Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հաֆիլմի» տարածքը
 |armeniasputnik.am|
11:21 - 04 հունվարի, 2024

Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հաֆիլմի» տարածքը |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ակադեմիական քաղաքի կառուցման համար որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևանի 17-րդ թաղամասը։ Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց քաղաքի ստեղծման համար Երևանի 17-րդ թաղամասի, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։

«Ակադեմիական քաղաքի կարևորությունն ու հրատապությունը պայմանավորված են որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրթությունն ու հետազոտությունը տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման նախապայման են»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է, որ որպես հիմնական տեղամաս ընտրված 17-րդ թաղամասի տարածքի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։ ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման արդյունավետությունն ապահովելու համար նպատակահարմար հիմնադրամին սեփականության իրավունքով կփոխանցվի հիմնական տեղամասի տարածքում գտնվող և «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերը։

Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։

Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական «GMP International Architects and Engineers» ընկերությունը:

Ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել