Երևանը կընդունի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը |armenpress.am|
17:11 - 12 դեկտեմբերի, 2023

Երևանը կընդունի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Երևանում դեկտեմբերի 14-15-ը կկայանա դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է:

Նախարարական հանդիպումն անցկացվելու է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմացկուն տնտեսությունների» խորագրով և հանդիսանալու է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում:

Միջոցառմանը մասնակցելու են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարները, Զիմբաբվեի, Էսվատինիի և Լեսոթոյի տրանսպորտի նախարարները, Մալավիի զբոսաշրջության նախարարը, Պարագվայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարները, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի տրանսպորտի փոխնախարարները:

Միջոցառմանը մասնակցելու են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման,  ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատիանա Մոլչանը, ՏՐԱՍԵԿԱՅԻ Գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը:

Տեսաուղերձներով հանդես կգան ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել