջ ընթացքում ես, որպես փորձագետ, հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի ոչ ամենավերջին փորձագետներից մեկը: Ես կարծում եմ՝ Ավինյանից ևս երկու-երեք տարի կպահանջվի, որ նա քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ ունենա այն պատկերացումները, ինչը կունենա այն մարդը, ով ճարտարապետություն է սովորել», - նշեց Ս. Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ Տիգրան Ավինյանին մի քանի անգամ ասել է՝ այն, ինչ անում են, սխալ է։

«Ես Ավինյանին մի քանի անգամ ասել եմ՝ այն, ինչ անում եք, սխալ է, մի արեք դա, հետո խնդիրներ են լինելու», - հավելեց Սարհատ Պետրոսյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել