Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս․ ՄԻՊ ուղերձը
10:37 - 10 դեկտեմբերի, 2023

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս․ ՄԻՊ ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ:
 
Ուղերձում ասվում է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Շնորհավորում եմ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ։
 
Ամեն տարի՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային ողջ հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը. 75 տարի առաջ հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
 
Մարդու իրավունքների միջազգային օրը ևս մեկ առիթ է հատուկ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունը՝ իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:
 
Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս ու նպաստում հանրային համերաշխությանը։
 
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իր գործունեությամբ մշտապես ձգտում է հաստատել հարգանքի այդ մշակույթը՝ առաջնորդվելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության բարձր առաքելությամբ»։
 
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը:
 
Այս համատեքստում չափազանց մեծ է պետության դերը, որի պարտականությունն է ինչպես ստեղծել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ, այնպես էլ մշտապես կատարելագործել դրանք՝ իրավունքի գերակայության և իրավունքահեն արժեքների ապահովմամբ:
 
Դեկտեմբերի 10-ը՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր, նաև հիշեցում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի ձևավորել համերաշխ և հանդուրժող հասարակություն։
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա կապակցությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել