Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշման օրինականությունը |armenpress.am|
12:15 - 11 դեկտեմբերի, 2023

Հնդկաստանի Գերագույն դատարանը հաստատել է Ջամմու և Քաշմիր նահանգը հատուկ կարգավիճակից զրկելու որոշման օրինականությունը |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի Գերագույն դատարանը միաձայն կերպով հաստատել է կառավարության որոշումը՝ չեղյալ համարելու երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածի դրույթները, որով հատուկ կարգավիճակ էր շնորհվում Ջամմու և Քաշմիր նահանգին։ Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը։

Ըստ Գերագույն դատարանի՝ 2019 թվականին Հնդկաստանի խորհրդարանի կողմից հաստատված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի վերացումն իրականացվել է Սահմանադրության համաձայն։ Այսպիսով, Գերագույն դատարանը վերջ է դրել մի քանի տասնամյակ շարունակվող բանավեճերին՝ կապված Ջամմու և Քաշմիրի հատուկ կարգավիճակի հետ։

Հատուկ կարգավիճակի շնորհիվ՝ նահանգն ուներ առանձին սահմանադրություն, դրոշ և տեղի վարչակազմի ինքնավարություն։ Գերագույն դատարանի որոշմամբ՝ մինչև 2024 թ․ սեպտեմբերը նահանգում պետք է տեղական խորհրդի ընտրություններ անցկացվեն։

Դատավորներն իրենց որոշումը հիմնավորել են նրանով, որ 370-րդ հոդվածը ժամանակավոր միջոց էր, և նախագահն իրավասու էր հետ կանչել այն:

2019 թվականին Նյու Դելիի կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի չեղարկումը հանգեցրեց Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների վատթարացման։ Ջամմու և Քաշմիրն ավելի մեծ՝ Քաշմիրի շրջանի մասն է, որը 20-րդ դարի կեսերից վիճարկվում է Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել