Թափառող շների՝ մարդկանց վրա պարբերաբար հարձակումների առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ
16:37 - 19 դեկտեմբերի, 2023

Թափառող շների՝ մարդկանց վրա պարբերաբար հարձակումների առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ

Երևանում և ՀՀ մարզերում թափառող շների՝ մարդկանց, այդ թվում երեխաների վրա, պարբերաբար հարձակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ թափառող շները մարդկանց լուրջ վնասվածքներ են պատճառել։ Ավելին, դպրոցի ճանապարհին առկա աղբակույտի շուրջը թափառող 5 շների հարձակման հետևանքով արձանագրվել է երեխայի մահվան դեպք։

Հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումների վտանգավորության աստիճանն ու խնդրի հրատապությունը՝ Պաշտպանը, ինչպես յուրաքանչյուր դեպքով, այնպես էլ համակարգային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ է հասցեագրել իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մարդկանց վրա թափառող շների հարձակման դեպքերը կանխելու ուղղությամբ պետությունը պետք է մշակի ավելի արդյունավետ և գործուն մեխանիզմներ, որոնք առավելագույնս կնպաստեն խնդրի լուծմանը և կապահովեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Ընդ որում, նշված միջոցառումները պետք է կրեն համալիր բնույթ: Այս տեսանկյունից կարևոր է նաև համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովումը։

Խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր ու մասնագիտական քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել