Ունենալու ենք անոմալ տաք հունվար․ Սուրենյան
14:27 - 29 դեկտեմբերի, 2023

Ունենալու ենք անոմալ տաք հունվար․ Սուրենյան

Ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար, հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-ից +9 աստիճանի, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16–ից +20 աստիճանի։ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +10-ից +14 աստիճան»,- դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

Սուրենյանի խոսքով՝ Հայաստանն այժմ էլ գտնվում է արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում․ «Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է։ Առաջիկա հինգ օրերը կանցնեն նաև առանց տեղումների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել